Հայաստանում իշխանությունը կորցրած անհատներն ու կուսակցությունները կանգնում են լուրջ խնդիրների առջեւ, որոնք բնորոշ են հետխորհրդային եւ անցումային փուլը չհաղթահարած երկրներին։ Նոստալգիկ զգացողությունները, երբ մարդիկ որոշումներ էին կայացնում, ապրում կառավարական առանձնատներում, շրջագայում ծառայողական ավտոմեքենաներով, պարբերաբար հայտնվում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, չեն լքում նրանց երկար ժամանակ։ Միգուցե դա է պատճառը, որ այսօր որոշ հանրապետականներ, սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում շարունակում են իրենց տեսակետները հայտնել, քննադատել գործող իշխանություններին՝ շրջանցելով իրենց նկատմամբ դեռեւս չմարած հանրային դժգոհությունն ու զայրույթը։
Գործող իշխանություններին անողոք քննադատում են, մասնավորապես Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանը, երբեմն՝ Արտակ Զաքարյանն ու Մարգարիտ Եսայանը։ Իսկ ահա Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը դուրս են եկել ՀՀԿ-ից իրենց դիմումի համաձայն։
Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց Սերժ Սարգսյանը դեռեւս լռություն է պահպանում՝ հանրային միջոցառումների ժամանակ խուսափելով պատասխանել ԶԼՄ-ների հարցերին։
Օրերս հայտնի դարձավ, որ 2017թ․ ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը մեկ տարով մեկնում է ԱՄՆ՝ ուսանելու։ Վիգեն Սարգսյանն, իհարկե, լավ կրթության պակաս չունի։ Նա Հայաստանում, ԵՊՀ-ն ավարտելուց հետո, 1998-2000թթ․ սովորել է ԱՄՆ-ի Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչեր դպրոցում, Թաֆթս եւ Հարվարդի համալսարաններում։
Եվ ակնհայտ է, որ որքան էլ Վիգեն Սարգսյանին հավելյալ կրթություն ստանալու մղումն է կրկին ուղղորդում դեպի ԱՄՆ, նույնքան էլ ժամանակի ընթացքում ՀՀԿ-ից տարանջատվելու, կուսակցական գործունեությունից հեռանալու խնդիր ունի։ Նույն կուսակցական ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցրած արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը վերջերս դադարեցրեց իր կուսակցական գործունեությունը, չնայած ՀՀԿ-ի պաշտոնական կայքում նրա անունը մնացել է որպես ՀՀԿ ԳՄ անդամ։ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էլ այս ընթացքում հաջողեցրել է իրավական խորհրդատվություն իրականացնող ընկերություն բացել՝ «Դավիթ եւ ընկերներ» անունով։
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը վստահեցնում է՝ աշխատանքային նորմալ վիճակ է, կառույցները նորմալ աշխատում են, կան անդամագրվողներ։ Ինչ վերաբերում է առաջիկայում կուսակցության՝ համագումար հրավիրելուն, ապա Ռուբեն Թադեւոսյանը նշեց, որ մինչեւ 2020թ․ կարող են համագումար հրավիրել ըստ «Կուսակցությունների մասին» օրենքի։
«Եթե անհրաժեշտություն լինի, ապա կարող ենք արտահերթ համագումար հրավիրել, բայց դրա անհրաժեշտությունը չկա առայժմ»,- նշեց Ռուբեն Թադեւոսյանը։
Նկատելի է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին, ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի ժամանակ ՀՀԿ-ն նախկինի պես ամբողջական կազմով չէր։
«Դավիթ Հարությունյանը Ծիծեռնակաբերդում էր, հարցազրույց էլ տվեց, ես էլ էի այնտեղ, Լալայան Մուշեղն էլ, Սարգսյան Վիգենն էլ այնտեղ էին, Սահակյան Գալուստը, Աշոտյան Արմենը, Ավագյան Կարենը, Բաղդասարյան Վահրամը, Նիկոյան Սամվելն էլ այնտեղ էին։ ԳՄ անդամների մեծ մասն այնտեղ էին, ովքեր բացակայում էին, ուրեմն հարգելի պատճառ կար, կա՛մ Հայաստանում չէին, կա՛մ այլ պատճառ կար»,- ասաց մեր զրուցակիցը։
Որոշ ազդեցիկ ՀՀԿ-ականներ թավշյա հեղափոխությունից հետո լքեցին կուսակցության շարքերը, մտավախություն չունե՞ն, որ ՀՀԿ-ն էլ կարժանանա ՀՀՇ-ի ճակատագրին։
«Մտահոգություն չունենք, մի՛ անհանգստացեք»,- արձագանքեց Ռուբեն Թադեւոսյանը։