Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո մարդիկ շունչը պահած սպասում են Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ եթե միանա Վարդան Ղուկասյանին, կհաղթի ընդդիմությունը, չմիանա՝ ՔՊ-ն:
«Հրապարակի» լրագրողն այսօր այցելել է Մարտուն Գրիգորյանի շտաբ՝ լսելու և հասկանալու՝ ու՞մ է նա նախապատվությունը տալու՝ ընդդիմադիր թեկնածուի՞ն, թե՞ ՔՊ-ական Սարիկ Մինասյանին: Եւ ինչ քաղաքական զարգացումներ են սպասվում Գյումրիում։
Պարզվել է՝ Մարտուն Գրիգորյանն իր շտաբում չէ, ավելին՝ նրա թիմակիցներից որևէ մեկը չկա, որ մեկնաբանություն տա:
Մեր տեղեկություններով, այս պահին թեկնածուներից ամենածանր կացության մեջ է հայտնվել հենց Գրիգորյանը: Քաղաքական ուժը, որով նա առաջադրվել է, ստիպում է Գրիգորյանին աջակցել ընդդիմությանը թեկուզ ոչ կոալիցիա կազմելով, այլ գոնե ձայներ ապահովելով, որ քաղաքապետ ընտրվի ընդդիմության թեկնածու Վարդան Ղուկասյանը: Մինչդեռ Գյումրիում պտտվում են խոսակցություններ, թե Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանն է որդու առաջ հարց դրել, որ եթե որևէ կերպ փորձի աջակցել իրենց «հավիտենական» թշնամուն, ինքը չի ների: Թե որքանով են ասեկոսեները ճիշտ, կարող է պատասխանել միայն Գրիգորյանը, որին տեսնել չի հաջողվում:
Իսկ Մարտուն Գրիգորյանի ու Վարդան Ղուկասյանի լարված հարաբերությունները տարիների պատմություն ունեն․ Գրիգորյանն ու Ղուկասյանը 2008-ին իրար դեմ են պայքարել Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար, հաղթել է Ղուկասյանը, բայց դրան հաջորդել են այլ իրադարձություններ: Ղուկասյանի ու Գրիգորյանի անունները կապվում էին արյունալի ծեծկռտուքների, Գյումրիում հնչած կրակոցների ու հաշվեհարդարների հետ:
Գյումրեցիները վստահ են, որ այն, ինչ կատարվել է տարիներ առաջ ոչ միայն չի մոռացվել, այլ իր խոր հետքն է թողել Ղուկասյանների եւ Գրիգորյանների ընտանիքի բոլոր անդամների վրա, նրանց թշնամանքը հավերժ է թվում, եւ մարդիկ կասկածում են, որ Մարտուն Գրիգորյանը՝ սեփական ամբիցիաները մի կողմ թողնելով՝ այս պահին կաջակցի ընդդիմությանը:
Հիշեցնենք, որ 2013 -ին փոխհրաձգություն էր տեղի ունեցել Գյումրի քաղաքի Շիրակացի 54 բ շենքի մոտակա տներից մեկի բակում, որտեղ ապրում է ԲՀԿ–ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի երեխաների կնքահայրը՝ Հարություն Խաչատրյանը, ով ավելի շատ հայտնի է Քավոր Հարութ անունով։
Փոխհրաձգությունից վիրավորվել եւ Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը եւ Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանը։ Կարապետյանը վիրահատությունից 20 րոպե անց մահացել էր։
Ըստ շրջանառվող լուրերի, տեղի էր ունեցել հարձակում Հարություն Խաչատրյանի տան վրա։ Հարձակվողների խումբը գլխավորել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահիկը, որը մինչ այսօր կալանավայրում է, կրում է իր պատիժը։ Գյումրիում համարում էին, որ տեղի ունեցածը Վարդան Ղուկասյանի և Գյումրիից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի միջև եղած թշնամության հերթական դրսևորումն էր:
Այդ արյունալի միջադեպից հետո անմիջապես Հանրապետության երկրորդ քաղաք էր այցելել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, հայտարարել էր՝ զոռբայություն այլևս Գյումրիում չի լինելու:
«Գյումրիում ունենք երկու կլան, որոնք, չգիտեմ ինչու, շատ երկար տարիներ արյունահեղություններով, ջարդուփշուրներով, զոռբայություններով իրենցն են թելադրում: Չի լինի այլեւս, ավարտվեց դարաշրջանը. զոռբայությունն այլեւս Հայաստանի Հանրապետությունում եւ Գյումրիում չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվեն, կամ՝ ինքնահաստատվածները, բոլորը կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն այն մարդիկ, ովքեր զենքով եւ արյունով են լուծում խնդիրները: Մենք այստեղ շատ ավելի խնդիր ունենք, քան Երեւանում, քան մյուս տեղերում», - ասել էր ոստիկանապետը՝ նկատելով, որ Գյումրին յուրահատկություն ունի՝ «այստեղ երկու կլան են…»: