ԱՄՆ ներկա նախագահական ընտրական մարաթոնից չգիտեմ ում հիշողության մեջ ինչ դրվագ, արտահայտություն կամ կադր է տպավորվել, ինձ համար ամենահիշվող դրվագը, գոնե մինչ այժմ, Նեւադա նահանգի գլխավոր դատախազի խոսքն էր, որին լրագրողը հարցրեց, թե Թրամփի թիմը հայտարարում է, որ դատական հայց են ներկայացնելու Նեւադայի ընտրական իշխանությունների դեմ՝ նոյեմբերի 3-ից հետո օրեր շարունակ փոստով ստացված քվեները հաշվելու հետ կապված, ո՞րն է Ձեր կարծիքը: Պատասխանը եղավ` Ի՞մ կարծիքով… ապուշություն:
Առհասարակ, նոյեմբերի 3-ից ի վեր, երբ Թրամփի պարտությունը տատանվող նահանգներում սկսեց ուրվագծվել, Դոնալդ Թրամփը 2 օր ինչո՞վ է զբաղված՝ իր հետեւորդներին, հատկապես անտեղյակներին ու մտածելու անընդունակներին հավատացնելով, թե ինքը հաղթում է ընտրատեղամասերում, հետո գալիս են փոստով քվեները, եւ ինքը հանկարծ պարտվում է, ինչը կասկած է ծնում, թե կեղծիք է կատարվում: Հաշվի առնելով Թրամփի` պաթոլոգիկ ստախոսությունը, հիվանդագին նարցիսիզմը, ինչը նախկին նախագահ Օբաման ծաղրել էր՝ ասելով. «Լսե՞լ եք Թրամփն ինչ է ասում` covid, covid covid… ամբողջ օրը հեռուստաէկրաններից covid-ի մասին են խոսում: Նա հիմա էլ կորոնավիրուսին է խանդում, որովհետեւ պանդեմիան իրենից շատ է լուսաբանվում», զարմանալի չէ, որ փորձում է իրեն ու իր հետեւորդներին համոզել, թե իբր սխալ կամ կեղծիք կա այնտեղ, որտեղ ամեն ինչ ճիշտ է»:
Ամերիկյան ընտրական համակարգը հաստատվել ու կատարելագործվել է 200 տարի, այդ երկրի հիմնադրումից ի վեր, եւ հիմնարար կարգավորումներից մեկն այն է, որ մարդիկ վաղօրոք անձամբ (in-person) կամ փոստով քվեարկելու իրավունք ունեն: Կախված նահանգից՝ ընտրություններից 5, 10, 20 օր առաջ ընտրական իրավունք ունեցող անձը կարող է գրանցվել, փոստով ստանալ սահմանված նմուշի քվեաթերթիկը, ծրարը, տանը կատարել ընտրություն, փակել ծրարը, ստորագրել, ընդսմին՝ ստորագրությունը պետք է նույնական լինի տվյալ անձի վարորդական իրավունքի, անձնագրի կամ այլ փաստաթղթի վրա առկա ստորագրության հետ, որն առկա է համապատասխան ռեգիստրում, եւ փոստով ծրարն ուղարկել ընտրատեղամաս: Սովորաբար, անցյալում այս եղանակով քվեարկել է ընտրողների 5-10 տոկոսը: Երբ 2016-ի սեպտեմբերին Միացյալ Նահանգներում էի՝ լրագրողական ծրագրերից մեկով, այցի վերջին օրերին Կոլորադոյում էինք եւ մենք գնացինք ընտրական տեղամաս: Իմ երեւի ամենախորը տպավորությունն ԱՄՆ-ից հենց այդ ընտրական համակարգն է եղել:
Այսպիսով՝ փոստով ուղարկվող քվեները որոշ նահանգներում որպեսզի հաշվարկվեն, պետք է ընտրատեղամասում ստացված լինեն ամենաուշը քվեարկության օրը, այլ նահանգներում, ինչպես Նեւադայում, Փենսիլվանիայում եւ այլն, պահանջվում է, որ քվեն ոչ թե ստացվի, այլ ուղարկված լինի ամենաուշը ընտրության օրը, ինչը երեւում է փոստային կնիքից: Դրանից հետո ամբողջ 10 օր, երբ էլ քվեն ստացվի, այն կհաշվարկվի: Դրա համար էլ Թրամփի դատարկախոսությունը, թե ինքը կարող է վիճարկել փոստով ստացված քվեները օրեր անց հաշվելը, իսկապես ապուշություն է, ինչպես Նեւադայի դատախազն է ասում:
Նախկինում քանի որ ամերիկացիների փոքր տոկոսն է վաղօրոք անձամբ տեղամաս այցելելով կամ փոստով քվեարկել, դա ընտրությունների արդյունքների վրա նշանակալի ազդեցություն չի ունեցել, եւ լրատվամիջոցներն էլ դրա վրա չեն կենտրոնացել: Սակայն այս տարի ԱՄՆ-ում ոչ միայն ռեկորդային մասնակցություն է գրանցվել ընտրություններին` 150 միլիոն մարդ է քվեարկել, այլեւ այդ 150-ից 100 միլիոնը, այսինքն՝ երկու երրորդը քվեարկել է վաղօրոք` հիմնականում փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Դա նշանակում է, որ մի քանի տասնյակ միլիոն մարդու ուղարկած ծրար պետք է ստացվի, դրա վրա առկա ստորագրությունը նույնականացվի, հետո այլ անձանց կողմից ծրարը բացվի, քվեաթերթիկը հանվի, կտրոնը կտրվի, դրանք առանձին մեքենաներում հաշվարկվեն, որից հետո ֆիքսված թվով քվեաթերթիկները, հատուկ դասավորված, իրավասու անձանց կողմից, իրենց ստորագրությամբ տեղափոխվեն երրորդ սրահ, որտեղ տեղադրված տասնյակ սկանավորող մեքենաները կարդում են քվեաթերթիկի նշումը եւ հաշվարկում, թե ում օգտին է տրվել ձայնը: Դրան որեւ մարդ չի մասնակցում:
Այնուհետեւ քվեաթերթիկը սկանավորող, կարդացող մեքենաներից տվյալները փոխանցվում են տեղամասային կենտրոնական սերվերին, եւ որոշակի պարբերականությամբ, դիցուք՝ 6 ժամը մեկ, արդյունքները սերվերն ամփոփում է եւ հաղորդում միաժամանակ 2-3 հասցեատիրոջ` նահանգային իշխանությանը, տեղամասային իշխանությանը եւ, որքան հիշում եմ՝ իրավապահ համակարգին: Այս տարվա տարբերությունը նախկիններից ծարարները ստանալու, ստորագրությունը նույնականացնելու, ծրարը բացելու, քվեաթերթիկները դասավորելու քայլերն են, որ հարկավոր է կրկնել մի քանի տասնյակ միլիոն անգամ ավելի, քան սովորաբար եղել է, ինչն էլ, բնականաբար, դանդաղեցրել է քվեների հաշվարկը:
Ու քանի որ փոստով առավելապես քվեարկել են դեմոկրատները, ցանկացած տեղամասում Ջո Բայդենի ձայները շեշտակի բարձրանում են, երբ հերթը հասնում է փոստով ուղարկված քվեաթերթիկներին: Այդպես եղավ տատանվող նահանգներից Վերջինիայում, Վիսկոնզինում, Միչիգանում, բոլորում էլ սկզբում առջեւում Թրամփն էր, վերջում հաղթեց Բայդենը: Վաշինգտոնի ժամանակով նոյեմբերի 5-ին, ժամը մոտ 12:00-ի դրությամբ Բայդենի օգտին հաշվվել էր շուրջ 72 միլիոն քվե, Թրամփի օգտին` 68 միլիոն: Բայդենն ուներ ընտրիչների հարկավոր 270 ձայնից 253-ը, Թրամփը՝ միայն 213-ը: Ընտրության ելքը որոշում էր Արիզոնա, Նեւադա, Փենսիլվանիա, Ջորջիա եւ Հյուսիսային Կարոլինա նահանգներում ընթացող ձայների հաշվարկը: Բայդենին նախագահ հռչակվելու համար բավարար է հաղթել թվարկված նահանգներից որեւէ մեկում, եթե համարենք, որ Արիզոնայում արդեն հաղթել է, ինչպես որոշ լրատվամիջոցներ կանխատեսում են: Հայտնի է, որ բոլոր նահանգներում, բացի Հյուսիսային Կարոլինայից, առջեւում Բայդենն է: