«Խորապես» ափսոսելով իր ադրբեջանցի գործընկերներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին չներկայանալու համար՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ժամանակը չէ» և կոչ արեց շարունակել քննարկումները՝ Հայաստանին լավագույնս պաշտպանելու համար։
Այս մասին գրում է ֆրանսիական հեղինակավոր France 24-ը՝ վկայակոչելով Մակրոնի խոսքերը։
Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ կխոսի Ալիևի հետ՝ այս երկրի վրա «ճնշումը պահպանելու» համար։
«Պատժամիջոցների ժամանակը չի եկել։ Դրանք հակաարդյունավետ կլինեն և թույլ չեն տա լավագույնս պաշտպանել ՀՀ տարածքն ու նրա բնակչությանը։ Պարզության և պահանջկոտության, աջակցության ժամանակն է, այդ թվում ռազմական, ինչի մասին հայտարարել է Ֆրանսիան, այլ ոչ թե պատժամիջոցների, քանի որ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Ադրբեջանի հետ», – ասել է Մակրոնը Գրանադայում Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է աջակցել ՀՀ իշխանություններին «ցանկացած ապակայունացումից խուսափելու» համար։
Մակրոնի խոսքով, Եվրոպայում պետք է շարունակեն կոչ անել նախագահ Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ նստել։ Ըստ նրա, հենց դա է պատճառը, որ պահպանում է միջնորդական նախաձեռնությունը Բրյուսելում և ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորներն այսօր Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար:
Հատկանշական է, որ Փարիզը մշտապես հանդես է եկել Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությամբ, ինչի մասին օրերս Երևանում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։ Ֆրանսիայի իշխանությունները նաև խստորեն դատապարտում են ադրբեջանական ագրեսիան՝ ընդդեմ հայ ժողովրդի, այդ թվում՝ արցախցիների։ Եվ հենց այդ դիրքորոշումը պատճառաբանելով էր, որ Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա։
Թե որն է Մակրոնի վերջին հայտարարության շարժառիթը, թեպետ նշվում է Հայաստանին լավագույնս պաշտպանելու մասին, որոշ հարցեր ու տարակուսանք է առաջացնում։ Եթե այն եվրոպական ժողովրդավարության պարզ արտահայտություն է, ապա ըմբռնելի է, բայց եթե ․․․ այդ ամենն ասվել է Բաքվի անուղղակի ճնշման տակ կամ նրա սիրտը շահելու համար, լուրջ խորհելիք է․․․
Արա Ալոյան