Քաղաքականություն

Կառավարությունն առաջարկում է քրեորեն պատժելի համարել ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը

Կառավարությունն առաջարկում է քրեորեն պատժելի համարել ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը

Հայաստանի արդարադատության նախարարությունը մշակել է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մի նախագիծ, որով առաջարկում 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածում։ Փոփոխությունից հետո հոդվածում կավելանան «ինքնիշխանությունից հրաժարվելուն» բառերը, և հոդվածի երկրորդ կետը կշարադրվի հետևյալ բովանդակությամբ․ «Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով»:

Նախագիծն այսօր արդեն հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 

Ըստ նախարարության՝ նախագծի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:

Տարօրինակ է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգի տակ դրած, տեղ-տեղ՝ այն խախտած կամ դրա խախտումները թույլ տված, թշնամու կողմից այդպիսի գործողությունները չկանխած Հայաստանի կառավարությունը հանկարծ որոշել է օրենքի փոփոխությամբ ապահովագրել Հայաստանի ինքնիշխանության դեմ կատարված ոտնձգությունները։

Նախագծի հիմնավորման մեջ, օրինակ, հիշեցվում է, որ Քրեական օրենսգրքում հատուկ քրեաիրավական պաշտպանություն է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար՝ պատասխանատվություն նախատեսելով այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են տարածքային ամբողջականությունը խախտելուն, այն է՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն:

Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածում արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսվում հրապարակային կոչի համար, որն ուղղված է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն:
         
«Ամբողջ վերոշարադրվածից հետևում է, որ գործող Քրեական օրենսգրքում քրեական պատասխանատություն նախատեսված է միայն Հայաստանի Հանարպետության ինքնիշխանության՝ որպես Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված պետության կարևորագույն սահմանադրիրավական բնութագրիչի գործողությունը փաստացի դադարեցնելու համար: Իսկ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ»,-կարծում է Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմող արդարադատության նախարարությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image