Այս տարվա ամռանը` հունիսին, Անի Սամսոնյանը դիմեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդին՝ իր լիազորությունները խորհրդում եւ անդամակցությունը կուսակցությունում դադարեցնելու համար: Սամսոնյանն արդեն մի քանի ամիս է՝ այլեւս ԼՀԿ-ի անդամ չէ, չնայած այդ կուսակցության ամենահայտնի դեմքերից էր, Էդմոն Մարուքյանի աջ թեւը, անգամ այն շրջանում, երբ Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն էր զբաղեցնում: Նախկին պատգամավորը սկզբնական փուլում Սրբազան շարժման հանրահավաքներին էր մասնակցում, սակայն այժմ այն կարծիքին է, որ Բագրատ սրբազանն իր պայքարը պետք է դադարեցնի, իսկ խորհրդարանական ընդդիմությունը` վայր դնի մանդատները: Անի Սամսոնյանի կարծիքով` հաջողություն չարձանագրած նման շարժումները բացառապես Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանն են օգուտ բերում:
- Ձեր վերջին հարցազրույցում նշել էիք, որ քաղաքական դաշտը կոլապսի մեջ է, նոր ուժեր չեն ձեւավորվում, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում մի քանի նոր կուսակցություններ են գրանցվել, Բագրատ սրբազանն էլ ո՛չ նախկին է, ո՛չ ներկա: Ինչո՞ւ եք կարծում, որ նոր ուժեր Հայաստանում չեն ձեւավորվում, ինչն էլ իր հերթին իշխանափոխության չհաջողելու հիմնական պատճառն է:
- Այդպես եմ կարծում, որովհետեւ դաշտն ամբողջությամբ զբաղված է նախկին եւ ներկա իշխանությունների օրակարգով: Նրանք ստեղծում են մեծ քաղաքական աղմուկ: Ինչպե՞ս են ստեղծում նման աղմուկ: Մենք գիտենք, որ նախկին ու ներկա իշխանություններն ունեն մեդիառեսուրսներ եւ կարողանում են քաղաքական գործունեության իմիտացիա ստեղծել: Այդ ամենը մեծ աղմուկ է ստեղծում, եւ դաշտը լցվում է բացառապես նրանց օրակարգով: Այս իրավիճակում այն քաղաքական ուժերը, որոնք ունեն ասելիք, բայց չունեն մեծ հնարավորություններ, ռեսուրսներ, մնում են ստվերում: Ես, ամեն դեպքում, չեմ ուզում այդ փոքր ուժերին արդարացնել, որովհետեւ ֆինանսական ռեսուրսները գուցե փոքր են, բայց համարձակություն ու քաղաքական ագրեսիվություն էլ չեն դրսեւորում: Բոլոր դեպքերում զիջում են մյուսներին, եւ հենց դա է պատճառը, որ քաղաքական աղմուկի մեջ հնարավորություն չի ստեղծվում` ձեւավորելու նոր քաղաքական օրակարգ:
- Որո՞նք են այդ փոքր ուժերը:
- Կան քաղաքական ուժեր, անհատներ, չեմ ուզում առանձին անուններ ասել, սակայն կարող եմ ասել, որ կան որոշները, որոնք ունեն որոշակի ասելիք, բայց այդ քաղաքական ուժերն էլ իրենց հերթին ունեն չարդարացված ամբիցիաներ: Սա է նաեւ պատճառը, որ դաշտի բյուրեղացում տեղի չի ունենում: Այս ուժերը պետք է հենց այդ ուղղությամբ աշխատեն:
- Այժմ Բագրատ սրբազանն է ակտիվ պայքար մղում` իշխանության դեմ: Դուք էլ, կարծես, սկզբում մի քանի միտինգներին ներկա էիք: Սրբազանը ո՛չ նախկին է, ո՛չ ներկա: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ լայն զանգվածները չեն կոնսոլիդացվում Սրբազանի շուրջ:
- Բագրատ սրբազանի շարժումը կարող էր բավականին մեծ հաջողություններ արձանագրել, դա ցույց տվեց նա մայիսի 9-ին, երբ Տավուշից քայլելով Երեւան հասավ: Հրապարակում հավաքված ժողովրդի քանակն ու տրամադրությունները լավագույն ցուցանիշն էին՝ ասելու, որ կա իշխանափոխության հնարավորություն: Բայց հետո շարժումը գնաց սխալ հունով, Բագրատ սրբազանը, լինելով ապաքաղաքական մարդ, տրվեց խորհրդարանական ընդդիմության խարդավանքներին, ընկավ նրանց ազդեցության տակ, եւ Սրբազան շարժումը վերածվեց խորհրդարանական ընդդիմության հերթական մի շարժման: Հիմա Բագրատ սրբազանը դարձել է քաղաքական աղմուկ ստեղծող շարժումներից մեկը, որը կառավարվում է խորհրդարանական ընդդիմության կողմից եւ, ըստ էության, ունի մեկ հիմնական նպատակ. նախքան 2026 թվականը քաղաքական աղմուկը չդադարեցնել, որպեսզի մարդիկ հանգստանալու եւ հասկանալու հնարավորություն չունենան, որպեսզի հասկանան` ով ով է: Ես կոչ եմ անում եւ խորհուրդ եմ տալիս Բագրատ սրբազանին՝ դադարեցնել Սրբազան պայքարը եւ կոչ անել նույն այդ խորհրդարանական ընդդիմությանը՝ վայր դնել մանդատները: Միակ տարբերակը, որ կարող է շարժմանը հաջողություն բերել, դա է: Խորհրդարանական ընդդիմությունը մանդատները պետք է վայր դնի:
- Ի՞նչ կտա այդ քայլը:
- Մանդատները վայր դնելուց հետո Ազգային ժողովն ապալեգիտիմացվելու է: Իրավական ուղիղ եւ ուղղակի լուծումներ չկան, որ Ազգային ժողովը ցրվի, բայց փոխարենը ցանկացած օրենք, որը կընդունվի իշխանական ֆրակցիայի կողմից, կլինի ոչ լեգիտիմ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման կանոնակարգը շուտով մտնելու է Ազգային ժողով, հիմա՝ այս պահին, խորհրդարանական ընդդիմությունն ունի մեկ քայլ անելու, եթե իսկապես մտահոգ է եւ ցավում է կատարվողի համար, չպետք է լեգիտիմացնի այդ ամենը: Հակառակ դեպքում, եթե մնում են խորհրդարանում, բոյկոտ են անում, իրար վրա շշեր են նետում, իրար ինչ ասես՝ ասում են։ Դրանք՝ բոլորն անօգուտ են:
- Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Սուրեն Պետրոսյանը եւ Դուք նույն բանն եք պնդում: Ընդդիմությունը դա համարում է իշխանական նարատիվ:
- Դրանք չեն կարող լինել իշխանական թեզեր: Ազգային ժողովի նախագահի մակարդակով ասվում է, որ այս ընդդիմությունը նվեր է իրենց համար: Այս ընդդիմության գոյությունը, որպես պառլամենտական ընդդիմություն, միայն ու միայն շահավետ է իշխանությանը: Չի կարող իմ ասածը լինել իշխանական թեզ: Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ առանց այդ ընդդիմության չի կարող երկար գոյատեւել, նույնը գիտակցում է ընդդիմությունը, որ առանց այս իշխանության երկար կյանք չի ունենալու: Մեկը մյուսին սնող աղբյուրներ են: Այս ամենի մեջտեղում կորցնում ենք պետությունը:
- Իսկ Դուք ինչո՞վ եք այժմ զբաղվում: Ի՞նչ ծրագրեր ունեք:
- Ես քաղաքականության մեջ դեռ շարունակելու եմ իմ գործունեությունը, չեմ պատրաստվում քաղաքականությունից դուրս գալ, այս պահին դեռեւս քաղաքական նոր ծրագրեր չկան:
- Շփվո՞ւմ եք նախկին կուսակիցների հետ:
- Շփումներ կան, նրանք նախեւառաջ իմ ընկերներն են, նոր հետո՝ քաղաքական գործընկերները: Բայց, ամեն դեպքում, նրանց չեմ ցանկանում մեկնաբանել, ես վաղուց այդ կուսակցությունից չեմ: