Վերջին տարիներին Հրազդանի քաղաքապետարանում իրականացվել են շենքի վերանորոգման աշխատանքներ եւ հին գույքը տեղափոխվել է քաղաքապետարանի առաջին հարկ: Այդ տարածքը նախկինում ճաշարան է եղել: Արդեն 2 օր է Հրազդանի քաղաքապետարանից բեռնատար մեքենաներով ալյումինե պատուհաններ եւ այլ գույք են տեղափոխում: Հետաքրքվեցինք, թե ո՞ւր են տեղափոխում գույքը. «Տարիներ առաջ քաղաքապետարանի առաջին հարկում քյաբաբնոց է եղել, լավ էլ մարդիկ աշխատացրել են, ու եկամուտ ունեցել, գույքի տերն ու տիրակալն էլ քաղաքապետարանն է, ինքներդ դատեք »,-ասաց մեր զրուցակիցը: Թե ո՞ւմ է պետք քաղաքապետարանի հին գույքը եւ ո՞ւր են տեղափոխում, հարցրեցինք Հրազդանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Մայիս Պողոսյանին.
«Մեր գույքն է, գույքագրված է, ուղղակի տեղափոխում ենք: Այդ տարածքն ենք մաքրում, մի գուցե այդ տարածքը օգտագործենք»: Հարցին՝ ի՞նչ նպատակով եք ուզում օգտագործել այդ տարածքը, նախկինում ճաշարան է եղել, մտադիր եք կրկին ճաշարա՞ն բացել. «Դեռ չգիտենք, չեմ կարող ասել, էնտեղ ավերակ է, կմաքրենք, կտեսնենք»: Իսկ ո՞ւր են տեղափոխել հսկա ալյումինե պատուհանները. «Մեր ենթակայության տակ գտնվող ինչ- որ մի տարածք, ոչ պիտանի փայտ ա, եւ լուսամուտներ են, որոնք պիտանելիություն չունեն»: