Մշակույթ

Քաղաքապետարանը դիմել է դատարան՝ այգու վարձակալի հետ պայմանագիրը չեղարկելու համար

Քաղաքապետարանը դիմել է դատարան՝ այգու վարձակալի հետ պայմանագիրը չեղարկելու համար

Մայրաքաղաքի սրտում՝ հենց Փոքր կենտրոնում, քիչ չեն այն հանրային տարածքներն ու այգիները, որոնք տարիներ շարունակ գտնվում են ծայրաստիճան անմխիթար ու փնթի վիճակում։ Նման վիճակում է անգամ Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող մանկական այգին, որտեղ վերջին տարիներին բազմաթիվ սրճարաններ են կառուցվել, որտեղ մանուկների համար նախատեսված գրեթե ոչ մի ատրակցիոն ու զբաղմունք չկա, իսկ կանաչ հատվածն անմշակ է ու անխնամ: Բայց Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է, որ այս խնդրի հասցեատերը ոչ թե ինքն է, այլ այդ տարածքները վարձակալողները, ում հանձնվել են այս այգիները` վարձակալական հիմունքներով, բայց վարձակալները պատշաճ չեն կատարում իրենց պարտականությունները: Օրերս Երեւանի քաղաքապետարանի դիսպետչերական խորհրդակցության ժամանակ այս թեմային է անդրադարձել քաղաքապետ Տիգրան Ավինյանը` ամբողջ մեղքը բարդելով վարձակալների վրա:  

Նա տեղեկացրել է նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը սկսել է միջոցներ ձեռնարկել՝ անմխիթար վիճակում հայտնված, վարձակալությամբ տրամադրված այգիները համայնքին վերադարձնելու ուղղությամբ: Երկուշաբթի օրվա գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետն անդրադարձել է բարձիթողի վիճակում հայտնված այգիներին, մասնավորապես հիշատակել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարակից այգին, որը եւս վարձակալության է հանձնված, սակայն տարիներ շարունակ գտնվում է անխնամ վիճակում։

«Սա այն կարեւոր խնդիրներից է, որին պետք է անդրադառնանք: Շատ կանաչ տարածքներ, այգիներ, որոնք նախկինում վարձակալության են տրվել խրթին իրավական գործընթացների պատճառով, անմխիթար վիճակում են: Երեւանցիները մեզնից են պահանջում այդ խնդրի լուծումը, մենք գնում ենք այդ լուծմանը: Ես կոչ եմ անում բոլոր այն վարձակալներին, որոնք այգիներն անմխիթար վիճակում են թողել, պարզապես իրենց կամքով գալ եւ խզել պայմանագրերը, որովհետեւ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու: Մենք մեր առջեւ դրած խնդիրը լուծելու ենք: Երբ խոսքը հանրային շահի մասին է, չի կարող որեւէ այլ իրավական հիմնավորում լինել հակառակ գնալու համար: Ինձ համար սա տարօրինակ եւ անընկալելի է»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ մեխանիզմներ կան պատասխանատվության ենթարկելու անբարեխիղճ վարձակալներին, եւ արդյո՞ք քաղաքապետարանը միակողմանի չի կարող լուծարել այդ պայմանագրերը։ «Եթե միակողմանի հնարավոր լիներ, ապա մասնավորապես Կոնսերվատորիայի այգին այս պահին չէր գնա դատարան, որովհետեւ այդ պայմանագրերի 90 տոկոսից ավելին կնքվել է՝ մի մասը՝ 90-ականների սկզբներին, մի մասն էլ՝ 2000-ականների սկզբներին։ Պայմանագրեր կան, որ 99 տարով են, որոշներն էլ՝ 50 տարով»,- մեզ հետ զրույցում նկատում է քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանն ու հավելում, որ ամեն պայմանագիր ու վարձակալ իրենց մոտեցումն ու նրբություններն ունեն։

«Կան պայմանագրեր, որ անգամ վարձավճար բարձրացնելու տեսանկյունից եթե մյուս կողմը չի համաձայնում, ապա մենք չենք կարողանում այդ պայմանագիրը փոխել՝ վարձակալության գումարի չափը վերանայել։ Այսինքն՝ ամեն մեկի մասով տարբեր պայմանագրեր են կնքվել, ինչը հանգեցրել է այսօրվա խնդրին, մասնավորապես Կոնսերվատորիայի այգին քաղաքի կենտրոնում նման անմխիթար վիճակում է, ու միակ տարբերակն օրենքի շրջանակում այն է, որ դատարան դիմվի։ Հիմա այդ գործը դատարանում է»,- ընդգծում է զրուցակիցս ու նկատում, որ քաղաքապետարանը դիմել է դատարան, որպեսզի վարձակալի հետ պայմանագիրը չեղյալ համարվի, եւ Կոնսերվատորիայի այգին այլ վարձակալի տրամադրվի, որը հետագայում կբարեկարգի եւ այն կպահի բարվոք վիճակում։
Ի դեպ, Կոնսերվատորիայի այգու վարձակալը «Պայծառ երազ» ՍՊԸ-ն է, որի հետ պայմանագիրը կնքվել է 2016 թվականին, եւ պայմանագրի վերջնաժամկետը 2030 թվականն է։

Հետաքրքրվեցինք․ վարձակալների հետ կնքված պայմանագրերում չկա՞ն կետեր, որոնք երկու կողմին էլ կպարտավորեցնեին բարեխիղճ ձեւով կատարել իրենց պարտավորությունները, սակայն պարզվեց՝ ամեն մեկի մասով տարբեր պայմանագրային կետեր են գործում, ըստ այդմ՝ պահանջներն ու պարտավորություններն էլ են տարբեր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image