Կալանավայրում՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ, կալանավորված կանանց հետ նկարվելը և Քրեակատարողական ծառայության բացատրությունը, որ կալանավորները տվել են իրենց գրավոր համաձայնությունը, որ իրենց դեմքերը երևան, մի տեսակ սին է հնչում։ Ուզում եմ հարցնել, երբ գեներալ Մանվել Գրիգորյանին շապիկով ու խղջալի վիճակում նկարել էին, Մանվելը համաձայնությու՞ն էր տվել։ Այդ ժամանակ ինչու՞ բացատրություն չտվեցին, թե ինչու՞ էին նվաստացրել Մանվելին և ինչ նպատակով։ Չասացին, թե ո՞վ է հեղինակը, չնայած պարզից էլ պարզ էր, որ կալանավորների ու խոցելի խնբերին հետ նկարվելու սեր ունեցողն ով է։ Ինչևէ։ Երբ ծանր վիճակում գտնվող հիվանդին վիրահատում է բժիշկը, հարազատի գրավոր համաձայնությունն է վերցնում։ Ոչ թե գնում և անհույս վիճակում գտնվող հիվանդից է ստորագրություն պահանջում, այլ հիշեցնում եմ՝ վերցնում է նրա ընտանիքի անդամի ստորագրությունը։
Ընտանիքի գրավոր համաձայնությունն են վերցնում։ Կալանավոր կանայք անհույս հիվանդից էլ ավելի ծանր հոգեբանական վիճակում են։ Նրանք ընտանիք ունեն, երեխաներ, հարազատներ, որոնք չէին ուզի, որ իրենց մայրերի դեմքերը հրապարակվեին։ Այդ կանանց, եթե բարոյական չափանիշներով առաջնորդվեին, նույնիսկ չէին հարցնի՝ ուզու՞մ եք Աննա Հակոբյանի հետ նկարվել, ուզու՞մ եք ձեր դեմքերը երևան։ Եթե այդ կանայք ինչ- ինչ պատճառներով կամ խոստումներով համաձայնվել են, իրենք պիտի անհարմար զգային և նման հրապարակում չանեին։ Շառից, փորձանքից հեռու նրանց գրավոր համաձայնությունը չվերցնեին։ Չէ՞ որ կալանավորը կախյալ մարդ է և գիտի, թե նմանց մարդկանց ցանկությունը չկատարելը ինչի հետևանքներ կարող է ունենալ։ Նայեք Աննայի աջ կողմում կանգնած երկու կանանց։ Մեկը վիզը ծռած, մոլորված, մյուսը՝ մեղավոր հայացքով, ասես ուզում է փախչել, որ իրեն չտեսնեն։ Իսկ ձախ կողմում կանգնածն իր ողջ անհանգստությունն ամփոփել է՝ մի ձեռքով մյուս ձեռքը բռնելու կամ հավասարակշռությունը պահելու գործողությամբ։
Ամոթ է․ ես պատկերացնում եմ, թե այդ կանանց ընտանիքը ինչ ցավ է ապրել նման հրապարակմամբ։ Ու դա ընդամենն այն բանի համար, որ Աննա Հակոբյանն ուզում է բարի փերի երևալ։
Հիշեցնենք, «Հրապարակ»-ը գրել էր, որ նախօրեին Աննա Հակոբյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության աշխատակիցները գնացել էին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ կանանց բանտ։