Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերցում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը՝ բնութագրելով 20 դարի սկզբին հայ ժողովրդի սպանդն Օսմանյան կայսրության երիտթուրքական իշխանությունների կողմից։
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքերը, ովքեր զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ընթացքում, ու հանձնարարություն ենք տալիս ինքներս մեզ կանխել նման վայրագության կրկնությունը երբևէ նորից: Սկսած 1915-ի ապրիլի 24-ից Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականների ու համայնքի ղեկավարների ձերբակալությունով` մեկ ու կես միլիոն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ մահվան երթի ուղարկվեցին` բնաջնջման արշավում: Մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբևէ չկորսվեն պատմության մեջ: Եվ մենք հիշում ենք այնպես, որ մշտապես զգոն մնանք ատելության քայքայիչ ազդեցության դեմ՝ իր բոլոր ձևերով», - նշել էր ԱՄՆ նախագահը:
Մինչ բայդենյան ուղերձի հղումը՝ արտասահման մամուլում, մասնավորապես ամերիկյան մամուլում, արդեն իսկ տեղեկություններ էին տարածվել ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառը օգտագործելու մտադրության մասին, ըստ երևույթին նրա համար, որ Թուրքիան ավելի «ծանր չտանի» հայտարարությունը։
Մինչ Բայդեն ուղերձ կհղեր, արդեն իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել էր, որ կոտորածները չեն կարող կոչվել «ցեղասպանություն»։ «1915-ի իրադարձությունները չեն կարող կոչվել «ցեղասպանություն»: Միջազգային իրավունքի տեսանկյունից սրա պատճառը չկա», - նշել էր Թուրքիայի օրենսդիր մարմնի ղեկավարը։
Ավելի ուշ Բայդենի հայտարարությանն անմիջապես հաջորդել էին Թուրքիայի իշխանությունների դժգոհ արձագանքները։
Թուրքիայի ԱԳ նախարարությունը երկարաշունչ հայտարարությամբ նշել էր, որ «մենք մերժում ու խստորեն դատապարտում ենք 1915-ի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որն արվեց ապրիլի 24-ին հայկական արմատական շրջանակների և հակաթուրքական խմբերի ճնշման տակ»։
ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ «նշված հայտարարությունը ո՛չ գիտական և իրավական հիմք ունի, ո՛չ էլ աջակցություն է ստանում որևէ ապացույցով: Ինչ վերաբերում է 1915-ի իրադարձություններին, ապա միջազգային իրավունքում ստույգորեն սահմանված «ցեղասպանություն» արտահայտությունն օգտագործելու համար պահանջված որևէ հանգամանք չի հանդիպում»:
«1915-ի իրադարձությունների բնույթը չի փոխվում` համաձայն քաղաքական գործիչների ընթացիկ քաղաքական դրդապատճառներից կամ ներքաղաքական նկատառումներից: Նման վերաբերմունքը ծառայում է միայն պատմության գռեհիկ խեղաթյուրմանը», - գրել էր Թուրքիայի ԱԳ նախարարությունը:
«Այս առիթով մենք կրկին հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր մահմեդական, քրիստոնեական և հրեական համայնքների անհատների նվիրական հիշողությունները, ովքեր իրենց կյանքը կորցրել են արտառոց հանգամանքների ներքո Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում: Առաջին աշխարհամարտում իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերի համար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ապրիլի 24-ին փոխանցված ուղերձը, որն ընթերցվեց նաև այս տարի Ստամբուլի Հայոց պատրիարքարանում պատարագի ընթացքում, արտացոլում է Թուրքիայի վերաբերմունքն այս հարցի շուրջ», - ընդգծել էր Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունը։
Թուրքական ԱԳ նախարարությունը ԱՄՆ նախագահին կոչ էր արել «շտկել այս ծանր սխալը, որն այլ նպատակի չի ծառայում, քան բավարարելու որոշակի քաղաքական շրջանակների և աջակցելու ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում, հատկապես թուրք և հայ ազգերի շրջանում խաղաղ գոյակցության փորձի հաստատման փոխարեն այն շրջանակների օրակարգին ծառայելուն, որոնք փորձում են թշնամանք հարուցել պատմությունից»:
Ապրիլի 24-ի առթիվ նաև Ռեջեփ Էրդողանը նամակ էր հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանին։ «Հարգանքով եմ հիշում Առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերին և կարեկցում նրանց թոռներին: Մենք բոլորս մարդկության ընտանիքի անդամներ ենք անկախ մեր էթնիկական ծագումից, դավանանքից, լեզվից կամ գույնից: Մենք դարեր շարունակ միասին խաղաղ ապրել ենք այս հողերում և խաղաղություն զգացել մեր կիսալուսնի աստղով կարմիր դրոշի ներքո», - նշել էր Թուրքիայի նախագահը:
«Եվս մեկ անգամ հարգանքով եմ հիշում օսմանյան հայերին, որոնց մենք կորցրինք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, կիսում եմ նրանց հարազատների վիշտը և իմ հարգանքներն ու ջերմ վերաբերմունքը հայտնում բոլորիդ», - եզրափակել էր Ռեջեփ Էրդողանը:
Այս նամակում Թուրքիայի ղեկավարը, ըստ էության, կրկնում է թուրքական իշխանությունների տասնամյակներ շարունակ ժխտողական պնդումները, որ կոտորածի ենթարկված «հայերը ոչ թե ցեղասպանության, այլ պատերազմի զոհեր են»։
««Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը»: Մենք որևէ բան չունենք սովորելու մեր սեփական անցյալի մասին: Քաղաքական պատեհապաշտությունը խաղաղության և արդարության ամենամեծ դավաճանությունն է: Մենք լիովին մերժում ենք միայն պոպուլիզմի վրա հիմնված այս հայտարարությունը», - թվիթերյան իր էջում անգլերեն ու թուրքերեն գրել էր Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրքիայի նախագահության անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի փոխնախագահ ու Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը նույնպես դատապարտել էր Բայդենի հայտարարությունը։ «Մենք խստորեն դատապարտում ու մերժում ենք ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որը կրկնում է այն շրջանակների զրպարտությունները, որոնց միակ օրակարգը թշնամական է մեր երկրի նկատմամբ», - թվիթերյան իր էջում գրել էր Քալընը: «Մենք առաջարկում ենք ԱՄՆ նախագահին նայել իր սեփական պատմությանն ու ներկային», - նշել էր Էրդողանի խոսնակը։
Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» (ծայրահեղական «Գորշ գայլեր» զիված խմբավորման քաղաքական թև) կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին գրել էր, որ կուսակցությունն ամբողջությամբ «մերժում է այսպես կոչված ցեղասպանության մեղադրանքն ու դատապարտում է ԱՄՆ նախագահին, ով հնչեցրեց այս մեղադրանքը»:
«Բայդենի՝ ցեղասպանության հայտարարությունը զրո է, բայց նաև քաղաքական հիմարություն և անբարոյականություն: Ճամփաբաժան է ձեռք բերվել երկրի հետ՝ հայտնի որպես դաշնակից», - իր թվիթերյան էջում նշել էր թուրք ազգայնական գործիչը:
«Բայդենի՝ սկանդալով խեղաթյուրված նկարագրությունը վտանգում է այսուհետ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները սահեցնել բոլորովին այլ միջավայրեր։ Մտածողությամբ, որը փորձում է ցեղասպանության ստվեր գցել այն երկրի վրա, որի հետ նա հաստատել է բարեկամություն ու ռազմավարական կապեր, հնարավոր է, որ ոչինչ նախկինի նման չլինի», - հաջորդող հրապարակման մեջ գրել է Բահչելին:
Թուրքիայի նախագահի լրատվության ու հաղորդակցությունների գրասենյակի ղեկավար Ֆահրեթին Ալթունը մի քանի ժամ անց՝ ապրիլի 25-ին թվիթերյան էր էջում գրել էր․ «Թյուրքիյեի [Թուրքիայի թուրքերեն անվանումը] Հանրապետությունն ու մեր նախագահը նպատակ ունեն ծառայել պատմական ճշմարտությանը, որը վերաբերում է 1915-ի իրադարձություններին: 1915.gov.tr-ը բացահայտում է հասարակության համար օգտագործելու բոլոր փաստերը, փաստաթղթերը և գիտական ռեսուրսները` պատմությունից թշնամություն ստանալուց ու նոր հակասություններ ստեղծելուց խուսափելու համար»։
Մոտավորապես նույն ժամին Էրդողանի խոսնակ Քալընը կրկին անդրադարձել էր Բայդենի հայտարարությանը։ «Մենք խստորեն մերժում ու դատապարտում ենք ԱՄՆ նախագահի անհիմն հայտարարությունը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ: Պատմությունը քաղաքականացնելը երբևէ բանական ու բարոյական գործողություն չէ: Ցավալի է, որ ՄՆ-ը զիջել է շահագրգիռ խմբին՝ պատմական փաստերը խեղաթյուրելու և ՆԱՏՕ-ի դաշնակիցին օտարելու մեջ», - գրել էր Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը:
Թուրքական արձագանքից անմասն չէր մնացել նաև նրա դաշնակից Ադրբեջանը։ Ապրիլի 24-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահի հետ։ «Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները դատապարտել են ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունը այսպես կոչված «Հայոց ցեղասպանության մասին»՝ նշելով, որ այս որոշումը սխալ է, նախագահ Իլհամ Ալիևն այն անվանեց պատմական սխալ: Նախագահը շեշտեց, որ Ադրբեջանն անընդունելի է համարում այս հայտարարությունը», - նշվել էր Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահն ասել է, որ «այս հայտարարությունը լուրջ վնաս հասցրեց տարածաշրջանում համագործակցության ձևավորվող միտումներին»:
«Նախագահը նշել է, որ Ադրբեջանը միշտ եղել է Թուրքիայի կողքին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին իր աջակցության ու դիրքորոշման համար: Նա նաև նշել է, որ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին: Պետությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին բոլոր ոլորտներում Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների եղբայրական ու բարեկամական զարգացման կապակցությամբ», - ասվել էր հաղորդագրության մեջ։
Ըստ էության, Ալիևը նույնպես շարունակել էր թուրք պաշտոնյաների ժխտողական գիծը։