Հասարակություն

«Հրապարակ»․ Անշարժ գույքի շուկայում որոշակի փոփոխություններ կան

«Հրապարակ»․ Անշարժ գույքի շուկայում որոշակի փոփոխություններ կան

Մեզ ասացին, որ հունվար-փետրվար ամիսներին անշարժ գույքի գործակալները բնակարանային վաճառքի կտրուկ աճ են արձանագրել եւ պնդում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակարանների պահանջարկը կտրուկ աճել է: Ինչո՞վ է այն պայմանավորված, անշարժ գույքի շուկայում գների փոփոխություն նկատվե՞լ է վերջին շրջանում, թե՞ ոչ: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Silver Rea գործակալության ղեկավար, անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովի հետ:

Նա, խոսելով թեմայի մասին, նկատեց. «Կան գործակալներ, ովքեր խոսում են ընդհանուր շուկայի մասին, սակայն նրանց աշխատանքը տարբեր պրոֆիլի է: Կան գործակալներ, ովքեր առաջնային շուկայով են զբաղվում, կան գործակալներ, ովքեր զբաղվում են երկրորդայինով, կան նաեւ ընկերություններ, որոնք զբաղվում են վարձակալությամբ եւ այլն: Ամեն մեկն իր տեսադաշտի չափով է դատողություններ անում շուկայի մասին, բայց շուկայի հիմնական ակտիվության մասին թվերն են խոսում: Թվերը ստանում ենք Կադաստրի կոմիտեից: Ես ունեմ 18 տարվա փորձառություն, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում ոլորտի մասին սկսել են խոսել մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն ոլորտի հետ: Օրինակ` երգիչ կա, որ անշարժ գույքի շուկայի մասին գրառումներ է անում, կան մարդիկ, ովքեր անշարժ գույքի շուկան օգտագործում են քաղաքական նպատակներով: Իշխանականներն ասում են, որ շուկայում դրական դինամիկա է նկատվում, իսկ որոշ ընդդիմադիրներ էլ ասում են, որ վիճակը լավ չէ: Այդ է պատճառը, որ մենք պետք է թվերով առաջնորդվենք: Թվերի մասին դեռեւս վաղ է խոսելը, քանի որ այն կիսամյակով է հաշվարկվում: Այդ թվերով մի ժամանակ չէինք կարող խոսել առաջնային շուկայի մասին, սակայն հիմա իրավիճակն այլ է` նախորդ տարվանից տրամադրվում է գնման իրավունքի ստատիստիկա` կիսամյակը մեկ անգամ: Նոր կառուցվող շենքերը շատ են, թվերի մասին դեռեւս չկա տեղեկություն: Եթե իմ սեփական ընկերության փորձի մասին խոսեմ, ապա մեր ընկերությունում, այո, ակտիվություն է նկատվել: Թեպետ չեմ կարող համեմատել նախորդ տարվա հետ, քանի որ ունենք տարբեր նախագծեր, իսկ մեր ընկերությունը մասնագիտացված է առաջնային շուկայում, ունենք մի քանի պրոյեկտներ, որոնց վաճառքով բացառապես մեր ընկերությունն է զբաղվում: Եթե համեմատեմ նախորդ տարվա պատկերի հետ, սխալ կլինի, քանի որ նախորդ տարի այլ շինարարական փուլ էր, այս տարի` այլ: Ամեն դեպքում, եթե խոսում ենք շուկայի մասին, ապա, այո, այն տրանսֆորմացիայի է ենթարկվում, եւ հիմնականում ակտիվ են պետական սուբսիդիաներ ունեցողները: Եկամտահարկի վերադարձի մասին օրենքը բավականին մեծ ակտիվություն է շուկային հաղորդել: Ինչպես նաեւ ՊՆ-ի ծրագրի մասին է խոսքը, երբ զինվորականները սուբսիդավորված բնակարաններ են ձեռք բերում: Երեւան քաղաքում եկամտահարկի մասին օրենքն ավարտվել է, այժմ ակտիվ է երեւանամերձ հատվածը: Շուկան ակտիվ է այդ հատվածներում: Օրինակ` Երեւան քաղաքում բազմաթիվ կառուցապատողներ, երբ նախորդ տարի դուրս եկան եկամտային հարկի վերադարձից, վաճառքները ենթարկվեցին տրանսֆորմացիայի: Նրանք սկսեցին վաճառել տարաժամկետ, առանց հիպոթեքային վարկերի, մինչեւ 10 տարի մարման ժամկետ, մարդիկ ընտրում են 3 տարի, 4 տարի, 5 տարի, մինչեւ 10 տարի…. այն ահագին ակտիվություն բերեց շուկային: Այդ մեխանիզմով արտասահմանի հայերը սկսել են բնակարաններ գնել Հայաստանում, քանի որ այն ձեռնտու տարբերակ է: Բացի այդ, անշարժ գույք գնելը համարվում է ներդրում: Շուկան ամեն տարի փոփոխվում է: Եթե նկատել եք` վերջին 30 տարիներին անշարժ գույքը թանկանում է միայն: Այն մարդկանց համար լավագույն ներդրումներից մեկն է դարձել: Փողի արժեզրկման վտանգը ստիպում է մարդկանց մտածել նման ներդրումների մասին»:

Բնակարանների գները վերջին մեկ տարում աճե՞լ են, թե՞ նվազել։ «Դրանք ամեն տարի աճում են դինամիկ: Բայց պետք է մի բան հաշվի առնել. անշարժ գույքը թանկանում է, իսկ փողն էժանանում է: Երեք տարի առաջվա գույքի գինն այս տարվա հետ համեմատենք, ապա կա աճ, բայց նաեւ կա գույքը ստեղծելու համար տարբեր ապրանքների գների աճ, օրինակ` շինանյութի գների աճ եւ այլն, շինթույլտվության համար սահմանված տուրքերը նույնպես փոխվել են, եւ այսպես շարունակ: Այդ ամենն ազդում է անշարժ գույքի գնագոյացման վրա»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image