Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ հաջորդ ընտրություններում մտադրություն չունի առաջադրվելու ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Մենք զրուցել ենք Առաջին հայկական ճակատի՝ FAF-ի երկրպագուների միավորման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ։
- Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու ՀՖՖ նախագահի հաջորդ ընտրություններում։ FAF-ը բազմիցս Մելիքբեկյանի հրաժարականն է պահանջել, ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը եւ այդ պաշտոնում ո՞ւմ եք տեսնում։
- Մենք չենք հավատում, որ ինքը չի պատրաստվում կրկին առաջադրվել կամ վերարտադրվել ուրիշ մեկի միջոցով։ Մենք պետք է ուշադիր լինենք, որ չփորձի առաջադրվել կամ իր թիմից մեկ ուրիշի դեմքով վերարտադրվել։ Ինչ վերաբերում է հարցին, թե ում ենք ուզում, ինչպես նախկինում հայտարարել ենք, հիմա էլ հայտարարում եմ, որ չունենք թեկնածու։
- Արդեն մամուլում անուններ են շրջանառվում ՀՖՖ նախագահի թեկնածուի, օրինակ՝ Սիսակ Գաբրիելյանի, Մխիթար Հայրապետյանի անունները։ Քաղաքականության մեջ գտնվող մարդկանց կողմից ֆուտբոլը կառավարելը որքանո՞վ է նպատակահարմար։
- Իմ կարծիքով, պետք է քաղաքական գործիչ չլինի։ Դա թե՛ տվյալ անձին է վնաս տալու, թե՛ ինքն է իշխանությունից կախումների մեջ լինելու ու չի կարողանալու ներդաշնակ աշխատել։ Առհասարակ, մի անգամ եղել է, որ ՀՖՖ նախագահը քաղաքական գործիչ է եղել՝ Արթուր Վանեցյանը, տեսանք, թե վերջում ինչ եղավ։ Իհարկե, ով համապատասխանում է, կարող է առաջադրվել, բայց ես կցանկանամ, որ քաղաքականության հետ կապ ունեցող մարդիկ չմտնեն ֆուտբոլի մեջ։
- Իսկ եթե Մելիքբեկյանը կրկին առաջադրվի, FAF-ը կրկի՞ն բողոքի ակցիաներ կկազմակերպի։
- Կարծում եմ՝ այո, քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ թույլ չենք տալու վերարտադրություն` նաեւ ցանկացած անձի ընտրվելը, որն ասոցացվում է նրա թիմի հետ։
- Մամուլում շրջանառվում է նաեւ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական Ռուբեն Նազարեթյանի անունը, նա ե՞ւս ասոցացվում է թիմի հետ, եւ նրա թեկնածությանն է՞լ եք դեմ։
- Միանշանակ՝ դեմ ենք, մարդ, որն ամբողջ գործունեությունը Մելիքբեկյանի կիսել է, մարդ, որը ֆուտբոլի հետ ընդհանրապես կապ չունի, չպետք է ղեկավարի ՀՖՖ-ն։ Ոչ մի դեպքում չի կարելի գնալ արկածախնդրության եւ նրան առաջադրել, մենք միանշանակ դեմ ենք լինելու։