Արթիկի համայնքապետարանը վերջերս նոր ծառայողական ավտոմեքենա է ձեռք բերել՝ շուրջ 16 միլիոն դրամ արժողությամբ։ Hraparak.am-ը տեղեկությունը ճշտեց Armeps գնումների կայքից։ Համայնքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ գնումը իրականացվել է քաղաքապետ Անանիկ Ոսկանյանի նախաձեռնությամբ՝ հին ծառայողական մեքենաները շահագործումից հանելուց հետո։Նույն աղբյուրի պնդմամբ` մեքենաները վաճառվել են շուկայականից զգալիորեն ցածր գներով։ Մասնավորապես, Kia Sorento մակնիշի ավտոմեքենան մոտ երեք անգամ էժան գնով ձեռք է բերել փոխքաղաքապետերից մեկը։
Փոխարենը նոր գնված մեքենան՝ 2024 թվականի «Ռենո» մակնիշի ավտոմեքենան համալրել է համայնքապետարանի ավտոպարկը և սպասարկելու է քաղաքապետին։
Հատկանշական է, որ պետական մակարդակով՝ կառավարության և վարչապետի նախաձեռնությամբ, շարունակվում է ծառայողական ավտոմեքենաների կրճատման քաղաքականությունը։ Սակայն, ինչպես տեսնում ենք , սա ոչ թե ծախսերի կրճատման, այլ դրանք ավելի շքեղ ձևով տնօրինելու միջոց է դարձել` հիմնականում իշխանավորների շահերին ծառայելով։
Արթիկում արդեն իսկ դժգոհություններ կան, քաղաքացիները նկատում են, որ վերջերս Արթիկը լրջորեն տուժել է քամու հետևանքով, որի պատճառով տասնյակ բնակիչների տանիքներ ու ունեցվածք է վնասվել, սակայն մինչ այսօր որևէ աջակցություն այդ ընտանիքներին չի տրամադրվել։ Քամուց տանիքը կորցրած մարդիկ դեռ ապրում են նույն պայմաններում, մինչդեռ համայնքապետարանը խոշոր գումար է ծախսել ծառայողական նոր մեքենա ձեռք բերելու համար։
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ քաղաքապետ Անանիկ Ոսկանյանից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

