Սահմանադրական դատարանում տիրող մթնոլորտի մասին եմ ուզում խոսել, որը վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվ քննարկման առիթ է դարձել։
Շատերը կարծում են, որ դատավորների հարցերից, խոսքի տոնից կամ վերաբերմունքից արդեն կարելի է հասկանալ, թե ինչ որոշում է կայացվելու։ Սա հետաքրքիր հոգեբանական երևույթ է։ Մարդիկ հաճախ խոսելու ձևը շփոթում են դատավորի դիրքորոշման հետ։
Եթե դատավորը հանգիստ է խոսում, ժպտում է, համբերատար լսում, քաղաքավարի հարցեր տալիս, շատերի մոտ անմիջապես հույս է ծնվում, թե նա համակրում է այդ կողմին։ Իսկ եթե մեկ ուրիշը կոշտ հարցեր է տալիս կամ ավելի պահանջկոտ տոն է ընտրում, սկսվում են քննադատությունները, կարծես հենց նա է դեմ իրենց պահանջին։ Հենց այստեղ էլ, կարծում եմ, շատերը սխալվում են։
Երբ ասում եմ՝ «մի խաբվեք դատավորների ժպիտներին», նկատի չունեմ, թե որևէ դատավոր միտումնավոր մոլորեցնում է հանրությանը։ Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. մենք ինքներս ենք հաճախ մեր սպասումները կառուցում ժպիտների, խոսելու մշակույթի, մեղմ կամ կոշտ տոնի վրա և հետո հիասթափվում, երբ հրապարակված որոշումը չի համապատասխանում մեր ստեղծած պատկերացումներին։
Սակայն դատական գործընթացը հոգեբանական տպավորությունների վրա չի կառուցվում։ Դատավորի քաղաքավարությունը իրավական դիրքորոշում չէ, իսկ կոշտ հարցադրումը՝ դատավճիռ։ Համբերատար լսելը կամ նուրբ հարցեր տալը դեռ չի նշանակում համաձայնել։ Հենց այդ պատճառով, ցավով եմ ասում, հանրության այն սպասումները, որոնք կապվում են առանձին դատավորների վարքագծի հետ, ինձ համար այնքան էլ հիմնավորված չեն։ Ես բոլոր դատավորներին դիտարկում եմ նույն ընդհանուր համակարգի շրջանակում։
Իմ քաղաքական գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունից հետո ձևավորված դատարանից դժվար է ակնկալել այնպիսի որոշում, որը կփոխի քաղաքական իրականությունը։ Սա իմ գնահատականն է՝ հիմնված վերջին տարիների զարգացումների և ձևավորված դատական պրակտիկայի վրա։ Զուտ մարդկային տեսանկյունից, ինձ համար տարբերությունն այն է, որ Սեդա Սաֆարյանն ավելի անմիջական է արտահայտում իր վերաբերմունքը և երբեմն չի կարողանում թաքցնել էմոցիաները։
Մյուս դատավորներն ավելի զուսպ են, ավելի պրոֆեսիոնալ արտաքին վարքագծով և իրենց ներքին վերաբերմունքը գրեթե չեն բացահայտում։ Հենց դա էլ շատերի մոտ ստեղծում է այն տպավորությունը, թե նրանք կարող են այլ դիրքորոշում ունենալ։ Սակայն փորձը հուշում է, որ դատական նիստի ընթացքում ձևավորված տպավորությունները հաճախ չեն համընկնում վերջնական որոշման հետ։
Նախորդ տարիներին էլ եղել են նման սպասումներ, եղել են հույսեր, սակայն հրապարակված վճիռները շատ դեպքերում այլ պատկեր են ցույց տվել։ Հետևաբար միայն դատավորների խոսելու մշակույթից, դեմքի արտահայտությունից կամ հարցերի բնույթից եզրակացություններ անելն առնվազն վաղաժամ է։ Դատարանի մասին դատում են ոչ թե նիստի մթնոլորտով, այլ հրապարակված որոշմամբ։ Գուցե հենց սա է ամենակարևոր դասը, որ տվել են նախորդ տարիները։ Դատավորի ժպիտը դեռ վճիռ չէ։ Քաղաքավարությունը դեռ համաձայնություն չէ։ Կոշտ խոսքն էլ դեռ դատավճիռ չէ։ Միակ բանը, որը վերջ է դնում բոլոր ենթադրություններին, Սահմանադրական դատարանի հրապարակված որոշումն է։