Հասարակություն

«Հրապարակ». Սամվել Մայրապետյանից պահանջում են Աբովյան 8 շենքը

«Հրապարակ». Սամվել Մայրապետյանից պահանջում են Աբովյան 8 շենքը

Գլխավոր դատախազությունը փետրվարին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Սամվել Մայրապետյանի կողմից հիմնադրված «Պրոգրես Արմենիա» ՍՊԸ-ի, պահանջելով բռնագանձել այս ՍՊԸ-ին պատկանող՝ Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը: Շենքը, որտեղ ներկայում մոդայիկ «Ոստան» ռեստորանն է, «Պոլ» սրճարանը, իրենից պատմական մեծ արժեք է ներկայացնում: Դատախազությունն այս շենքով սկսել է զբաղվել երկու տարի առաջ եւ այն ժամանակ էլ հաղորդում էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 

Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ կառավարության 2005 թվականի որոշմամբ շենքի տարածքը՝  638.2 քմ մակերեսով, որն օտարման ենթակա չէր,  եւ 178 մլն 464 հազար դրամ կադաստրային արժեքով, այդ արժեքից մոտ 5 անգամ ցածր գնով՝ 32 մլն 170 հազար 500  դրամով, ուղղակի վաճառքով օտարվել է «Պրոգրես Արմենիա» ՍՊ ընկերությանը: Հետագայում, ըստ դատախազության,  քաղաքապետարանը Մայրապետյանին կեղծ փաստաթուղթ է տրամադրել, ըստ որի՝ տվյալ հողամասն ընդգրկված չէ սահմանափակումների ցանկում եւ կարող է օտարվել: Մինչդեռ այն նշված է եղել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Ըստ դատախազության, պայմանագրով գույքը ձեռք բերած ընկերությունը պարտավորվել էր մինչեւ 2006 թվականի ավարտը կատարել առնվազն 90 մլն դրամի ներդրում, որը չի կատարել, եւ պաշտոնատար անձինք պարտավոր էին գույքի վրա բռնագանձում կիրառել, ինչը չեն արել:  Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ հին Քրեական օրենսգրքի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման եւ պաշտոնեական կեղծիքի հոդվածներով: Հիշեցնենք․ Սամվել Մայրապետյանը տարբեր քրեական վարույթներով մեղադրյալի կարգավիճակ ունի, նրա ունեցվածքի բռնագանձման վերաբերյալ վարույթներ կան հարուցված, եւ ողջ գույքը կալանքի տակ է: Նա առողջական լուրջ խնդիրներ ուներ եւ բուժման է մեկնել Գերմանիա: Իսկ գործընթացներն իրականացվում են նրա բացակայությամբ` փաստաբանների մասնակցությամբ:

Մայրապետյանի փաստաբաններից մեկը` Սիմոն Բաբայանը, հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել՝ պատճառաբանելով, որ փաստաբանները լիազորված չեն բռնագանձման վարույթների հետ կապված մեկնաբանություններ տալ:  

ՀԳ. Օրերս Սահմանադրական դատարանը վերջապես կայացրեց երկար սպասված որոշումը` «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ, որով, ըստ էության, խաղի նոր կանոններ են սահմանվում այդ գործընթացում: Մասնավորապես, ՍԴ-ն  որոշել է, որ բռնագանձման կարող է ենթակա լինել միայն այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո: Որքանով մեզ հայտնի է` Սամվել Մայրապետյանը 1996-97 թվականներից հետո որեւէ պաշտոն չի զբաղեցրել, զբաղվել է բիզնեսով, որի եկամուտը հնարավորություն տալիս էր շենքեր գնել եւ այլն: Եվ եթե այս հարցում կա պաշտոնեական չարաշահում, ապա պետք է պատասխանատվություն կրի գույքն օտարած պաշտոնյան, այլ ոչ թե գնորդը: Իսկ Մայրապետյանի վերջին պաշտոնը եղել է 1996-1997թթ. մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image