Վերլուծություն

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ կոչ արե՞լ են Իսրայելին՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը. ի՞նչ են ցույց տալիս փաստերը

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ կոչ արե՞լ են Իսրայելին՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը. ի՞նչ են ցույց տալիս փաստերը

Սոցիալական ցանցերում մի տեղեկություն կարդացի, որն առաջին հայացքից անչափ զարմանալի թվաց. իբր Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ կոչ են արել Իսրայելին՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Առաջին արձագանքս էր․ «Այս ո՞ւր հասանք, մի՞թե դա հնարավոր է»։

Փորձեցի բաց աղբյուրներում գտնել դրա մասին վկայող որեւէ պաշտոնական հայտարարություն կամ հաղորդագրություն։ Բնականաբար՝ չգտա։ Փոխարենը գտա այն հրապարակումը, որը, ամենայն հավանականությամբ, նման մեկնաբանությունների համար հիմք է ծառայել։ Խոսքն իսրայելական Ynet լրատվամիջոցի հոդվածի մասին է։ Հոդվածի հիմնական թեման Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերություններն են։ Ըստ հրապարակման, Բաքուն Իսրայելի` Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը համարում է «կարմիր գծի հատում» եւ այդ հարցի շուրջ լուրջ դժգոհություն է հայտնել։ Հոդվածում նաեւ նշվում է, որ Ադրբեջանի պաշտոնյաները կարծում են, թե նման քայլը կարող է վնասել երկու երկրների (Իսրայելի եւ Ադրբեջանի) ռազմավարական հարաբերություններին։ Սակայն հոդվածի մեխը վերաբերում էր Հայաստանին։ Ynet-ը նախ նկատում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չեն դիտարկում որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն, ինչից էլ եզրակացնում են, որ Իսրայելում կարող է հարց առաջանալ՝ արժե՞ արդյոք հարաբերությունները սրել Ադրբեջանի հետ, եթե նույնիսկ Հայաստանի ղեկավարությանը չի հետաքրքրում այս ճանաչումը, եւ նրանք չեն պնդում այդ հարցը։ Իհարկե, հոդվածում չի խոսվում, թե Երեւանն ու Բաքուն միասին դիմել են Իսրայելին կամ միասնական դիրքորոշում են արտահայտել։ Նման փաստ չկա։

Այդուհանդերձ, հարցն այստեղ չի ավարտվում։ Քննարկման առարկա են դարձել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները եւ տարբեր լրատվամիջոցներում ամենից հաճախ մեջբերվող միտքը. «Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ»։ Այս հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել։ Ոմանք այն ընկալում են որպես արտաքին քաղաքական առաջնահերթությունների փոփոխության մասին հայտարարություն։ Մյուսները կարծում են, որ նման ձեւակերպումները միջազգային լսարանի մոտ կարող են ստեղծել տպավորություն, թե Հայաստանի համար ճանաչման հարցն այլեւս կարեւոր չէ։

Հենց սա է Ynet-ի հոդվածի ողջ իմաստը։ Եթե Ադրբեջանը բացահայտ դեմ է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, մյուս կողմից միջազգային մամուլը գրում է, որ Հայաստանը եւս այդ հարցը չի համարում առաջնահերթ, ապա արտաքին դիտորդի մոտ կարող է ձեւավորվել այնպիսի ընկալում, որ երկու երկրների մոտեցումներն այսօր, թեկուզ տարբեր պատճառներով, բայց գործնականում նույնն են։ Արդյո՞ք այդ ընկալումն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Այս ֆոնին բնական հարց է առաջանում. իսկ եթե Իսրայելի Կնեսետը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա ո՞ւմ կարող է վնասել։ Պատմական փաստը դրանից չի փոխվի։ Հայոց ցեղասպանությունը պատմագիտական իրողություն է՝ անկախ այս կամ այն երկրի խորհրդարանի որոշումից։ Սակայն Իսրայելի ճանաչումը կունենա բարոյական եւ քաղաքական կարեւոր նշանակություն։ Որպես Հոլոքոստի հիշողության պահպանման հարցում առանձնահատուկ դեր ունեցող պետություն՝ Իսրայելի դիրքորոշումը միջազգային հանրության համար ունի յուրահատուկ կշիռ։ Այդ պատճառով նման որոշումը շատերի համար կլինի ոչ միայն քաղաքական, այլեւ պատմական արդարության եւս մեկ հաստատում։

Այսօր հրապարակված փաստերը հիմք չեն տալիս պնդելու, թե Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ կոչ են արել Իսրայելին՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց առկա փաստերը, ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, բարձրաձայնած տեսակետը հիմք են տալիս քննարկելու մեկ այլ կարեւոր հարց. արդյո՞ք Հայաստանի ներկայիս քաղաքական ուղերձները միջազգային գործընկերների մոտ չեն ստեղծում այնպիսի ընկալում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլեւս Հայաստանի առաջնահերթությունը չէ, եւ հետագա ճանաչմանը հենց ՀՀ իշխանությունն է խոչընդոտում։ Եվ եթե Կնեսետը հետագայում չընդունի իր իսկ կառավարության ընդունած որոշումը եւ չճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, արդյո՞ք դրա մեղավորը հենց Հայաստանի իշխանությունները չեն լինելու։ Թերեւս հենց այս հարցն է արժանի քննարկել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image