Չարենցավանում այդպես էլ իշխանության չեկած և ընտրություններին պարտված ՔՊ-ի ավագանու անդամները հոժարակամ մասնակցում են ավագանու նիստերին, անգամ փորձում են կառուցողական առաջարկներով հանդես գալ։ Մենք գրել էինք, որ Չարենցավան խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում կրած պարտությունը ՔՊ-ականները ծանր էին տանում, քանզի այստեղ հինգերորդ անգամ վերընտրվեց գործող քաղաքապետը՝ Հակոբ Շահգալդյանը։ Ու թերևս հենց դրա համար պարտված ՔՊ-ականները ներկա չգտնվեցին Շահգալդյանի երդմնակալության արարողությանը, որ չշնորհավորեն նրան։ Բայց համայնքի ավագանու նիստերին ինչպես ՔՊ-ն, այնպես էլ երրորդ տեղը զբաղեցրած «Ապրելու երկիր» կուսակցության անդամները մասնակցում են։ Մինչդեռ, համայնքներ կան, որտեղ ՔՊ-ն չի հաղթել, ու ավագանու նիստերին էլ չեն գնում, որպեսզի այդպիսով տապալեն համայնքի բնականոն գործունեությունը։
Չարենցավանում, փաստորեն, ՔՊ-ի ավագանու անդամներն ավելի ողջախոհ են գտնվել ու քարը փեշից թափել՝ սուսուփուս մասնակցում են նիստերին։ Ընդ որում, ուշագրավ է, որ ՔՊ-ի քաղաքապետի պարտված թեկնածու Արթուր Գալստյանը, որը բոլոր հնարավոր մեթոդներով ամեն ինչ անում էր, որ հաղթեր գործող քաղաքապետին և ինքը դառնար քաղաքի ղեկավար, նույնպես վերցրել է մանդատն ու դարձել ավագանու շարքային անդամ։ Մինչդեռ, քաղաքում խոսում էին, որ Գալստյանը հազիվ թե ծանր տեղը թեթևացնի ու քաղաքապետի պաշտոնին չհասնելուց հետո համաձայնի դառնալ բոլորի հետ հավասար ավագանու անդամ։ Բայց, ինչպես Hraparak.am-ի հետ զրույցում նշեց Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, թե՛ Արթուր Գալստյանը, թե՛ «Ապրելու երկիր» կուսակցության առաջին համար Անահիտ Խեչոյանը վերցրել են մանդատներն ու այսօր ավագանու ընդդիմադիր խմբակցությունների կազմում են։
«Իմ երդմնակալությունից հետո ավագանու նիստ գումարվել է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները ներկա են եղել նիստին, նորմալ քննարկում է եղել, նաև ձևավորվել է հինգ մշտական հանձնաժողով, որտեղ իրենք ունեն իրենց ներկայացուցիչները, առաջին` ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստը դեկտեմբերի 13-ին է կայացել, և ընդդիմադիրները նույնպես ներկա են եղել»,-ասաց Շահգալդյանը։