Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դահլիճում մեծ հանդիսավորությամբ ներկայացրեց սփյուռքահայ գրող, հասարակական գործիչ Կարո Արմենյանի նոր բանաստեղծական ժողովածուն։
«Մարմին եւ Արյուն» ժողովածուն ընթերցողին է ներկայացնում գրողի վերջին շրջանի ստեղծագործությունները։ Հայրենիք, սեր, մարդը` իր հոգեբանական վայրիվերումներով, լի խորը փիլիսոփայությամբ, պատկերավորման առանձնահատկություններով եւ ինքնատիպ դրսեւորումներով։
Գրականագետ Դավիթ Գասպարյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ բանաստեղծության նորոգչական փուլը թեւ առավ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ սփյուռքում։ «Նորոգչական փուլի մասին խոսելիս հատկապես սփյուռքում տալիս ենք Կարո Արմենյանի անունը, անպայման պետք է հիշեմ նաեւ Զահրատին։ Ի՞նչ տեղի ունեցավ, վերացան բանաստեղծության կառուցվածքի ավանդական ձեւը, կետադրությունը, «բանաստեղծության տուն» հասկացությունը, բառերը շաղվեցին տողի վրա, քան թե իմաստային կապով կապվեցին։ Սա այդ նորոգչական փուլի միայն տեխնիկական ձեւերից մեկն էր»,- ասում է ու ընդգծում, որ Կարո Արմենյանի բանաստեղծության թեմատիկան նույն հայ մարդն է, նաեւ՝ ժամանակի մեջ կորած մարդը, որ վստահորեն սեփական պատմությունն ու անցյալն իր հետ կրում է։
«Նա «Հայր» վերնագրով շարք ունի, որտեղ իր հոր կերպարի մեջ ցույց է տալիս մեր ժողովրդի անցած վերջին 100 տարվա պատմությունը, թե ինչ կատարվեց։ Կարո Արմենյանը հայ ու հայեցի բանաստեղծ է, Փավստոս Բուզանդին նվիրված բանաստեղծություն ունի ու ասես նրա աչքով է նայում այսօրվան։ Երաժշտության մեջ կա «կամերային երաժշտություն» հասկացություն, արեւմտահայերը թարգմանում են՝ սենյակային երաժշտություն, որը լուրջ երաժշտություն է, բայց ունկնդիրներ քիչ ունի։ Այդպես է նաեւ Կարո Արմենյանի պոեզիան, որը ժողովրդական պոեզիա չէ, ռադիոպոեմ չէ, լայն մասսաների համար չէ, սա հասկացողների համար է, ուստի պետք է պնդեմ, որ պոեզիայի մեջ էլ կա «կամերային» ասվածը»։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանի բնորոշմամբ՝ մեր գրական հասարակության լայն շրջանակներին քիչ ծանոթ է Կարո Արմենյանը, ավելի շատ նա ծանոթ է իր հասարակական բեղուն գործունեությամբ․ «Որպես բարեգործ, գործարար, տնտեսագետ, բայց, ցավոք՝ ոչ գրող, մինչդեռ նրա գրականությունն արժանի է լավագույնս ներկայացվելու։ Գրքի շնորհանդեսը հնարավորություն կտա մեր ուսանողությանը՝ մոտիկից ծանոթանալու այն թեմատիկային ու նոր մոտիվներին, որոնք կան գրքում, որոնք ներկայացնում է Կարո Արմենյանը՝ թե՛ ձեւի, թե՛ բովանդակության առումով։ Սովորաբար մեր ընթերցողն ավելի հեշտ ընկալում է դասական բանաստեղծությունը եւ դասական թեմատիկան, իսկ Կարո Արմենյանի դեպքում մի փոքր ավելի ազատ է, կարողանում է ե՛ւ ոճի, ե՛ւ ժանրի մեջ՝ իր թեմաներին մնալ հոգեհարազատ։ Դա ե՛ւ հայրենիքն է, ե՛ւ սերը, ե՛ւ, իհարկե՝ մարդը։ Արմենյանի գրականության մեջ մարդը, սեւակյան «մարդը ափի մեջ» սկզբունքով, իր բոլոր կողմերով ամբողջանում է, տեսանելի են դառնում նրա խոհը, մտորումը, ինչու չէ՝ նաեւ դատարկությունը»։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակի ղեկավար Ռուզան Առաքելյանն իր խոսքում նշեց, որ ներկաներից շատերն են առիթ ունեցել ճանաչելու հասարակական գործիչ, ազգային մտածող Կարո Արմենյանին, այսօր արդեն կճանաչեն բանաստեղծ Արմենյանին։ «Մինչ օրս նա շարունակում է գրել հայրենիքի ու հայրենիքում տեղի ունեցող անցուդարձի մասին, երբեմն հեռվից հեռու այնքան զգայուն թեմաներ է շոշափում, կարծես ինքը մեզ հետ է, մեր կողքին եւ ականատես է այն ամենին, ինչը տեղի է ունենում հայրենիքում։ Սա բնորոշում է մի մարդու, որը հայրենիքով է ապրում։ Այդ ոգով նա գրեց ու գրում է իր հրապարակախոսական հոդվածները, այս ձեւով նաեւ նա բանաստեղծում է, եւ արդեն 3-րդ գիրքն է, որ մեր սեղանին է։ «Մարմին եւ Արյուն»՝ աստվածաշնչյան այս խորհուրդը գիտակցաբար է Կարո Արմենյանը վերնագրել, ու, ինչպես ինքն էր ասում՝ ցանկացած մեկը, որն իր գործի հիմքում կդնի բարոյականությունը եւ խիղճը, այդ գործն անպայման կծառայի հայրենիքին»,- ընդգծում է Առաքելյանը։
«Կարո Արմենյանի բանաստեղծությունը բանաստեղծի եւ հավաքական մարդու, հայի հանդիպումն է՝ խոսելու համար հիշողության, սեփական վարքի, արածի ու չարածի, ներկայի ու գալիքի առջեւ պատասխանատվության, պարտքի ու պատասխանատվության մասին,- ասում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանն ու շարունակում։- Թվում է, որ արմենյանական բանաստեղծությունը Նարեկացու ժամանակներից փոխանցված կռիվ է՝ ինքն իր հետ, մարդու կռիվն է՝ ճակատագրի եւ աշխարհի հետ։ Մարդուն ներկայացվող բազում պահանջներն են, միաժամանակ, սակայն այն սիրո խոստովանություն է անհանգիստ ու վտանգված աշխարհին, հայրենի եզերքին, բնությանն ու մարդուն։ Դա կռիվ է մարդու հետ՝ նրան սթափեցնելու, մեղքի ճանապարհից ետ բերելու՝ վասն սեփական ճակատագրի պայքարելու համար»։