Ինչպես հայտնի է, ռուս-ուկրաինական պատեազմին վերջ տալու նպատակով այսօր Սպիտակ տանը հանդիպելու են ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դ. Թրամփն ու Վ. Զելենսկին: Ավելի ուշ նրանց են միանալու եվրոպական ղեկավարությունից ոմանք` ում կառաջարկի նախագահ Թրամփը: Պատերազմի դադարեցման հիմքը Ղրիմի թերակղզին ու Դոնբասի տարածաշրջանը Ռուսաստանին զիջելու՝ նախագահ Զելենսկու համաձայնությունն է: Դրա առնչությամբ ասվել է, որ երկրի ղեկավարն ինքնագլուխ չի կարող հանձնել պետության տարածքները: Դրա համար անհրաժեշտ է ժողովրդի համաձայնությունը, այսինքն՝ հանրաքվեի անցկացում: Ի դեպ, վերջին հարցումներով Ուկրաինայի բնակչության երկու երրորդից ավելին խաղաղության է ձգտում: Հանրաքվեի գաղափարն ընդունելի է, իհարկե, բայց մեզանում հանրաքվե չպահանջվեց, երբ ագրեսորին հանձնվեցին ոչ միայն Արցախը, որի անվտանգության երաշխավորը Հայաստանն էր, այլև ՀՀ-ի առանձին տարածքներ: Ճիշտ է, Ուկրաինայից պահանջվում է շատ ավելի մեծ տարածք, բայց ամբողջի համեմատությամբ տեսակարար կշռի տեսակետից կորուստները համադրելի են:
Ինչևէ, նախագահ Զելենսկին Վաշինգտոն է գնացել արդար խաղաղության հասնելու ձգտումով, ինչին աջակցում է Եվրամիության ու եվրոպական խոշոր երկրների ղեկավարությունը: Չգիտես ինչու, հայ-ադրբեջանական պատերազմի առումով այդ անձինք մոռացել էին արդարության գոյության մասին՝ Հայաստանի պարտադրելով պարտվողական խաղաղություն: Իսկ պարտադրանքը մատուցվում էր ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի հետ ձեռքսեղմումով ու փոխադարձ ժպիտներով: Բայց քանի որ նախագահ Թրամփին անհրաժեշտ է պատերազմի դադարեցումը Խաղաղության նոբելյան մրցանակ շահելու համար՝ եվրոպական առաջնորդների ցանկությանը նայող չի լինի: Նրանց կառաջարկվի կա՛մ թրամփյան բնույթի խաղաղություն և կա՛մ պատերազմի շարունակում առանց Միացյալ Նահանգների աջակցության: Ինչի դեպքում, բնականաբար, մեկ-երկու տարում Ուկրաինան ստիպված կլինի համաձայնել արդեն ամբողջական կապիտուլյացիային: Կա՛մ էլ, եթե եվրոպացիներն ամբողջովին կորցնեն խելքը ու ֆորմալ առումով ներգրավվեն պատերազմում, կլինի մեծ, շատ մեծ համաեվրոպական բոլոլա: Իսկ թե ինչ կպատահի դրանից հետո՝ Աստված գիտե:
Որպեսզի ցույց տրվի, որ ուկրաինացիները կարող են երկար պատերազմել, նախորդ օրը քարոզչական նյութ է տարածել Ուկրաինայի ՊՆ-ի հետ համագործակցող «DeepState» մոնիթորինգային ծառայությունը: Ըստ դրա, պատերազմի 1010 օրվա ընթացքում ՌԴ-ն գրավել է Ուկրաինայի տարածքի 1%-ից պակաս մասը՝ մոտ 5.8 հազար քառակուսի կիլոմետր։ «2022 թվականի նոյեմբերի 12-ից հետո (ռուսները) շարունակեցին ակտիվ հարձակողական գործողությունները, որոնք աննշան ընդհատումներով (հարավային ուղղությամբ 2023 թվականի հակահարձակման ամառային-աշնանային ամիսները չգիտես ինչ տրամաբանությամբ ծառայության կողմից համարվել են աննշան ժամանակահատված՝ Վ. Ս.) շարունակվում են մինչ օրս։ …Մենք հույս ունենք, որ այս թվերը կհասնեն մեր ամերիկացի գործընկերներին, քանի որ նրանց մաթեմատիկան անհաջող է»,- գրել է DeepState-ը։ Գործակալությունը «մոռանում» է նաև, որ պատերազմի ժամանակ գործում են բանակի ու թիկունքի ոգու և սպառազինության մատակարարման անընդհատության գործոնները: Ի տարբերություն 2022 և 2023 թթ.-ի՝ երկու դեպքում էլ առկա է հակառակ պատկերը. մարդիկ փախչում են զինկոմիսարիատների աշխատակիցներից, զինվորներն էլ զանգվածաբար (խոսվում է 250-ից 400 հազարի մասին) լքում են ռազմաճակատը: Դ. Թրամփի նախագահության օրոք ամերիկյան ֆինանսական ու ռազմական օգնությունն էլ այլևս համեմատելի չէ նախկինի հետ:
Եվրոպացիների կողմից պատերազմը շարունակելու պատճառ էր նշվում և շարունակում են նշել զինադադարի բացակայությունը: Ըստ որի, նախ, անհրաժեշտ է դադարեցնել կրակը, ապա խաղաղության համաձայնագրի վրա աշխատել։ Դրան դեմ է Ռուսաստանի նախագահը, քանի որ մի անգամ արդեն համաձայնել է այդ ձևաչափին ու խաբվել Արևմուտքի կողմից: Ավելի ուշ դա խոստովանել էին, օրինակ, Ֆրանսիայի գործող նախագահն ու Գերմանիայի նախկին կանցլեր Մերկելը: Եթե նույնիսկ չլիներ այդ խաբեությունը՝ եվրոպական դիրքորոշումը կարելի կլիներ համարել տրամաբանական, եթե նորագույն պատմության շրջանում չլիներ հակառակ օրինակը: Դա դրսևորվեց Կորեական թերակղզու Հյուսիսի ու Հարավի միջև պատերազմի (1950-1953) ընթացքում: Պատերազմն ավարտելու վերաբերյալ բանակցությունները սկսվեցին 1951-ի ամռանը, սակայն դրանց ընթացքում չէին դադարում ռազմական գործողությունները: Որոնք շարունակվեցին ևս երկու տարի, ու զինադադարը վերջնականապես կնքվեց 1953-ի ամռանը: Ինչը տեղի ունեցավ շնորհիվ այն հանգամանքի, որ ԽՍՀՄ ղեկավարությունը որոշեց դադարեցնել մասնակցությունըպատերազմին: Իսկ Չինաստան-Հյուսիսային Կորեա զույգը չէր կարող առանց խորհրդային երկրի աջակցության շարունակել պատերազմը:
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե այս անգամ էլ «խաղից» դուրս գա ԱՄՆ-ը, ինչն, ի դեպ, նաև այդ երկրի նախագահի ցանկությունն է: Իսկ առանց ԱՄՆ-ի գլոբալիստական Եվրոպան ոչինչ անել չի կարող՝ թեկուզ նախապատրաստի պատժամիջոցների ոչ թե 19-րդ փաթեթը՝ ինչպես ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, այլ, ասենք, 29-րդը: Եթե, ինչպես ասվեց, սեփական զինուժով չներառվի պատերազմում: Ինչ մնում է ԱՄՆ-ին, ապա Թրամփը, ըստ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, «Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված զգալի առաջընթացի պատճառով ստիպված է եղել հրաժարվել անհապաղ հրադադարի իր ձգտումից և փոխարենը աշխատել ավելի լայն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»: Իսկ դա, կոպիտ ասած, «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի իրագործումն է: Զարմանալիորեն, նույնիսկ Գերմանիայի կանցլեր Մերցը չի բացառել, որ ապագայում պատերազմի ավարտը կարող է ուղեկցվել Ուկրաինայի կողմից տարածքային զիջումներով: Չնայած դա, այնուամենայնիվ, պայմանավորել է խաղաղության պայմանագրի ստորագրությամբ: Ինչպես նաև Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելով: «Ոչ մի զիջում, մինչև խաղաղության պայմանագիր չստորագրվի։ Եվ այս պայմանագիրը պետք է լինի այն պահը, երբ ուժի մեջ կմտնեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները»,- հայտարարել է նա: Մնում է սպասել եվրոպացիների ու ԱՄՆ-ի նախագահի հանդիպման արդյունքին: