ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը, դրան նախորդած հակառուսական տրամադրություններն ու պաշտոնական մակարդակով Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից դժգոհությունները, ամերիկացի պաշտոնյայի այցի շուրջ բարձրացած աժիոտաժն ու ոգեւորությունն այս օրերին, ակնհայտորեն, տրամադրություններ են փոխել Հայաստանի հանդեպ։ Տպավորություն է, որ Ռուսաստանը սկսել է խանդով վերաբերվել Հայաստանի պրոամերիկյան կեցվածքին, որն ուղեկցվում է բացահայտ հակառուսական տրամադրություններով։
Թերեւս նաեւ դրանով էր պայմանավորված, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանում ՀՀ դեսպանի եւ մյուս դեսպանների հավատարմագրերն ընդունելու արարողության ժամանակ (ի դեպ, Վաղարշակ Հարությունյանի հավատարմագիրն ընդունվեց իր մեկնումից հետո 6-7 ամիս ուշացումով) շնորհավորելով «եղբայրական հայ ժողովրդին եւ երկրի ղեկավարությանն Անկախության օրվա կապակցությամբ», հայտարարել է․ «Հայաստանը մեր ամենամոտ բարեկամը եւ ռազմավարական դաշնակիցն է»։ Ասել է, թե՝ հենց Հայաստանը սկսեց թեքվել Ամերիկայի կողմը՝ երես թեքելով Ռուսաստանից, Ռուսաստանը հասկացավ, որ կարեւոր դաշնակից է կորցնում, եւ սկսեց սիրաշահել Հայաստանին։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը մեր հարցին, թե արդյոք կապ ունեի՞ն մեր պրոամերիկյան սեթեւեթանքներն այս նոր դրսեւորումների հետ, մեզ թվո՞ւմ է, թե՞ իսկապես Ռուսաստանը սկսել է սիրաշահել Հայաստանին, ասաց․ «Դե, Փելոսիի այցն ինքնին մեսիջ էր, բայց դա պատերազմից առաջ էր (հրավերը)։ Պետք է հասկանանք, որ պատերազմը եղավ, բայց նա չչեղարկեց այցը եւ որոշեց, որ, այդուհանդերձ, գալու է Հայաստան, ավելին՝ գալու է միայն Հայաստան, ոչ թե տարածաշրջան։ Սա ինքնին արդեն կարեւոր մեսիջ է։ Չմոռանանք նաեւ, որ նրա այցի ընթացքում Հայաստանը գտնվեց ամերիկյան եւ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, ինչն օգնեց մեզ, որպեսզի աշխարհը հասկանա, թե որտեղ է իրականում խնդիրը, ով է իրականում ագրեսորը, եւ ինչ կարգավիճակում ենք հայտնվել մենք»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, քաղաքագետը նշեց՝ մենք տեսնում ենք, որ Վաշինգտոնը հիմա ակտիվ միջնորդական առաքելութամբ է հանդես գալիս, ԱԳ նախարարներն էլ այս օրերին ԱՄՆ-ում են, այսօր էլ նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 9-րդ լիագումար նիստի շրջանակներում։ Այսինքն՝ ԱՄՆ-ն ակտիվացել է, եւ, սովորաբար, ըստ քաղաքագետի, երբ ակտիվանում է ԱՄՆ-ն, ակտիվանում են նաեւ ռուսները, միշտ փորձում են այնպես անել, որ նախաձեռնությունը չխլեն իրենց ձեռքից։
- Այսինքն՝ կարո՞ղ ենք համարել, որ հենց Փելոսիի այցը, ինչպես նաեւ դրան նախորդած հակառուսական տրամադրությունները նպաստեցին, որ Ռուսաստանը ջերմացնի իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ։
- Ռուսները հասկանում են, որ Հայաստանն ուներ լուրջ ակնկալիքներ, որոնք իրենք չեն բավարարել, եւ սա Հայաստանի համար լեգիտիմ պատճառ է, որպեսզի այս հարցում փորձեին գտնել այլ պետություններ, որոնք կօժանդակեին Հայաստանին այս ստեղծված իրավիճակում։ Ռուսները դա հասկանում են, եւ, բնականաբար, այդ ակտիվությունը դրանով կարող է պայմանավորված լինել, որ՝ «էնպես չի, որ մենք ձեզ մոռացել ենք, մենք շարունակում ենք միասին աշխատել»։
- Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանին օգնելու հարցում ռուս-ամերիկյան մրցակցության ակտիվացում է նկատվում, քանի որ Ռուսաստանը գուցե տեսնում է, որ Հայաստանն իր ազդեցության տակից գնում է՝ թեքվելով Ամերիկայի կողմը։
- Ես չեմ կարծում, որ Հայաստանը ռուսական ազդեցության տակից գնում է, ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները ցանկություն ունեն Ռուսաստանի ազդեցության տակից դուրս գալու, եւ չեմ կարծում, որ այդ հնարավորությունը քննարկվում է։ Այո, քննադատական խոսք հնչել է, եւ էլի են հնչել քննադատական խոսքեր, այդ քննադատությանը, կարելի է ասել, ադեկվատ են վերաբերվում նաեւ ռուս փորձագիտական եւ քաղաքական շրջանակները՝ վերջիվերջո համարելով, որ դա նաեւ Ռուսաստանի հեղինակության հարցն է, եւ, այո, էդ մրցակցությունը լինելու է մեր տարածաշրջանում այնպես, ինչպես եղել է ամենուր։
- Իսկ բուն ռազմական կամ ֆիզիկական բնույթի ինչ-որ օգնություն կարո՞ղ ենք ակնկալել Ամերիկայից։
- Չեմ կարծում, թե Ամերիկայից մենք կարող ենք օգնություն ակնկալել, որովհետեւ Միացյալ Նահանգները հակամարտող պետություններին զենք չեն տրամադրում, եթե ռազմավարական նշանակության կարեւորություն չունի դրանցից մեկն իրենց համար։ Ենթադրենք՝ Սաուդյան Արաբիային կամ Իսրայելին կարող են Իրանի դեմ զինել, իսկ Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ զինելը քիչ հավանական է այս պահին։ Նույնն էլ Ադրբեջանի դեպքում է՝ ինչի՞ համար պետք է զինեն Ադրբեջանին։ Սա է ամենակարեւորը, որ մենք պետք է հասկանանք, որ եթե ԱՄՆ-ն ինչ-որ մի պետության պետք է զինի, դրա համար շատ լուրջ հիմքեր պետք է լինեն՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական։