Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է: Նա հանդիպել է Ալիևին, նրան անվանել իր եղբայր ու հայտարարություններ արել՝ Արցախի՝ ադրբեջանական լինելու և այլնի մասին:
«Հրապարակը» Փեզեշքիանի կողմից արված հայտարարությունները քննարկեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:
-Փեզեշքիանը բավականին ջերմ է արտահայտվել Ալիևի մասին, Ադրբեջանի հետ փոխհարարբերությունների մասին: Այս «ջերմ» հայտարարությունները կարծես կոնկրետ քաղաքական ուղերձներ են պարունակում: Ինչպե՞ս կգնահատեիք այս այցն ընդհանուր առմամբ:
-Իմ տպավորությունը շատ լավն է և ես կարծում եմ, Հայաստանի համար դա շատ լավ հանդիպում էր: Ինչո՞ւ, որովհետև ըստ էության, Իրանն ապահովում է Սյունիքի անվտանգությունը և շատ կարևոր է, որ Իրանն ու Ադրբեջանը իրենց միջև կարողանան լավ հարաբերություններ ստեղծել՝ դա նաև Հայաստանի անվտանգության համար է կարևոր: Մյուս կարևոր հայտարարությունը, որ արել է, որ իրենք կապ կապահովեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև Իրանի տարածքով, դա նույնպես մեր անվտանգության համար չափազանց կարևոր էր: Ադրբեջանը պահանջում է կապ Հայաստանի տարածքով, Իրանը փոխարենը տալիս է կապ իր տարածքով և բնականաբար իր վերահսկողության տակ, որովհետև այդ ճանապարհն արդեն չի ունենա ռազմական նշանակություն: Եվ այդ առումով, այո, նման հայտարարությունները շատ կարևոր են մեզ համար:
-Փեզեշքիանը հայտարարեց, որ Իրանը հարազատ երկիր է Ադրբեջանի, ադրբեջանցիների համար, ինչ-որ ուղե՞րձ էր պարունակում դա։
-Դա երկիմաստ հայտարարություն է, որ կարելի է համարել, որ նաև Ադրբեջանն է հարազատ երկիր՝ երկրորդ հայրենիք, դա արդեն Ադրբեջանի համար այդքան էլ լավ չի:
-Ինչո՞ւ։
-Որովհետև Ադրբեջանում հայտարարում են, որ ունեն տարածքային պահանջներ Իրանի հանդեպ, որովհետև այնտեղ ադրբեջանցիներ են ապրում: Իրանում էլ կա այն կարծիքը, որ Ադրբեջանը եղել է իրենց տարածքը, որը ռուսական կայսրությունը ժամանակին գրավել է իրենցից և իրենք էլ իրավունք ունեն, որպեսզի Ադրբեջանը կցեն Իրանին: Հիմա հարցը հետևյալն է, եթե հիմա ասում են երկրորդ հայրենիք, սա նշանակում է, որ Իրանը ադրբեջանցիների հայրենիքն է: Այսինքն, պետք է վերադառնան իրենց հայրենիք՝ սա երկիմաստ հայտարարություն է:
-Իսկ ինչպե՞ս հասկանանք Արցախի մասով հայտարարությունը: Այո, իրանական կողմն առաջին անգամը չէ նման հայտարարությամբ հանդես գալիս, սակայն դա շատ ցավոտ է ընկալվում մեզ համար:
-Իսկ ինչո՞ւ է մեզ համար ցավալի․ կարծում եմ, շատ բնական հայտարարություն է, արել, որովհետև, եթե Հայաստանի գործող իշխանությունը հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանի տարածքում է և անբաժանելի մասն է և քաղաքական օրակարգից դա հանել է նաև Պրահայում ստորագրելով համապատասխան փաստաթուղթը, ապա ի՞նչ պետք է ասի Իրանը: Իրանը պետք է ասի, որ չի՞ ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում, այսինքն, եթե մարդիկ իրենց վատ են զգում, թող այդ վատ զգալն արտահայտեն Հայաստանի կառավարության հանդեպ, ոչ թե Իրանի:
-Ադրբեջանի հռետորիկան բավականին հակաիրանական էր վերջերս: Ինչո՞վ է պայմանավորված այս հանկարծակի դրական շրջադարձը:
-Այս այցելությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը իր հռետորիկան փոխում է և ինքն արդեն մտնում է ռուս-իրանական ազդեցության գոտի: Նաև այդ գազամուղը կառուցելով, որը Ռուսաստանի տարածքից Ադրբեջանով գնալու է Իրան, գուցե նաև կշարունակվի Պակիստան, դա նշանակում է ինքը մտնում է ազդեցության գոտի: Եվ նաև գոյություն ունեն լուրջ հակասություններ Թուրքիայի և Ադրբեջանի միջև, ինչը բնական է, որովհետև տարբեր քաղաքական միավորները չեն կարող ունենալ նույնական շահեր: