Հասարակություն

Աջափնյակի մետրոյի կայարանի հարցը՝ նոր կառավարության սեղանին

Աջափնյակի մետրոյի կայարանի հարցը՝ նոր կառավարության սեղանին

Դեռեւս նախկին իշխանությունների օրոք Հանրային խորհրդում քննարկվում էր Երեւանում, Աջափնյակում մետրոյի կայարան կառուցելու գաղափարը։ Այն ժամանակ դա իշխանության կողմից  համարվում էր անիրատեսական, քանի որ պետական սուղ բյուջեն չէր ընձեռում այդ հնարավորությունը։ Մյուս կողմից՝ առկա է տրանսպորտային բեռնաթափման խնդիրը, որը զգալիորեն կհեշտացնի անվտանգ երթեւեկությունը։

Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, որը նախկինում էլ էր ՀԽ անդամ, մեզ հետ զրույցում հիշում է, որ ժամանակին նամակ են գրել կառավարությանը, ներկայացրել Հանրային խորհրդի կարծիքը, որ Աջափնյակի մետրոյի կայարանը կառուցելու համար կան նախադրյալներ։ Առաջին նախադրյալը, ըստ Սաֆարյանի, այն է, որ աշխատանքների 70 տոկոսից ավելին կատարված են եղել նախկինում, միայն 30 տոկոսի համար կարելի է գումար հատկացնել, եւ կարելի է ունենալ մետրոյի նոր կայարան Աջափնյակում։

«Նախկին կառավարության ժամանակ այդ հարցը քննարկվել է երկու՝ տրանսպորտի եւ արտակարգ իրավիճակների նախարարություններում, որոնք դրական կարծիք են տվել։ Քաղաքաշինության կոմիտեն նույնպես դրական կարծիք է տվել եւ նպատակահարմար է գտել մետրոյի նոր կայարանի կառուցումը։ Մենք առաջարկել էինք չորս տարբերակ։ «Արթուն» ԲԲԸ-ն, որը «Հայթունելշին»-ի իրավահաջորդն է, մեզ ներկայացրել էր նախագծերի չորս տարբերակ։ Ամենաէժան տարբերակը նախատեսում էր մետրոյի փոքր  կայարան եւ մետրոյի կամրջից դեպի Աջափնյակ կայարան մեկ գծով գնալ-վերադառնալը։ Այդ տարբերակը 75 միլիոն դոլարի գումար ներդրելու պարագայում կունենայինք մետրոյի կամուրջը եւ կայարանը՝ իր նախասրահով, իր մոտեցումներով»,- նախապատմությունն է հիշում Վազգեն Սաֆարյանը։

Մեր հարցին, թե այն ժամանակ կային հակադարձողներ, որ մեր աղքատիկ պետությունն ի վիճակի չէ այդքան գումար տրամադրել, Վազգեն Սաֆարյանն արձագանքեց․ «Խնդիրն այն է, որ գումարը թվում է խոշոր, բայց երբ այն բաժանում ես տարիների, ապա տարեկան ստացվում է 25 միլիոն դոլար, քանի որ դա պետք է կառուցվի երեք տարվա ընթացքում։ Իհարկե, մեկ տարվա համար հնարավոր չէ, որ մեր շինարարական կազմակերպություններն իրացնեն այդ ծավալը, նույնիսկ 25 միլոին դոլարը դժվարությամբ կիրացվի։ Այնպես որ, այսօր հնարավոր է պետբյուջեից  տարեկան 25 միլիոն դոլար հատկացնել Աջափնյակի մետրոյի համար։ Ինչ վերաբերում է մետրոյի հետագա զարգացմանը՝ Աջափնյակից դեպի այլ ուղղություն, դա արդեն կառավարության որոշելիք հարցն է»։ 
Վազգեն Սաֆարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հունիսի 1-ին ընդունել է որոշում կառավարության ծրագրի վերաբերյալ, որը նախատեսում է  մետրոյի արդիականացում եւ զարգացում։ Եվ իրենք էլ հենվել են կառավարության այս դրույթի վրա, քննարկել այն ՀԽ-ի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի  հանձնաժողովում։ Վերջերս այդ հարցը քննարկվել է նաեւ նորաստեղծ տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության հանձնաժողովում, որին մասնակցել են քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը, Երեւանի գլխավոր ճարտարապետը, Ճարտարապետների միության նախագահը, «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրենը, Գուրգեն Մուշեղյանը, Հրաչիկ Պողոսյանը եւ շատ ճանաչված այլ անձինք։ Նրանք այն կարծիքին էին, որ կառավարությունը պետք է կարծիք հայտնի մետրոյի նոր կայարան կառուցելու մասին։ Եվ, ըստ այդմ էլ, որոշվել է հանձնարարել «Արթուն» ԲԲԸ-ին, «Երեւաննախագիծ» եւ «Տրանսնախագիծ» ինստիտուտների հետ մեկ ամսվա ընթացքում ներկայացնել նախահաշվային փաստաթղթեր, որպեսզի քաղաքաշինության կոմիտեն դրանք ներկայացնի կառավարությանը։ 

«Մենք դեկտեմբերի 14-ին քննարկումներ ենք ունեցել քաղաքապետի հետ, քաղաքաշինության կոմիտեի նախագահն է մասնակցել, ճարտարապետների միության նախագահը, Գուրգեն Մուշեղյանը, «Արթուն» ԲԲԸ նախագահը։ Դեռ չկա վարչապետի եւ կառավարության արձագանքը, մենք դրան ենք սպասում։ Քաղաքաշինության կոմիտեն դեռ պետք է ներկայացնի այդ հարցը կառավարությունը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը «Արթուն» ԲԲԸ-ից խնդրեց ներկայացնել նախահաշիվ՝ այսօրվա գներով ի՞նչ կարժենա այդ կայարանի կառուցումը փոքրացված տարբերակով։ Մենք գեներացրել ենք հանրային կարծիքը եւ այն ներկայացրել կառավարություն։ Մնացածն իր որոշելիքն է»,- նշեց Վազգեն Սաֆարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image