Հասարակություն

Քրեաօլիգարխիկ սեգմենտն այլեւս իշխող քաղաքական ուժ չէ 

Քրեաօլիգարխիկ սեգմենտն այլեւս իշխող քաղաքական ուժ չէ 

Քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ թավշյա հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի վերացումն է։ Հաջորդ կարեւոր քայլը, ըստ նրա, Երեւանի ավագանու, համայնքների, Ազգային ժողովի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումն է։ 

Քաղաքագետի դիտարկմամբ՝ վերացել է նաեւ ներկրող ապրանքների մենաշնորհը։ 
«Այլ հարց է, որ նախկին ներկրողներն այստեղ ունեն գերիշխող դիրք, հիմա ներկրումն ազատ է»,- Hraparak.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը։
Նշվածներից բացի՝ Արմեն Բադալյանը կարեւորում է նաեւ համակարգային կոռուպցիայի վերացումը։ Իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ համակարգը գյուղապետից մինչեւ բարձրաստիճան պաշտոնյա, «նստած» չէ կոռուպցիայի վրա։ 
Արմեն Բադալյանը նկատում է, որ հեռուստաընկերությունները դարձել են ազատ եւ շատ դեպքերում ընդդիմադիր են գործող իշխանություններին։ Ըստ նրա՝ հեռուստաընկերությունները նախկինում գտնվում էին իշխանությունների   եւ քրեաօլիգարխիկ համակարգի սեգմենտների վերահսկողության ներքո։

Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք այսօր հեռուստաընկերությունները չեն գտնվում քրեաօլիգարխիկ համակարգի սեգմենտների վերահսկողության ներքո, Արմեն Բադալյանն արձագանքեց․ «Հիմա չեն գտնվում իշխանությունների վերահսկողության ներքո, իսկ քրեաօլիգարխիկ սեգմենտն այլեւս իշխող քաղաքական ուժ չէ»։
Ձեռքբերումներին զուգահեռ՝ Արմեն Բադալյանը Հայաստանի ապագայի հարցում տեսնում է անորոշություն։ 

«Քանի որ Հայաստանի զարգացման վեկտորի տեսանկյունից անորոշություն է, այդ անորոշությունը նկատելի է կյանքի բոլոր բնագավառներում՝ տնտեսական, դատաիրավական համակարգ, կրթություն, գիտություն, սոցիալական ոլորտ, առողջապահություն։ Չկան զարգացման հայեցակարգեր, դրանցից բխող զարգացման ծրագրեր, դրանցից բխող օրենքի նախագծեր։ Կան, իհարկե, առանձին կետեր, օրինակ՝ Հարկային օրենսգիրքը։ Սակայն եթե չկա տնտեսության զարգացման հայեցակարգ, ապա Հարկային օրենսգիրքը դառնում է ինքնանպատակ։ Չկա հայեցակարգ նաեւ դատաիրավական համակարգը փոխելու մասին, թեեւ խոսվում է անցումային արդարադատության մասին»,- ասաց քաղաքագետը։
Արմեն Բադալյանն անցած մեկ տարվա ընթացքում նկատել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում իրականացվում է խիստ միակողմանի քաղաքականություն՝ հօգուտ Ռուսաստանի Դաշնության։

«ՀՀԿ-ն թեկուզ ձեւական խաղեր էր տալիս Արեւմուտքի հետ, իսկ այսօր, ինչպես տեսնում եք, չկա հայ-ամերիկյան օրակարգ։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են այն մակարդակի վրա, ինչ կային ՀՀԿ-ի ժամանակ, իսկ հայ-ռուսական հարաբերություններում էլ անորոշ վիճակ է։ Հայաստանի իշխանություններն ուզում են անընդհատ ցույց տալ ՌԴ-ին, որ անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխությունը դրսից չէր ֆինանսավորվում, եւ դրսի «ձեռքը» չկար այստեղ։ Այդ պատճառով էլ մեր իշխանությունները ՌԴ-ին դուր գալու քայլեր են կատարում՝ զորք են ուղարկում Սիրիա, ՄԱԿ-ում քվեարկում են այնպես, ինչպես՝ նախկինում։ Կարող ենք որպես թերություն նշել, որ չկա Հայաստան-Չինաստան տնտեսական եւ քաղաքական օրակարգ, իսկ Չինաստանը բավականին հզորանում է։ Չկա նաեւ Հայաստան-Իրան քաղաքական եւ տնտեսական օրակարգ, Հայաստան-Լատինական Ամերիկա օրակարգ, Հայաստան-Աֆրիկա օրակարգ, այդ հարաբերությունները զրոյական մակարդակի վրա են»,- արտաքին քաղաքական ոլորտում բացթողումները թվարկեց Արմեն Բադալյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image