Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի ֆինանսական տարվա համար Ազգային պաշտպանության ակտի փոփոխությունները։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց այդ որոշումը․ «Այո, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախորդ երկու օրերի ընթացքում ընդունել է 2023 ֆիսկալ տարվա Ազգային անվտանգության հատկացումների ակտում չորս հայամետ լրացումներ` շնորհիվ ԱՄՆ-ում հայ լոբբիստների մեծ աշխատանքի։ Նախ՝ սա ընդամենը առաջին քայլն էր։ Այդ հարցը նաեւ Միացյալ Նահանգների Սենատում պետք է քննարկվի։ Ըստ այդմ՝ կա՛մ կընդունի այդպիսի ձեւով, ինչպիսին Ներկայացուցիչների պալատին է գնացել, կա՛մ փոփոխությունների կենթարկվի։ Վերջին տարիներին այս ուղղությամբ մեր լոբբիստները եւ հայ համայնքն աշխատել են շատ ակտիվ։ Սա բացառապես իրենց աշխատանքի արդյունքն է։ Երեւի նկատել եք, որ դրույթները, նախ, պարտադիր չեն, ընդամենը կոչ են անում Միացյալ Նահանգների իշխանություններին՝ տեղեկություններ տրամադրել»։
Միջազգայնագետը մանրակրկիտ ներկայացրեց բոլոր չորս դրույթները․ «Համար 121 լրացումը, որն ընդունվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից՝ հուլիսի 13-ին, առաջադրվել էր դեմոկրատ կոնգրեսմեններ Թոնի Քարդենասի եւ Բրեդ Շերմանի կողմից։ Լրացումով ԱՄՆ պետդեպարտամենտից եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտից պահանջվում է ներկայացնել զեկույց, որտեղ մանրամասն կներկայացվի Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից օգտագործված թուրքական ԱԹՍ-ներում ամերիկյան արտադրության մասերի օգտագործումը, Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի եւ այլ արգելված զինատեսակների կիրառումն Արցախի դեմ, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից օտարազգի ահաբեկիչների հավաքագրումը 2020թ. արցախյան պատերազմի ժամանակ։
Համար 611 լրացումը, որն ընդունվեց հուլիսի 14-ին, առաջադրվել էր ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսմեն Ադամ Շիֆի կողմից։ Այս լրացումով Ներկայացուցիչների պալատը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական պատանդներին։
Համար 337 լրացումը՝ ներկայացված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ հայկական հարցերով հանձնախմբի նախագահ Ջեքի Սփիերի կողմից, ընդունվել է հուլիսի 14-ին։ Այս լրացումով նախատեսվում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետ համագործակցելով, պետք է․
ա) փաստաթղթավորի պետդեպարտամենտի կողմից Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւի շրջանցման բոլոր պահանջների դիտարկման մանրամասները
բ) զեկուցի այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող ռազմական օգնությունը խաթարո՞ւմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը
գ) գնահատի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուժի կիրառումը կամ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը 2020թ. նոյեմբերի 11-ից մինչեւ սույն ակտի ուժի մեջ մտնելը։
Համար 399 լրացումը՝ ներկայացված դեմոկրատ կոնգրեսմեններ Ֆրենկ Փալոնի, Քրիս Փափասի եւ հանրապետական Գաս Բիլիրակիսի կողմից, եւս ընդունվել է հուլիսի 14-ին։ Լրացմամբ նախատեսվում է սահմանափակել Թուրքիային F-16-ների կամ F-16-ների մոդեռնիզացման սարքերի վաճառքն ու տրամադրումը։