Հասարակություն

Խոշոր չափի գրավ մուծելով՝ հազիվ թե դիմեն փախուստի

Խոշոր  չափի գրավ մուծելով՝ հազիվ թե դիմեն փախուստի

Անցյալ տարեվերջին, տարբեր չափի գրավներ մուծելու միջոցով ազատության մեջ հայտնվեցին նախկին իշխանության մի քանի ներկայացուցիչներ, որոնց Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերի շրջանակներում առաջադրվել էին տարբեր մեղադրանքներ։

Գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանն, օրինակ, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվեց 25 միլիոն դրամ գրավի դիմաց (նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր․ օր-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար)։ 

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ազատ արձակվեց 50 միլիոն գրավի դիմաց (նրան մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստանալու համար), իսկ գործարար Սամվել Մայրապետյանն ազատ արձակվեց 30 միլիոն դրամ գրավի դիմաց (նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր․ օր-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն)։

Փաստաբան Սեդա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ սկզբունքներով է որոշվում գրավի չափը մեղադրյալին ազատ արձակելիս։

«Գրավի չափը որոշվում է՝ ելնելով առաջադրված մեղադրանքից, անձի սոցիալական վիճակից։ Գրավի կիրառումը սկսվում է 500 հազար դրամից, դատական պրակտիկայում կիրառելի է մեկ միլիոն դրամ գրավի չափը։ Բայց մենք ունենք ավելի խոշոր չափի գրավի դեպքեր, դա կիրառվում է՝ հաշվի առնելով կատարած արարքի հանրային  վտանգավորության չափը։ Այդ ամենը պետք է ի զորու լինի կանխելու նրանց վարքը նախաքննության համար։ Որքան խոշոր է գրավի չափը, այնքան մարդը չի ցանկանա այդ գումարը կորցնել, նրա փախուստի հավանականությունն էլ է նվազում այդ դեպքում»,- մեզ հետ զրուցում ասաց Սեդա Սաֆարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image