Այս հոդվածը սկսվել է գրվել ժամը 13.07-ին հենց անմիջապես վերնագրով: Դա հայտնում եմ երկու նկատառումով: Նախ, էն գլխից վստահ եմ, որ 10 սրբազանազերծված «հոգևորականների» արշավն ընդդեմ Մայր տաճարի՝ տապալվելու է: Երկրորդ, 2021-ի մայիսից «Հրապարակ»-ի խմբագրություն եմ հանձնել ավելի քան 1900 հոդված ու նույնիսկ այդ հսկայական քանակի 1 տոկոսի գրությունը չի սկսվել վերնագրով: Որովհետև գրվելու ընթացքում այն սովորաբար փոխվում է: Դա իմ գրելաոճն է, իսկ մեկ ուրիշն, ընդհակառակը, միշտ կարող է սկսել վերնագրով: Բայց այս մեկը հաստատ չի փոխվելու, քանի որ հենց դա է այս հոդվածի մեսիջը:
Հարց կառաջանա, թե ինչո՞ւ եմ վստահ, որ «հոգևորականների» արշավը տապալվելու է: Որովհետև արշավը պետք է տեղի ունենար դեռևս ամռանն ու այն անընդհատ հետաձգվեց: Իսկ եթե մի երևույթ արժանանում է նման ճակատագրի, ապա կարելի է համարել, որ այն արդեն կիսով չափ տապալված է: Երկրորդ, արշավը պետք է նախաձեռնվեր ու իրականացվեր «իրական» Հայաստանի «մեծարգո» վարչապետի կողմից: Սակայն տեսնելով, որ իր «գերագույն հրամանատարությամբ» նախաձեռնվելիք գործընթացը հաջողության չի հասնելու, մեջտեղ բերվեց 10 «սրբազանների» (մեղք է նրանց առանց չակերտների սրբազան կոչելը) խռովությունը: Դա, իսկապես, խռովություն է, քանի որ այդ անձինք խախտել են իրենց գլխավորի նկատմամբ հնազանդության երդումը:
Ի դեպ, 2021-ի փետրվարի վերջին՝ երբ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություն տարածեց, վարչապետի աթոռից կառչած՝ խայտառակ պարտության մեղավոր անձի կողմից այն բնորոշվեց որպես ռազմական հեղաշրջում: Դրան համաձայն կլինեի, եթե «չշշկռվելիք գերագույն հրամանատարը» չլիներ պարտության թիվ մեկ պատասխանատուն և ըստ այդմ՝ թիվ մեկ մեղավորը: Բայց քանի որ հենց նա էր և՛ պատասխանատուն, և՛ մեղավորը, ԳՇ-ի հայտարարությունը միտված էր հայրենիքի փրկությանը: Եվ նախապես չեղարկումը հետագա կապիտուլյացիոն քայլերի, որ տեղի ունեցան դրանից հետո: Ուրեմն, կրկնենք, դա ռազմական հեղաշրջում չէր, այլ հայրենիքի փրկության գործընթաց: Ինչը, դժբախտաբար, հաջողություն չունեցավ: Իսկ այս դեպքում վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ստիպված է ընդունել, որ «10»-ի հայտարարություններն ու իր հետ հանդիպելը եկեղեցական խռովություն է:
Անցնենք այն հարցին, թե ինչու եմ «10»-ի կողմից նախատեսված արշավը համարում գեղցիական շուստրիություն: Որովհետև դա պետք է աներ հենց խայտառակ պարտության խորհրդանիշ անձը, բայց գիտակցելով, որ արշավը տապալվելու է՝ այն հանձնարարեց «10»-ին: Եթե հաջողվի ակցիան՝ դա կվերագրի իրեն, իսկ եթե տապալվի՝ ձեռքերը կլվանա: Հենց դա էլ գեղցիական շուստրիության դրսևորում է: Եվ եթե հաշվի առնենք, որ «10»-ի անդամներն իրենց «տիրոջից» (դրանց տերը վաղուց արդեն Աստվածը չէ) շատ ավելի հեղինակազրկված են, ապա այդ ակցիան չի կարող չտապալվել: Եթե նույնիսկ նրանց իրենց պաշտպանության տակ առնեն իրավապահներն ու դրանով քաղաքացիական պատերազմ հրահրեն: Ինչը կարծում եմ, բացարձակ ձեռնտու չէ երբեմնի «դուխով» Նիկոլին, քանի որ այդ դեպքում 100 տոկոսով տապալվելու է ոչ միայն ակցիան, այլև դրա կազմակերպիչը: Եթե նույնիսկ թվա, թե այն հաջողվել է:
Վերջում անդրադառնամ ոստիկանությանը: Հասկանալու համար, որ ոստիկանությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի գեղցիական շուստրիությունը չտապալվի, մեծ խելք անհրաժեշտ չէ: Եվ որ այդ կառույցը միշտ ծառայել է գործող իշխանությանը, իսկ Փաշինյան Նիկոլին՝ ավելի, քան նախկիններին, կրկին կասկածի ենթակա չէ: Որպես դրա ապացույց. կեսօրից հետո, ըստ «Ազգային ճակատ» ՏԳ ալիքի, ոստիկաններն «գրավել» են Մայր տաճարի տարածքի դարպասները: Ենթադրում եմ, որ դա կարող էր լինել օրինական, եթե առկա լիներ եկեղեցական տնօրինության խնդրանքը: Կարծում եմ, որ նման բան լինելու դեպքում այն կհրապարակվեր: Ուրեմն ոստիկանությունը կա՛մ փորձում է պաշտպանել տաճարի տարածքը խռովարար եպիսկոպոսներից, կա՛մ էլ, ի պաշտպանություն եկեղեցու, այնտեղ հավաքվող հավատացյալ ժողովրդից: Կարծում եմ, որ երկրորդ տարբերակն է, ու որպեսզի նույնիսկ ոստիկանության ներկայությունը չխոչընդոտի գեղցիական շուստրիության չտապալմանը, հավաքվող ժողովուրդը պետք է դրսևորևի քաղաքացիական խաղաղ անհնազանդության մաստեր կլաս՝ խայտառակելով սադրանքի մասնակիցներին ու կազմակերպչին: