Մի բան չեմ հասկանում։ Մենք երկար ժամանակ լսում էինք, որ Ժոզեպ Բորելը Հայաստանի դեմ է աշխատում, Հայաստանին չի պաշտպանում, նույնիսկ դրա համար հաճախ քննադատվում էր։ Բայց այսօր Ալիևն է հայտարարում, որ Բորելը հակաադրբեջանական խմբի մաս էր և նույնիսկ ուրախանում է, որ նա հեռացել է պաշտոնից։
Հետաքրքիր է՝ ո՞րն է Ալիևի նպատակը։ Ինչո՞ւ է հենց հիմա Բորելին ներկայացնում որպես Ադրբեջանի «թշնամի»։ Դրա պատասխանը կարծես ինքն էլ տալիս է, երբ հայտարարում է.
«Պարզվում է, որ նրան ֆինանսավորել է ռուսաստանահայ օլիգարխը (նկատի ունի Սամվել Կարապետյանին), որը ներկայումս տնային կալանքի տակ է Հայաստանում»։
Այսինքն՝ Ալիևը հերթական անգամ հրապարակային շրջանառության մեջ է դնում Սամվել Կարապետյանի անունը։ Եվ այստեղ շատերի մոտ բնական հարց է առաջանում. սա պարզապես հերթական քաղաքական հայտարարությո՞ւնն է, թե՞ ակնարկ, որ Երևանում կարող են սկսվել նոր գործընթացներ։ Վերջին ամիսների զարգացումներից հետո նման հարցերը մարդկանց մտքով չեն կարող չանցնել։
Մնում է հասկանալ՝ վերջապես Բորելը ո՞ւմ դեմ էր։ Բայց գուցե հասկանալու էլ բան չկա։ Քաղաքականության մեջ նույն մարդուն այսօր կարելի է ներկայացնել որպես մեկի դաշնակից, վաղը՝ թշնամի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ պահին ում ինչ պատմություն է պետք, ում ինչն է հարմար։
Վերջին տարիների փորձից հետո Ալիևի նման հայտարարությունները Հայաստանում շատերը պարզապես հայտարարություն չեն ընկալում։ Շատերի մոտ դրանք ընկալվում են որպես քաղաքական ազդակներ, որոնց կարող են հաջորդել նոր զարգացումներ։ Կլինի՞ այդպես այս անգամ, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։
Մի բան, սակայն, աչքի է ընկնում. Ադրբեջանը կարծես շտապում է։ Այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ չի ցանկանում սպասել, մինչև Հայաստանում հանդարտվեն նախորդ աղմկահարույց իրադարձությունների շուրջ կրքերը, և արդեն շրջանառության մեջ է դնում նոր անուններ ու նոր թեմաներ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի խաղաղ արձակուրդը կամ պտույտը Հայաստանի շուրջ կեղծ խաղաղության ու հանգստության պատրանք է ստեղծում։