Քաղաքականություն

Նիկոլի հակառակ կողմը. երեխա, որը սիրում է վազել, խաղալ եւ վնասել

Նիկոլի հակառակ կողմը. երեխա, որը սիրում է վազել, խաղալ եւ վնասել

Վերջին տարիներին, ամիսներին, շաբաթներին, օրերին ու ժամերին՝ երբ կուզեք, սահմանեք, ինչ պահ կուզեք՝ արձանագրեք, տեղի է ունենում նույն իրողու­թյունը, եւ այս ամենն ասես արջամկան օր է հիշեցնում: Մեզանում տեղի ունեցող այս մեծ դրամայի վարագույրը ետ քաշելիս հաստատապես նկատում ենք, որ Նիկոլի գլխավոր զենքը հոգեբանական անցումներն են. նա խաղում է հասարակության հույզերի, ոչ թե գիտակցության հետ, այսրոպեական, ոչ թե հարատեւ ու ազգային զգացումների, պոռթկումների, ոչ թե հիշողության ու դատողության հետ։ Նա ջնջում է հայի հիշողությունը, նա քաոսի տիրակալն է, ոչ թե ներդաշնակության, նրա քայլերը մտածված չեն, բայց նա մտածում է քայլ անելուց հետո, ոչ թե առաջ:

Նա մտածում է այնքան, որքան քայլերն առաջ են բերում, նա մարտի է կանչում բոլորիս, որ հաղթի, եւ հաղթում է նրան, ով վերցնում է իր կարմիր ձեռնոցը: Բայց Նիկոլը հաճույք է ստանում նաեւ բարդություններից ու պարտությունից, նա շարունակ մարտահրավեր է նետում հասարակությանը, մեզ՝ բոլորիս, որից վստահաբար պարտված է դուրս գալու եւ պարտության համն էլ է զգալու։ Նրա մեջ դեռ երեխան է ապրում, նրա մեջ մարտի 1-ի աղմուկն է ապրում, ցույցերի, հանրահավաքների աղմուկը, քաղաքական տարբեր իրադարձությունների հիշողությունները։ Նա ինքնասիրահարված է ու ինքնախաթարված, նրա կողքին ողջամիտ մեկը չկա, նրա հետ՝ ինչպեսեւ ցանկացած հոգեգարի, շրջապատի, թեկուզ՝ ամենամերձավոր մարդիկ վախենում են հարաբերվել, նրան զայրացնելը հղի է վտանգներով: Նրան վերաբերվում են որպես կամակոր ու հիվանդ երեխայի. հաց կուտե՞ս, էս շորը կհագնե՞ս, էս մուլտֆիլմը կնայե՞ս, գնա՞նք հեծանիվ քշելու:

Քանի դեռ հասարակությունը, անկախ քաղաքական ու գաղափարական ճամբարներից, չի հասկացել վարչապետ Նիկոլի հակառակ կողմը, ճիշտ մեթոդաբանություն չի մշակել, հոգեբանական ճիշտ անկյան տակ չի դիտարկել նրան, նա շարունակելու է իր անհագուրդ քայլերթը մեր բոլորիս արժեքների, պետության, Եկեղեցու, ընտանիքների, շեների, կյանքերի ու ամեն ինչի վրայով: Որովհետեւ նա երեխայի պես անընդհատ փորձարկումներ է անում, ուզում է կոտրել խաղալիքն ու տեսնել, թե մեջն ինչ կա, ուզում է վազել ու տեսնել, թե երբ է հոգնելու, ձեռքը կրակի մեջ է մտցնում ու կատաղում կրակի վրա։ Մեր նախկին ղեկավարներից, թերեւս, եւ ոչ մեկը չի կարող մրցակցել նրա հետ արտերկրյա ճամփորդությունների, պետական գործուղումների եւ այցերի քանակով, շրջագայելու, աշխարհ տեսնելու այդ կիրքն էլ է մանկությանն ու պատանեկությանը բնորոշ: Նա քայլել, խաղալ, խաղալ է սիրում: Նա երեխայի պես ծանոթ եւ անծանոթ աշխարհն է հայտնագործում, նրա հետաքրքրասիրությունը դեռ չի բավարարվել, սակայն նրա մանկամտությունն ու հասունացման շրջանում բոլորին բնորոշ սխալները շատ թանկ են նստում ազգի, պետության վրա: Նրա խաղը մահացու է, բայց մահացու կլինի նաեւ իր համար, այնպես, ինչպես, երբ հետաքրքրասեր երեխան մատները մտցնում է հոսանքի վարդակի մեջ...
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image