Քաղաքականություն

Ալիևն ու Փաշինյանը նույն տրամաբանության մեջ են գործում

Ալիևն ու Փաշինյանը նույն տրամաբանության մեջ են գործում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում նրան դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին: Նա ֆորումում ելույթ է ունեցել, ապա առանձնազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ եւ այսօր արդեն թռել է ԱՄՆ` Նյու Յորք, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու:

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ այն հանգամանքը, որ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն է դիմավորել Փաշինյանին՝  նորմալ է, այդպիսին է արարողակարգը:
«Սա ակնհայտորեն առիթ է, հատկապես որ Փաշինյանը փորձում է հիմա ամերիկյան գործընկերներ ներգրավել, որպեսզի Մեծամորի ատոմակայանը փոխարինի ամերիկյան փոքր մոդուլային ատոմակայանով, որի, ի դեպ, տեխնոլոգիան էլ պատրաստ չի: Նա, ամեն դեպքում, փորձում է դա անել, այսինքն, Ռուսաստանի հետ ատոմային համագործակցություն չկա ու առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում»,-ասաց քաղաքագետը:

Այցը Մոսկվա՝ «համաշխարհային ատոմային շաբաթին» մասնակցելու, զուտ առիթ է՝ քաղաքական խոսակցություն ունենալ, քանի որ Փաշինյան ու Ալիևը նույն տրամաբանության մեջ են գործում ու սկզբնական փուլում, երբ միջանցքի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն էին ձեռք բերում, անհրաժեշտ էր ՌԴ-ի հետ դիստանցիան մեծացնել, ցույց տալ, որ իրենք Արևմուտքի հետ են՝ այդ ժամանակ դա արեցին, իսկ հիմա` երբ ստորագրությունը կա, Ռուսաստանի հետ երկուսն էլ մեղմացնեն հարաբերությունները, շեշտում է Միքայելյանը:
«Այսինքն, սա ուղղակի զուգահեռ գործընթաց է, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ինչպես միշտ, նորից նույն տրամաբանության մեջ են գործում»,-ասաց Միքայելյանը:

Արդյոք Փաշինյանը չի՞ հուսալքվել նրանից, որ Թրամփի համար Հայաստանն այնքան անհետաքրքիր է, որ անընդհատ Ալբանիայի հետ է շփոթում, քաղաքագետն ասաց` Փաշինյանին դա բացարձակապես չի հետաքրքրում. «Նա անում է այն, ինչի համար իրեն դարձրել են Հայաստանի ղեկավար, դրա համար էական չի, որ Թրամփն իրեն հարգի կամ ինչ-որ ձև իրեն վերաբերվի»: 

Իսկ ռուսական կողմից դիրքորոշումը մեծապես կախված է Ուկրաինայում պատերազմի ավարտով, երբ ՌԴ-ն կկարողանա կենտրոնանալ Հարավային Կովկասի ուղղությամբ, եզրափակեց Հրանտ Միքայելյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image