Շաբաթ օրը «Մուլտի Վելնես» սպորտային համալիրի դիմաց աշխատակիցներն ու մարզվողները բողոքի ակցիա էին իրականացնում` դժգոհելով համալիրի փակման կապակցությամբ։ Նրանք հայտարարում էին, որ պետությունը խախտում է աշխատողների և մարզվողների իրավունքները։ «Մարդիկ հարկադիր պարապուրդի են մատնվել։ Մեր սեփականատեր Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում, իսկ պետությունը հարկադրաբար մարդկանց զրկում է աշխատանքից։ Մեր աշխատանքային թիմում կային նաև Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ, որոնց մեծամասնությունը վարձով է ապրում. հիմա նրանք օրվա հացի խնդիր ունեն։ Մարդիկ կան, որ ունեն վարկեր, սակայն ոչ մեկը դրա մասին չի մտածում»,– ասել էր «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներից մեկը։
«Մուլտի Վելնես» համալիրի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը «Հրապարակի» հետ զրույցում հավելեց, որ օրեցօր խնդիրները կուտակվում են։ Նրա խոսքով` ներսում սարքավորումները միացված են և մնացել են հսկողությունից դուրս։ «Միջնորդություն եմ ներկայացրել քննչական մարմնին և սպասում եմ պատասխանի, քանի որ հրատապ լուծում է հարկավոր։ Այս պահին բոլոր մուտքերը կապարակնքված են, ես կամ որևէ այլ աշխատակից դեռ չենք հարցաքննվել։ Մեզ մոտ համալիր ստուգումը սկսել էին, և ամեն ինչ նորմալ գնում էր։ Մեզանից ինչ փաստաթղթեր ուզել են, ամբողջը ներկայացրել ենք։ Տարել են համակարգիչներ, սերվերներ, նաև իմ անձնական հեռախոսը։ Գույքը տանելուց 2 օր անց հայտարարում են, թե հարկեր է թաքցվել, սակայն այդքան օրում նրանք չէին կարող ստուգել», - ասում է մեր զրուցակիցը:
- Իսկ չկա՞ որևէ տեղաշարժ, նորություն, թե երբ կբացվի «Մուլտի Վելնես»-ը:
- Դեռ ոչ մի տեղաշարժ, սպասում ենք, որ իրավապահները, ՊԵԿ-ի աշխատողները յոթօրյա ժամկետում հստակ պատասխաններ կտան, և մեր աշխատանքը կշարունակվի: Ես կարող եմ մի բան հստակ ասել, «Մուլտի Վելնես»-ի աշխատանքը ամեն կերպ տուժել է` թե աշխատակիցներն են տուժել, և թե հաճախորդները, մարզվողները: Բոլորը դժգոհ են, մարդիկ վճարել են և չեն կարողանում այժմ օգտվել: Ամառային հանգիստը շուտով կավարտվի, բայց մարդիկ ոչ մի բանից գրեթե չեն հասցրել օգտվել:
- Շա՞տ են այն հաճախորդները, որոնք վճարել են ամիսների, նույնիսկ տարիների համար, աբոնեմենտ են ձեռք բերել, սակայն այժմ չեն կարողանում օգտվել ծառայություններից:
- Ունենք 4000 հաճախորդ, որից մոտ 2000-ը վճարել է հետագա ամիսների համար, ուղղակի քանի որ համակարգիչները վերցրել են մեզանից, հիմա չեմ կարողանա հստակ թվեր ասել, սակայն նման հաճախորդների թիվը գերազացնում է 2000-ը: Ասեմ ավելին` մենք նաև ունենք ամառային դպրոց` հաշմանդամ երեխաների համար: Մարդիկ իրենց երեխաներին բերում են մեզ մոտ, փաթեթներ են վերցնում, և մասնագետներն աշխատում են տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ, երեխաները նաև կրթություն են մեզ մոտ ստանում: Էլ չասեմ, որ 150 աշխատակից աշխատավարձ չի ստացել, անորոշ վիճակ է, մարդիկ աշխատանքի խնդիր ունեն:
- Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական վարույթների շրջանակում փակել են ԲՀԿ առաջնորդին պատկանող բոլոր կառույցները, գործարանները և այլն:
- Չի կարելի բիզնեսը խառնել քաղաքականությանը: Յուրաքանչյուր բիզնես ունի իր կառավարիչը, ես դա շատ սխալ եմ համարում: Մենք մշտապես մեր հարկերը վճարել ենք, սակայն սկսել են հարկերից խոսել, սոցցանցերում աչքովս ինչ-որ հրապարակումներ ընկան, թվային անճշտությունները ներկայացնում են որպես իրականություն, սակայն մեր հաշվապահները կարող են հակառակը ապացուցել:
- Ասում եք, որ յոթօրյա ժամկետ կա։ Եթե խնդիրը չլուծվեց յոթօրյա ժամկետում, ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:
- Դժվարանում եմ հստակ ասել, եթե հարցին չտան լուծում: Աշխատողներն ինձանից են աշխատավարձ պահանջում, մարդիկ իրենց հասանելիք գումարներն են պահանջում, բայց ես չգիտեմ ինչ ասեմ: Աշխատակիցները իրենք պետք է որոշեն իրենց հետագա անելիքները, ես նրանց փոխարեն չեմ կարող որոշել, գուցե որոշեն համապատասխան կառույցների դիմաց ակցիաներ անել, գուցե ոչինչ էլ չանեն…. մարդիկ ապրելու, ընտանիք պահելու խնդիր ունեն, աշխատել են, բայց աշխատավարձ չեն ստացել:
- Իսկ հաճախորդներից դժգոհություններ ստացե՞լ եք:
- Միանշանակ ստացել ենք, հաճախորդներն ասում են, եթե չեք ասում, թե երբ է բացվելու կենտրոնը, ասեք, որ իմանանք ում դիմենք` գումարները ստանալու մասով: Մի խոսքով` սարսափելի վատ վիճակ է, անորոշ է ամեն ինչ: