Հարցազրույց

Արցախի շրջափակումը Բաքվի բացահայտ մարտահրավերն է Մոսկվային եւ ռուս խաղաղապահների նվաստացումը

Արցախի շրջափակումը Բաքվի բացահայտ մարտահրավերն է Մոսկվային եւ ռուս խաղաղապահների նվաստացումը

Անցած ամիս Հայաստանի ներքին ու արտաքին օրակարգում մի շարք հարցեր էին ծառացած․ Արցախի շրջափակում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների «կարգավորման» կամ, ինչպես փորձագետներն են բնորոշում՝ «երկրաշարժային դիվանագիտության» հարցեր, Երեւանի ու Բաքվի միջեւ «օնլայն դիպլոմատիկ» փոխշփումներ, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների եւ տարածաշրջանում արեւմտյան (ԵՄ եւ ԱՄՆ) ներգրավվածության հարցերի շրջանակ: Այս եւ այլ թեմաների շուրջ զրուցել ենք Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ:

- Լաչինի միջանցքի շրջափակումը, թերեւս, հայկական շրջանակներում քննարկվող ամենից հրատապ թեման է․ միջազգային հանրության դիրքորոշումը միանշանակ է՝ Արցախը պետք է ապաշրջափակվի, սակայն Բաքուն ընդդիմանում է։ Փաստն այն է, որ համաշխարհային հանրության ջանքերը դեռեւս անպտուղ են, եւ արցախահայությունը ճգնաժամի մեջ է։ Ի՞նչ անել։

- Արցախի պաշարումը եւ Լաչինի միջանցքին Բաքվի միջամտությունը միայն վերջինն է ադրբեջանական գործողությունների շարքում, որոնք սրեցին լարվածությունը, ավելացրին սպառնալիքները եւ ցույց տվեցին հետպատերազմյան փուլում ցանկացած կայունության անհնարինություն։ Չնայած Ադրբեջանի դիվանագիտական մեկուսացմանը, Բաքվի կողմից էսկալացիան նաեւ բացահայտ մարտահրավեր է Մոսկվային եւ նվաստացում ռուս խաղաղապահների համար։ Այս ճգնաժամը նաեւ Ռուսաստանին ադրբեջանական անհնազանդության օրինակ է։ Այդ ֆոնին ապշեցուցիչ է հակադրությունը ռուսական անգործության եւ արեւմտյան արձագանքի միջեւ: Դա ակնհայտ է նաեւ Ադրբեջանի կողմից 2020 թվականի վերջից գործող հրադադարի համաձայնագրի կոպտագույն խախտման եւ այս հարցում Ռուսաստանի ձախողման դեպքում: Այս համատեքստում, Ղարաբաղի դեմ ադրբեջանական քայլերը մարտահրավերներ են նաեւ տարածաշրջանում ռուսական իշխանության եւ նրա ներկայության համար: Թերեւս, Ադրբեջանը խաղում է կրակի հետ՝ ստուգելով Ռուսաստանի համբերության սահմանները եւ վտանգելով Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունները:

- Այս հարցում կա քննադատություն, այդ թվում՝ նաեւ ՀՀ իշխանությունների կողմից, թե Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժման հարցը նաեւ ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում է։ 

- Այո, ակնհայտ է ռուս խաղաղապահների ձախողումն ու թուլությունը՝ Լաչինի միջանցքով ելումուտն ապահովելու հարցում։ Բայց երբ Ռուսաստանը շեղված եւ ճնշված է Ուկրաինա իր անհաջող ներխուժմամբ եւ ուկրաինացիներից ունեցած ռազմական կորուստներով, այժմ պարզ է նաեւ, որ Արցախի (եւ բուն Հայաստանի) հայերն այլեւս չեն կարող հույս դնել Ռուսաստանի կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վրա, որ նրանք կկատարեն անվտանգության հարցում իրենց պարտավորությունները։
Հետպատերազմյան այս անվտանգային խնդիրների եւ անորոշության մեջ միայն մի բան է հաստատ. որ Ռուսաստանը դարձել է ակնհայտ անվստահելի եւ անկանխատեսելի։ Այսօրվա Ռուսաստանը մահացու նոր մարտահրավեր է ներկայացնում, եւ Մոսկվայի անհաջող ներխուժումից ի վեր Հայաստանի հանդեպ Ռուսաստանի անվտանգության պարտավորության տրամաբանությունն ու ակնկալիքներն այլեւս չեն գործում։ Ավելին, Ադրբեջանի կողմից Ղարաբաղի շրջափակման պարտադրման ժամանակը պատահական չէ ընտրված։ Ադրբեջանցիները գործում են, քանի որ կարող են, եւ նրանք համարձակվում են դիմակայել Մոսկվային երկու պատճառով. նախ, Ռուսաստանը շարունակում է զբաղված լինել Ուկրաինա իր անհաջող ներխուժմամբ: Ռուսաստանի կողմից կամքի այսպիսի բացակայությունն ու անկարողությունը՝ արձագանքելու Ադրբեջանի կողմից հրադադարի համաձայնագրի բացահայտ խախտումներին, որով ավարտվեց 2020 թվականի պատերազմը, առանձնակի կարեւոր են, քանի որ շուրջ 2 հազար ռուս խաղաղապահների առկայությունը մնում է Ղարաբաղի բնակչության անվտանգության եւ պաշտպանության միակ աղբյուրը։
Երկրորդ․ Ադրբեջանը համարձակություն է ձեռք բերում եւ հզորանում է ինչպես ԵՄ-ի հետ գազի ռազմավարական գործարքից հետո ադրբեջանական լծակների շնորհիվ, այնպես էլ Թուրքիայի հետ փոխգործակցությամբ:

- Հայաստանն ու Ադրբեջանը հերթական անգամ փոխանակել են խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներ, գործընթացը բնորոշում են որպես «առցանց դիվանագիտություն»։ Որքանո՞վ է սա հեռանկարային։ 

- Ես կօգտագործեի «հար-կադրված բանակցություններ» կամ «շանտաժի սակարկություն» տերմինը, հատկապես այն պատճառով, որ Հայաստանին ճնշում ու պատժում են Ադրբեջանի առավելապաշտական պահանջներն ու սպառնալիքները։ Այնուամենայնիվ, առանց հասարակությանը նախապատրաստելու հնարավոր խաղաղության պայմանագրին, կա վտանգ, որ տեղեկատվության պակասը կփոխհատուցվի ապատեղեկատվությամբ: Եվ մեկ այլ լուրջ մարտահրավեր է ծագում ցանկացած խաղաղության պայմանագրի ստորագրման «հաջորդ օրը», քանի որ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կդադարեցնի իր սպառնալիքներն ու պահանջները։

- Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը լակմուսի թուղթ դարձավ Երեւանի ու Անկարայի հարաբերությունների համար․ Հայաստանն այդ երկիր մարդասիրական օգնություն ու փրկարարներ ուղարկեց, իսկ Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Երեւանը պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը եւ լիարժեք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Նման լավատեսության հիմք կա՞, եթե հաշվի առնենք Բաքվի գործոնի առկախող դերն այս գործընթացում։

 - Հայաստան-Թուրքիա «կարգավորման» ուղղությամբ որոշակի սահմանափակ առաջընթաց է եղել: Որպես «երկրաշարժային դիվանագիտության» վավերացում՝ սահմանը փակ պահելու եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու թուրքական երկարամյա քաղաքականությունն այլեւս հաստատուն չէ։ Ավելին, սահմանը վերաբացելով՝ Թուրքիան ռացիոնալ կերպով արձագանքեց Հայաստանի բարի կամքի ժեստերին։
Այս համատեքստում քայլը հստակ եւ բացառապես Թուրքիայի կողմում է։ Թուրքիան է, որ պետք է արդարացնի սպասելիքները։ Այսպիսով, թեեւ կարեւոր է պահպանել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բեկումնային ընթացքը, սակայն առջեւում կան լուրջ խոչընդոտներ: Այս ռիսկերը տատանվում են՝ սկսած նախընտրական փուլում ցանկացած վերադարձից՝ ելման դրություն, մինչեւ թուրքական սպառնալիքներն ու ճնշումները Հայաստանի վրա եւ Արցախի շարունակվող ադրբեջանական պաշարումը: Եվ ցանկացած նոր, ավելի դրական միջավայր կախված է նաեւ Ադրբեջանից։ Ճշգրիտ լինելու համար պետք է նշել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը հաշտեցում չէ եւ հենց այստեղ է զգացնել տալու Հայոց ցեղասպանության հարցի արդիականությունը:

- Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ օրեր չեն ապրում․ հակասության թարմ օրինակը ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումն ու դրան Մոսկվայի բացասական վերաբերմունքն է։ Ի՞նչ զարգացումներ սպասել այս համատեքստում, եւ արդյո՞ք հնարավոր չէ դաշնակցել ուժային մեկ այլ կենտրոնի հետ՝ առանց մյուսի հետ հարաբերությունները վնասելու։

- 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերությունների համատեքստը կտրուկ փոխվել է։ Շարունակական անկումից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերությունն այժմ հասել է ամենացածր կետին: Ավելի քան քսան տարի Հայաստանի արտաքին քաղաքականությունը բնորոշվում էր «կոմպլեմենտարիզմի» քաղաքականությամբ, որտեղ Հայաստանը պայքարում էր ռազմավարական «հավասարակշռություն» պահպանելու Ռուսաստանի հետ իր անվտանգության գործընկերության եւ ԵՄ-ի ու Արեւմուտքի հետ՝ կապերը խորացնելու շահագրգռվածության միջեւ: Այս քաղաքականությունը դժվար է եղել պահպանել տարիների ընթացքում, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանից Հայաստանի կախվածության հիմքում ընկած միտումը, որը պայմանավորված է անվտանգային եւ ռազմական կապերով: Բայց 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանին ուղղված Ռուսաստանի խոստումները՝ անվտանգության հարցում, խոցելի ու ակնհայտ են դարձել։
Խիստ ռազմական առումով, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա քիչ ազդեցություն կամ ուղղակի ազդեցություն չունի Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վրա։ Բայց դիվանագիտական առումով Ադրբեջանն արդեն օգտվել է իրավիճակից՝ ուժեղացնելով ճնշումը Հայաստանի եւ Ղարաբաղի վրա, ինչը երեւում է 2022 թ․ դեկտեմբերին Ղարաբաղի շրջափակումից: Ադրբեջանի ռազմավարությունը կազմված է ոչ միայն ուկրաինական պատերազմի արդյունքում առաջացած զբաղվածությունից օգտվելուց կամ Հայաստանի վրա ճնշումը մեծացնելուց, այլեւ առանձնանում է որպես Ռուսաստանին համարձակ դիմադրություն: Այս համատեքստում Ադրբեջանը համարձակվել է մարտահրավեր նետել Ռուսաստանին։ Եվ հավանական է, որ թուրքական աջակցությամբ ուժեղացած ադրբեջանական այս ռազմավարությունը կշարունակվի:
Ռուսաստանի՝ որպես անվտանգության անվստահելի գործընկերոջ, այս մարտահրավերներից ակնհայտ դուրս մնալուց բացի, Հայաստանը նաեւ կորցրել է վստահությունը Ռուսաստանի կողմից կառավարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նկատմամբ՝ որպես անվտանգություն սպասարկող երկրի: Սա բխում է ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումներին համարժեք պատասխան չտալուց, ինչը միայն վերահաստատեց դաշինքի, այսպես կոչված, դատարկ արժեքն ու սնանկությունը:
Ներկա համատեքստում այս կազմակերպությունն ավելի դիպուկ է Հավաքական անապահովության պայմանագրի կազմակերպություն անվանելը: Եվ սա նաեւ 2023 թվականի հունվարին Հայաստանի կառավարության որոշման դրդապատճառն է՝ հրաժարվել ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից, որը Երեւանի հիասթափության, եթե ոչ կազմակերպությունից հրաժարվելու հազվադեպ դրսեւորում է։ Այս իմաստով, Ռուսաստանը ՀՀ-ի համար նոր եւ ավելի լուրջ մարտահրավեր է ներկայացնում՝ որպես անվստահելի գործընկեր։ 
Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումներին Ռուսաստանի կողմից չարձագանքելն ու Հայաստանում Ադրբեջանի ռազմական ուժերի շարունակական ապօրինի ներկայությունը շատ ավելի վաղ նախանշեցին հարաբերություններում գոյություն ունեցող ճգնաժամը, քան Ռուսաստանի ներկայիս անկարողությունը՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Արցախի պաշարմանը:

Արա Ալոյան

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image