Քաղաքականություն

Անզգուշություն է, հույս ունեմ, որ ամեն ինչ կհարթվի

Անզգուշություն է, հույս ունեմ, որ ամեն ինչ կհարթվի

ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դեպի «Իմ քայլը» դաշինքը սահուն անցում կատարած եւ այդ դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Հայկ Կոնջորյանի այսօրվա ելույթն ԱԺ-ում կարող է դիվանագիտական սկանդալ հասունացնել։ ԱԺ պատգամավորը, ի թիվս մեր այլ հարեւանների, ավտորիտար երկիր է անվանել նաեւ Իրանը։ «Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ»,- պաթոսով հայտարարել է ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Այս հայտարարությունը վրդովեցրել է հատկապես քաղաքագետներին, իրանագետներին, որոնք կտրուկ են արտահայտվում սոցցանցերում։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը, մասնավորապես, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․ «Մոտ 30 տարի է՝ Իրանով եմ զբաղվում, բայց էլի էդ երկրի մասին բան ասելուց առաջ գոնե մի քանի վայրկյան մտածում եմ»։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Հայկ Կոնջորյանի՝ Իրանը որպես ավտորիտար պետություն բնութագրելն եղել է անզգուշության հետեւանք։

«Կարծում եմ, դա շատ զգայուն հարց է, որովհետեւ Իրանը բարեկամ պետություն է, եւ նրա մասին խոսելիս պետք է հաշվի առնել շատ հանգամանքներ, ձեւակերպումների մեջ էլ լինել շատ զգույշ։ Դա հատկապես վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին։ Հույս ունեմ, որ իրանական կողմը հանդես չի գա կոշտ հայտարարությամբ, կհասկանա իրավիճակը։ Այն, կարծում եմ, մեր դիվանագիտական խողովակների միջոցով կհարթվի, կօգտագործվեն Իրանի հետ ունեցած դիվանագիտական կապերը։ Սակայն, կարծում եմ, որ ԱԺ պատգամավորները հայտարարություններ անելիս պետք է մտածեն հետագայում խնդիրներ չստեղծելու մասին»,- մեզ հետ զրույցում նշեց Սուրեն Սարգսյանը։

Հարցին, թե այսօրվա մեր խորհրդարանն ունի՞ բավարար դիվանագիտական ներուժ՝ միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության համար, Սուրեն Սարգսյանն արձագանքեց․ «Ինչ վերաբերում է պառլամենտական դիվանագիտությանը, իհարկե, կան լուրջ մարտահրավերներ, եւ Հայաստանի խորհրդարանը, որը հիմնականում կազմված է երիտասարադներից, պետք է չափազանց հավասարակշռված աշխատանք կատարի, քանի որ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարաբերություններում փորձի առկայությունը չափազանց կարեւոր է։ Կան, իհարկե, ԱԺ պատգամավորներ, որոնք ունեն փորձառություն քաղաքականության եւ դիվանագիտության մեջ։ Նրանք էլ պետք է հնարավորինս արդյունավետ համագործակցեն արտգործնախարարության հետ, որպեսզի պառլամենտական դիվանագիտության ճակատում չունենանք խնդիրներ։ Այսօր միջազգային կառույցներում բավականին բարդ իրավիճակ է, եւ մենք պետք է լուրջ աշխատանք կատարենք»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image