ԿԸՀ-ն իր այսօրվա՝ հունիսի 17–ի նիստում համաձայնություն տվեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։ Այս մասին ԿԸՀ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, և պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։ Ռուսլան Բարսեղյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 62–րդ հորիզոնականում է, իսկ Ասատուր Քոչարյանը՝ 154–րդ հորիզոնականում։
Այս առնչությամբ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, նշելով, որ սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. «Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ»։