Հանրային ռադիոյի նախկին իրավաբան Սիրուշ Աղվանյանն օրերս սոցցանցում գրառում էր կատարել, որն անմիջապես տարածվեց համացանցով մեկ եւ նոր սկանդալ է դառնալու Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի գլխին։ Քոլոյանն Աղվանյանին կարգապահական պատասխանատվության է ենթարկել, վերջինս դիմել է դատարան եւ հասել նրան, որ իր վերաբերյալ ակտն անվավեր է ճանաչվել։
«Այդ նկատողությունն իմ «ընդդիմադիր» հայացքների, ըստ իր խոսքերի` «իրեն չպաշտպանելու» արձագանքն էր։ Ակնկալում էր, որ պետք է գովերգեմ Հանրային ռադիոյի աշխատակիցների սահմանադրական իրավունքները ոտնահարող հրամանը, աշխատակիցներին խուզարկելու նպատակը եւ այլն։ Առավելապես ագրեսիվ արձագանք էի ստանում, երբ վկայակոչում էի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը»,- գրում է Ռադիոյի նախկին իրավաբանը՝ խոստանալով, որ շուտով շարունակելու է թեման․ իր աշխատանքից ազատման վերաբերյալ եւս դիմել է դատարան։
Հիշեցնենք․ անցյալ տարվա հուլիսից, երբ Հանրային ռադիոյի տնօրեն նշանակվեց «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից, միջազգային լրահոսը լուսաբանող՝ Պրահայի բնակիչ, ԱՄՆ քաղաքացի, մոտ 70-ամյա Արմեն Քոլոյանը, նրա շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Նախ, դատական հայցեր եղան Ռադիոյի տնօրենի թեկնածուների կողմից, որոնք մրցույթի արդյունքներն էին վիճարկում։ Ապա Ռադիոյի կոլեկտիվից սկսեցին բողոքներ տեղալ: Ընդդիմադիր հայացքներ ունեցող նախկին տնօրեն Գարեգին Խումարյանից հետո կոլեկտիվը դժվար էր հարմարվում նիկոլական Քոլոյանի հետ, որը նաեւ Հանրային ռադիոյի երկար տարիների մրցակից ռադիոկայանի ներկայացուցիչն էր ու բուն լրագրողական գործունեությամբ երբեք չէր զբաղվել։
Անցյալ տարվա սեպտեմբերին` Արցախի հայաթափման տարելիցի նախօրեին, պայթեց Բաքվի եւ Ստամբուլի ժամանակը ցույց տվող ժամացույցների հետ կապված սկանդալը, երբ Քոլոյանը դրանք տեղադրեց նյուզրումում` իբրեւ թե տարբեր մայրաքաղաքների ժամային գոտու պատկերն ունենալու նպատակով, թեպետ Բաքվի ու Երեւանի ժամային գոտին նույնն է։ Հետո, իհարկե, հանրային վրդովմունքի ալիքի ներքո Բաքվի ժամացույցը հանեց։ Վերջին աղմկոտ միջադեպն էլ Քոլոյանի կնոջ՝ Շուշան Ղազարյանի` արցախցիներին թիրախավորող գրառումն էր, որում տիկինը նրանց անվանել էր «Աստծուց մոռացված դժբախտներ», որոնք «մեր հացը լափում են եւ մեր դեմ միավորվում»։ Ու չնայած Ղազարյանը ներողություն խնդրեց, հանրային վրդովմունքը մեղմել չի հաջողվում։ Իսկ Քոլոյանը հայտարարեց, թե չի կարդում կնոջ գրառումները։ «Ես նրան ասել եմ` դու դու ես, սա էլ քո Ֆեյսբուքն է»,- ասել էր ամուսինը Sputnik-ին։ Իր կնոջ խոսքի ազատությունը հարգող տնօրենը, սակայն, խիստ գրաքննիչ է Ռադիոյի կոլեկտիվում․ բանը հասել է այնտեղ, որ նրանց արգելել են սոցցանցերում կարծիք հայտնել: Իսկ Ռադիոն բոլոր ժամանակներում շատ ավելի ազատ է եղել, քան Հանրային հեռուստատեսությունը: Հիմա Արցախին վերաբերող, ցեղասպանության թեմայով նյութերը խստորեն գրաքննվում են, այստեղ հակահայ եւ խիստ նորաձեւ մթնոլորտ է տիրում։ Մի քանի արցախցի աշխատակիցների է աշխատանքից ազատել: 70-ամյա տնօրենը 40-ամյա աշխատակիցներին պարբերաբար ասում է` հարկավոր է կոլեկտիվը երիտասարդացնել, տարեց աշխատակիցներից ազատվել: Եվ մի տեղեկատվություն էլ ներսից` իր 8 ամսվա գործունեության ընթացքում 6 անգամ արտերկրյա գործուղման է մեկնել տնօրենը: Իրավաբան Սիրուշ Աղվանյանի եւ նրա վերադասի կոնֆլիկտը եւս սկիզբ է առել գրաքննության թեմայից: Մենք զրուցեցինք նախկին իրավաբանի հետ։
- Շա՞տ են Քոլոյանի հրամաններով ազատվածները։
- Շատ են, թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց ազատված աշխատակիցներ կան։
- Գրել եք ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հակասող որոշումների մասին։ Ո՞ր որոշումները նկատի ունեք։
- Մեկ օրինակը հենց իմ հրամանն էր։ Խախտվել է այն, որ ըստ էության նշում էին, որ ես որեւէ պարտականություն ունեմ, որն իրականում իմ պարտականությունը չէր։ Դա նաեւ դատական պրոցեսում հաստատվեց, բայց քանի որ կային ուղղորդված վկաներ, նրանք ցուցմունք էին տալիս, որ դա իմ պարտականությունն էր։ Օրինակ, ինչ-որ փաստաթուղթ կազմելու պարտականությունը։
- Այսինքն՝ կա ճնշումների, ուղղորդումների ներքին անառողջ մթնոլորտ։
- Այո։ Ինչեւէ, դատական ակտով հաստատվեց, որ հրամանը տրվել էր ապօրինի։
- Սա կադրայի՞ն քաղաքականության խնդիր է, թե՞ հենց Ձեր հանդեպ են ոչ իրավաչափ վարվել։
- Սուբյեկտիվ չլինելու համար կպատասխանեմ միայն իմ մասով՝ ես համաձայն չէի հրամանի հետ, դրա համար այն բողոքարկեցի։ Ես փորձել եմ իմ աշխատելու ընթացքում թույլ չտալ, որ օրենքի խախտում կատարվի, Սահմանադրությանը հակասող հրամաններ տրվեն։
- Այսինքն, ինչ-որ վտա՞նգ եք զգացել այդ հրամաններից։ Ի՞նչ հրամաններ էին դրանք։
- Չէի ցանկանա ավելին ասել, քանի որ ունեմ եւս մեկ դատական գործ։
- Եղե՞լ են կադրային կրճատումներ, թե՞ ոչ։
- Առաջարկներ լինում են, որ մարդիկ աշխատանքից ազատվեն։
- Ճի՞շտ է, որ աշխատանքային պայմանագրերում կետ կա, որի համաձայն՝ չի կարելի ղեկավարությանը, իշխանությանը քննադատել։
- Դա, ըստ էության, սարքվեց որպես պայմանագրի կետ։ Բայց ես չգիտեմ, քանի որ դա համընկավ հենց ինձ աշխատանքից ազատելու պրոցեսի հետ, եւ ես տեղյակ չեմ, թե այդ հրամանն ինչ տեսքով փորձեցին դարձնել աշխատանքային պայմանագրի մաս։
- Բայց կա՞ր նման խոսակցություն։
- Իհարկե։ Եվ պատճառներից մեկն էր, որ ես իր հետ համաձայն չէի։ Ռադիոն կարծիքի, խոսքի ազատության միջոց է, սա այն էր, որ ես շաբաթը մի քանի անգամ հիշեցնում էի։
- Ռադիոյի տնօրենը տիրապետո՞ւմ է ՀՀ օրենքներին, ի վերջո, 30 տարի այստեղ չի ապրել։ Թե՞ վստահ է, որ ինչ էլ լինի, ունի իրեն նշանակողների հովանավորությունը։
- Ես գիտեմ մի բան՝ եթե դու ապրում ես ՀՀ-ում, գործում ես ՀՀ ցանկացած ընկերությունում, հատկապես՝ Ռադիոյում, պարտավոր ես առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրութամբ եւ օրենսդրությամբ։ Այլ պատճառներն ինձ համար չեն կարող արդարացի լինել։
- Ձեր տարակարծությունները վերադասի հետ ինչի՞ց սկսվեցին, որ նա Ձեզ ազատեց։
- Ինքս էլ չեմ հասկացել դա, անգամ այդ հարցը տվել եմ։
- Գրել եք, որ տնօրենը ցանկացել է խուզարկել աշխատողներին։ Ի՞նչ նկատի ունեք։
- Տնօրենը եկավ ու ասաց, որ ցանկանում է, որ աշխատակիցներն աշխատանքի գալուց առաջ խուզարկվեն, այսինքն՝ շենք մտնելուց խուզարկվեն, այսինքն՝ պայուսակների պարունակությունը ստուգվի։
- Ինչո՞ւ։
- Չգիտեմ տրամաբանությունը, պատճառները չեմ հարցրել։ Ուղղակի, որպես իրավաբան, փաստաբան՝ վկայակոչել եմ Սահմանադրություն, Քրեական օրենսգիրք։ Առավել եւս, որ իմ ուղղվածությունը, մասնագիտացումը քրեական իրավունքն է, պարզ է, որ խուզարկության հիմքերին որոշակի չափով տիրապետում եմ։
- Գրել եք, որ եկել էր ցուցակով, թե ում հեռացնի։ Ո՞վ է տվել այդ ցուցակը, ի՞նչ ցուցակ է։
- Ցուցակն անձամբ չեմ տեսել, բայց թիրախավորված անձանց նայելով, ես ենթադրում եմ, որ կարող է ցուցակ եղած լինել։
- Ի՞նչ իրավիճակ, մթնոլորտ է հիմա Ռադիոյում։
- Տեղյակ չեմ, բայց, դատելով մամուլի հրապարակումներից, սոցցանցերի նյութերից, գիտեմ, որ լրագրողների դեմ ճնշումներ կան, եւ այն պայմանագրի կետը, որի դեմ ես պայքարում էի, որի մասին քիչ առաջ խոսեցինք, չեմ կարող ասել, որ դա որեւէ աղերս ունի լրագրողական անկախության հետ։
ՀԳ․ Ի դեպ, պետգնումների պաշտոնական կայքից պարզ է դառնում, որ Հանրային ռադիոն նաեւ անհասկանալի ու անտրամաբանական ծախսեր է կատարել՝ 9.7 մլն դրամ է վճարել ինչ-որ բաժանորդագրման ծառայության համար (Reuters-ին), դիմահարդարման ծառայություններ է ձեռք բերել` մի քանի հարյուր հազար դրամի։ «Ռոյթերզի» ընտրությունը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ Արմեն Քոլոյանը ժամանակին «Ազատություն» ռադիոկայանում «Ռոյթերզ» է թարգմանել։ Փորձեցինք հարց ուղղել Ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանին, թե, իր կարծիքով, արդարացվա՞ծ է արդյոք նման ծախսը։ «Չեմ կարող ասել, քանի որ այսօրվա գներին չեմ տիրապետում ու չեմ էլ հիշում, թե այն ժամանակ որքան էր, բայց «Ռադիոլուրը» միանշանակ պետք է ապահովված լինի բոլոր տեսակի լրատվական գործակալությունների հոսքերով»։ Այլ հարցերի Ամիրյանը չպատասխանեց՝ ասելով․«Չեմ հետեւում, զբաղված եմ շինարարությամբ, ժամանակ չունեմ հետեւելու, թե ինչ է կատարվում»։ Աշխատակիցները Ձեզ չե՞ն պատմում, որ, օրինակ, շենք մտնելիս իրենց ուզում են խուզարկել։ «Աշխատակիցներին երբ որ տեսնում եմ, ջերմորեն գրկում եմ, եւ վերջ, մի վայրկյան ավել ժամանակ չունեմ»,- ասաց Ամիրյանը` հավանաբար չցանկանալով իրենից հետո աշխատող տնօրենի մասին վատ բան ասել։