Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 15-ին, Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում վրացական իշխանություններին ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին եւ թույլ տալ նրան բուժում ստանալ արտերկրում։
Բանաձեւին կողմ է քվեարկել 577 պատգամավոր, դեմ՝ 33, ձեռնպահ՝ 26։ Այս մասին ասվում է ԵԽ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են, որ «նախկին նախագահի առողջական դրությունը բարելավելու հետևողական ձախողումները» վտանգում են հետաձգել Վրաստանի ԵՄ-ի թեկնածության հեռանկարները, և երկրի վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ, ինչպիսին նախկին նախագահն է, լակմուսի թեստ է եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու տեսակետից։
«Հաշվի առնելով քաշի կտրուկ կորստի մասին հաղորդագրությունները և ենթադրությունները, որ նա կարող էր թունավորվել կալանքի տակ գտնվելու ժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ արեցին վրացական իշխանություններին ազատ արձակել Սաակաշվիլիին և թույլ տալ նրան անհրաժեշտ բուժում ստանալ արտերկրում», - ընդգծել է Եվրախորհրդարանը:
Բանաձեւը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Լեհաստանն առաջարկել է իր մոտ կազմակերպել Սաակաշվիլիի բուժումը։