Հարցազրույց

Կազմակերպված ու ավտոբուսներով` արցախցիները Երեւան են եկել միայն մեկ անգամ

Կազմակերպված ու ավտոբուսներով` արցախցիները Երեւան են եկել միայն մեկ անգամ

Հայաստանում վերջին օրերի ներքաղաքական լարված ֆոնին զուգահեռ, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 1-ին հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է. «Այսօր տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից լուրեր են տարածվել այն մասին, որ իբր արցախցիները ևս մեկնում են Երևան՝ այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար: Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ, ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել»: 

Թեմայի շուրջ զրուցել ենք Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ 

- Տիկին Հակոբյան, ԱՀ ԱԱԾ-ի մայիսի 1-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ որևիցե արգելք չկա` Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու: Նաև նշվում է, որ Արցախից մարդկանց եւ մեքենաների մեկնման թվի փոփոխություն չի արձանագրվել։ Այսինքն, ասում են, որ մարդիկ չեն եկել մասնակցելու հանրահավաքներին։ Մինչդեռ մենք լուսաբանել ենք` դրանից մեկ օր առաջ Արցախից զոհված զինծառայողների ծնողներն էին եկել Երևան և բողոքի երթ իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության: Երթին մասնակցում էին նաև ուրիշ արցախցիներ, ինչպես նաև Դուք՝ որպես պատգամավոր։

- Իրականում, արգելք որևէ մեկի վրա դրված չկա, համենայնդեպս, առերես դա չի երևում։ Բայց ավտոբուսներով, բնականաբար, որևէ մեկը դա չի էլ կազմակերպել։ Այդպիսի բան Արցախի պատմության մեջ մի անգամ է եղել՝ դա էլ Արայիկ Հարությունյանը դեռևս վարչապետ եղած ժամանակ, ռեսուրսներ օգտագործելով, 1000 հոգու բերել էր Նիկոլ Փաշինյանին սատարելու։ Դրանից հետո այդպիսի երևույթ չի եղել։ Հիմա մարդիկ, իհարկե, կան, դուք` ինքներդ տեսաք, որ զոհվածների ծնողները, նաև շատ արցախցիներ, որոնք հատուկ հենց այդ նպատակով էին եկել, դա իրենց որոշումն է եղել։ Բայց ոչ կազմակերպված ու ավտոբուսներով։

- Այնուամենայնիվ, սրանով հասկացնում են, որ արցախցին իր բողոքի ձայնը միայն Արցախից պետք է հնչեցնի ու չգա Հայաստան՝ մասնակցելու Արցախի ճակատագրի համար բողոքի ակցիաներին։

- Կան նման հայտարարություններ, ու դա ցավալի է, որոշ պատգամավորներից էլ է հնչել, որ Արցախը չի խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Իրենք հերթական տափակ արդարացումն են դրանով գտնում, որովհետև Արցախի ներքաղաքական կյանքում այսօր որոշվում է Արցախի ապագան։ Եվ արցախցին չի կարող պասիվ կանգնի և նայի, թե ինչպես են մի խումբ ՔՊ-ականներ՝ թրքահաճ էակներ, ուզում որոշել դարերից եկած հայկական Արցախի ճակատագիրը։ Դրա համար այստեղ որևէ մեկը ոչ իրավունք ունի, ոչ իրավասու է որևէ մեկին արգելել խառնվելու, որովհետև յուրաքանչյուրիս ճակատագիրն է որոշվում, ու ոչ միայն արցախցու։ Եվ Արցախի լինել-չլինելու հարցը, և Հայաստանի անվտանգության, պետականության հարցը։ Այնպես որ, այսօր այստեղ միասնական հայի դրսևորում պետք է լինի, ոչ թե Արցախ-Հայաստան տարանջատում։ Ուղղակի պետք չի նման բաներին ուշադրություն դարձնել կամ սպասել` իշխանական թևից ինչ-որ ոգևորող բաներ հնչեն, դա չի լինելու։ Ամեն դեպքում, որևէ մեկը չի կարողանալու արցախցուն որևէ բան արգելել։

 -Լավ, բայց այս պահին Արցախի փրկության համար են Երևանում այս ներքաղաքական ակցիաները, լարվածությունը։ Արցախի ընդդիմադիր ուժերը չե՞ն մտածել նմանատիպ հանրահավաք կազմակերպել Արցախում։

 - Անկեղծ ասած, Արցախում դրա կարիքը մենք դեռ չենք տեսել։ Որովհետև հիմնական իմաստը Հայաստանի ներկայիս իշխանություններից ազատվելն է։ Բայց, իհարկե, ձեր ասածն էլ չենք բացառում։ Հենց զգացինք, որ դրա կարիքը կա, դա էլ է արվելու։ Բայց այս պահին այստեղ Արցախի իշխանություններին դեմ գնալու, դրանով ինչ-որ խնդիր լուծելու հարց չունենք։ Որովհետև, ամեն դեպքում, մեր միասնականության որոշումը չենք խախտում որևէ մեկս։ Արցախում մայիսի 14-ի միասնականության այդ հայտարարության մեջ մենք նշեցինք, գծեցինք մեր կարմիր գծերը։ Ու այդ կարմիր գծերի շուրջ մենք` բոլորս, միասնական ենք։ Պայքարը, իրականում, Երևանում պետք է լինի, Երևանի սրտում է որոշվելու Արցախի և Հայաստանի ճակատագիրը։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image