Այսօր տեղեկացանք, որ 93 տարեկան հասակում մահացել է սովետակսն տարիների լեգենդներից մեկը` Լենինականի քաղկոմի երկարամյա քարտուղար Դոնարա Հարությունյանը` Երկաթյա լեդին: Կին, որը ոչ միայն իր ժամանակների ամենահայտնի ու հեղինակավոր պաշտոնյաներից էր, այլև իր որակներով, խելքով ու ղեկավարի ունակություններով անգերազանցելի էր: 9 տարի հանրապետության երկրորդ քաղաքը ղեկավարած տիկին Դոնարան, ղեկավար էր` բառի ամենալավ իմաստով, նրանից սովորում էին, նրան ընդօրինակում էին, նրա մասին սերնդե սերունդ լեգենդներ էին պատմում: Այն տարիներին, երբ Սովետական Միությունում կնոջ համար բարձր պաշտոնի նշանակվելը եզակի բան էր, քանի որ այսօրվա նման չկային կանանց քվոտաներ, կամ դեմոկրատական խաղեր, որ գենդերային հավասարությունը պետք է պահպանվի, Դոնարա Հարությունյանը կարիերա էր անում բացառապես իր անձնական որակների հաշվին` տղամարդկանց հետ հավասարը հավասարի պես մրցակցության մեջ:
Դոնարա Հարությունյանին ինձ բախտ է վիճակվել տեսնել ու լսել մեկ անգամ` 7-8 տարի առաջ, երբ Կարեն Դեմիրճյանի թանգարանում Դեմիրճյանին նվիրված միջոցառում էին կազմակերպել և խոսեց նաև 80-նն անց Դոնարա Հարությունյանը: Ես իմ կյանքում շատ ելույթներ եմ լսել, բայց նման հետաքրքիր, խելացի, խորիմաստ ելույթ քիչ եմ լսել: Տիկին Դոնարան երկար խոսեց, պատմեց իր հիշողությունները Կարեն Սերոբիչի մասին, բայց այդ երկար ելույթի ընթացքում ճանճը չտզզաց դահլիճում, բոլորը կլանված ու հիացած լսում էին մտքի սրությունը չկորցրած, խոսքի արվեստին տիրապետող այդ խելացի կնոջը, որը նաև համեստ էր ու իր խոսքի մեջ նրբանկատ: Ափսոս, որ նման կանայք, նման պաշտոնյաներ այսօր չկան և մենք գռեհկաբանությունից ու տգիտությունից, ծառայամտությունից ու ոչ պրոֆեսիոնալիզմից բացի ոչինչ չենք տեսնում ու լսում այսօրվա նիկոլական պաշտոնյաներից: