Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի դեմ եւս մեկ թշնամական քայլ կատարեց. հայտարարեց, որ Ռուսաստանի հետ բարեկամության մասին խոսողները, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների կողմնակիցները քրեական հանցագործներ են, ով կհամարձակվի խոսել հօգուտ նման դաշնակցային հարաբերությունների, կենթարկվի քրեական հետապնդման եւ կհայտնվի բանտում: Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Ռուսաստանը հայտարարեց Հայաստանի թշնամի պետություն:
Շաբաթ օրը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք առաջադրվեց, նրա մեղադրանքն ավելացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ։ Վարդան Ղուկասյանը երբեւէ Հայաստանի Հանրապետության անկախությունից հրաժարվելու հրապարակային կամ ոչ հրապարակային կոչ չի հնչեցրել, նա երկու անգամ խոսել է Հայաստանի՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանն անդամակցելու նպատակահարմարության մասին՝ ամեն անգամ շեշտելով, որ դա Հայաստանի պետականությունը, անկախությունը եւ ինքնիշխանությունը պահպանելու, Հայաստանի թուրքացման ճանապարհը կասեցնելու միակ ճանապարհն է:
Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ, նման անվանումով պետություն գոյություն չունի, կա Ռուսաստանի Դաշնություն եւ կա Բելառուսի Հանրապետություն: Այն ընդամենը երկու պետությունների միություն է եւ ոչ ավելին, այդ միությանն անդամակցած պետություններից որեւէ մեկը՝ ո՛չ Բելառուսը եւ ո՛չ էլ առավել եւս Ռուսաստանը իրենց անկախությունից չեն հրաժարվել, իրենց անկախությունը չեն կորցրել: Բելառուսը 10 անգամ ավելի անկախ պետություն է, քան Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ գտնվող Հայաստանը: Կարո՞ղ է որեւէ մեկն ասել, թե որ հարցում է Բելառուսը զիջել կամ կորցրել իր անկախությունը, արդյո՞ք կորցրել է իր պետականությունը կամ իր տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը:
Անկախությունը նախ ենթադրում է սեփական սուվերեն տարածքի նկատմամբ վերահսկողություն եւ այդ տարածքում անկախ որոշումներ կայացնելու եւ այդ որոշումներն իրականացնելու ընդունակություն: Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը կորցրել է անկախության այդ երկու կարեւոր բաղադրիչներից երկուսն էլ` Հայաստանի տարածքի մի հսկայական հատված օկուպացված է Ադրբեջանի կողմից, եւ այդ տարածքների վրա Հայաստանի ինքնիշխանությունը չի տարածվում: Ավելին՝ այս տարվա օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանը կամավոր համաձայնեց Հայաստանի ինքնիշխանությունը զիջել, այսպես կոչված, Թրամփի ուղու նկատմամբ: Եթե անգամ հավատանք Հայաստանը ներկայացնող տարբեր պաշտոնյաների հայտարարություններին, ըստ որի՝ Հայաստանը չի հրաժարվում այդ տարածքի կամ ուղու նկատմամբ իր ինքնիշխանությունից, միայն այն, որ ուղու կառավարումն իրականացվելու է Հայաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ մասնակցությամբ, արդեն իսկ ինքնիշխանության զիջում է: Որեւէ անկախ եւ ինքնիշխան երկիր թույլ չի տա, որ իր տարածքով անցնող որեւէ կոմունիկացիա, ուղի, ճանապարհ կամ նույնիսկ նրբանցք շահագործվի այլ պետության մասնակցությամբ: Եթե Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը որեւէ մեկը զիջել է, դա Նիկոլ Փաշինյանն է:
Հիմա նայեք անկախության մյուս հատկանիշին`սեփական տարածքում ինքնուրույն որոշումներ կայացնելու կամ դրանք կատարելու ընդունակությանը: Հայ հասարակությունը համոզված է, որ Հայաստանում որոշումների կայացման վրա հսկայական ազդեցություն ունեն Ադրբեջանը եւ Ադրբեջանի նախագահը: Ադրբեջանի նախագահը պահանջում է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս եւ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Փաշինյանը միանգամից ստորագրում է համապատասխան փաստաթուղթը, պահանջում է տարածքներ զիջել Կիրանցի հատվածում, Փաշինյանը հնազանդորեն կատարում է այդ պահանջը, պահանջում է իրականացնել Հայաստանի սահմանադրական փոփոխություններ եւ հրաժարվել Անկախության հռչակագրի մասին հղումից, Փաշինյանը հնազանդորեն համաձայնում է, պահանջում է հետապնդումներ սկսել Հայ առաքելական եկեղեցու եւ նրա բարձրագույն ներկայացուցիչների դեմ, անում է: Իհարկե, ամեն նման պահանջը կատարելուց առաջ Փաշինյանը փորձում է համոզել, որ ինքը դա անում է սեփական համոզմունքներից ելնելով, որ ինքն է այդպես ուզում, դա իր որոշումն է եւ ոչ թե դրսի թելադրանք: Բայց նախ հասարակությունը վստահ է, որ դա այդպես չէ, եւ, երկրորդ՝ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ նա հայտարարի, թե, գիտեք, ես համատեղում եմ ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի աշխատանքը եւ դրա համար պարտավոր եմ կատարել վերադասի հրահանգները:
Այսպիսով Վարդան Ղուկասյանին մեղադրանք առաջադրելով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների օգտին խոսելու համար, Փաշինյանը Ռուսաստանը հռչակում է Հայաստանի թշնամի: Թեեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կամ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հրապարակային պահանջ չեն ներկայացրել՝ Ռուսաստանը հռչակել թշնամի պետություն եւ կալանավորել այդ երկրի հետ բարեկամություն անելու օգտին հանդես եկող գործիչներին, բայց պարզ է, որ դա եւս Հայաստանի թուրքացման օրակարգի մաս է, թուրքական պահանջի իրականացում: Ինչպես արդեն նշել ենք, Փաշինյանը Հայաստանը տանում է թուրքական աշխարհին միանալու ուղով, իսկ դա նշանակում է մյուս բոլոր ինտեգրացիոն տարբերակների բացառում: Նշանակում է, որ ով հանդես է գալիս այլ երկրների հետ բարեկամության, նրանց հետ միություններ ձեւավորելու օգտին, դիտարկվում է թուրքական ուղու թշնամի, իսկ թշնամիները ենթակա են մեկուսացման եւ ոչնչացման: Այն, ինչին մենք ականատես ենք լինում մեր իրականության մեջ: