Քաղաքականություն

«Հրապարակ». Արեւմուտքը Սիրիայում չի աջակցի Թուրքիային, բայց Վրաստանում պրոցեսը մինչեւ վերջ կտանի

«Հրապարակ». Արեւմուտքը Սիրիայում չի աջակցի Թուրքիային, բայց Վրաստանում պրոցեսը մինչեւ վերջ կտանի

Այն, ինչ կանխատեսում էին վերլուծաբանները, իրականություն դարձավ շատ կարճ ժամանակում։ Ինչպես սպասվում էր, առաջին սրացումը Վրաստանում էր։ Վրացական ընդդիմությունը, Արեւմուտքի լիակատար աջակցությամբ, լայնամասշտաբ փողոցային պայքար սկսեց ու խնդիր ունի մինչեւ հունվար՝ մինչեւ ԱՄՆ-ում նոր նախագահի պաշտոնավարումը, երկրում իրավիճակ փոխել։ Վրացական իշխանությունն էլ խնդիր ունի դիմանալ մինչեւ հունվար։ Վրաստանի վարչապետն արդեն խոսում է Արեւմուտքի կողմից բացահայտ շանտաժի մասին եւ շեշտում, որ ԵՄ-ին ինտեգրվելու նպատակից իրենք չեն հրաժարվում։ 

Մյուսը Սիրիան է, որտեղ պատերազմական նոր էջ բացեց Թուրքիան, որը կանգնած է Ասադի դեմ պայքարող զինյալ ահաբեկիչների թիկունքում։ Սիրիայի հյուսիսը գրավված է, ռազմավարական նշանակության Համա քաղաքի մոտ մարտեր են ընթանում։ Կրեմլը վերահաստատել է Բաշար Ասադին աջակցելու վճռականությունը։ «Ֆաջ-ալ Հյուրիյա», «Հայաթ Թահրիր ալ Շամը» խմբավորումները, որ վերահսկում էին Իդլիբն ու այնտեղից թափանցեցին երկրի հյուսիս, թուրքական կուրացիայի ներքո են գործում: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ անուղղակի կապ կա Վրաստանի սցենարի ու Սիրիայում սրացման միջեւ․ ԱՄՆ-ում պարտված դեմոկրատները, որոնք հաջողության չհասան ուկրաինական ճակատում, փորձում են իրավիճակը սրել Վրաստանում՝ մայդանի միջոցով հասնել իշխանափոխության։ Իրավիճակից օգտվում է Թուրքիան։

«Վրաստանում իշխանությունը պայքարում է պետականության, սուվերենության պահպանման համար, որպեսզի իր երկիրը չդառնա նոր Ուկրաինա։ Ժողովրդի մեծ մասը համաձայն է իշխանության հետ, բայց Վրաստանում հսկայական գրանտային ծրագրեր են աշխատում, ավելի քան 10 հազար ՀԿ կա, որն Արեւմուտքից փող է ստանում, եւ նրանք մոբիլիզացրել են ռեսուրսը։ Ինչ վերաբերում է Սիրիային, ազգությամբ արաբներից բաղկացած «Ֆաջ-ալ Հյուրիյա»-ն եւ «Հայաթ Թահրիր ալ Շամը» իսլամական ահաբեկչական խմբավորումների հետ այնտեղ գործում են թուրքամանների կառույցները, որոնք ուղղակիորեն կառավարվում են թուրքական սպեցնազի կողմից։ Օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը պատերազմում է Դոնբասում, եւ Թուրքիան փաստացի խախտեց 2020թ․ մոսկովյան համաձայնագիրը եւ Աստանայում Իրան-Ռուսաստան-Թուրքիա համաձայնագիրը՝ ազդեցության գոտիների բաժանման վերաբերյալ, որով Իդլիբի մարզը հանձնված էր Թուրքիային, մնացածը՝ Ասադի ռեժիմին»,- ասում է Բոզոյանը։  

Եվ չնայած Էրդողանը հայտարարում է, թե կապ չունի ահաբեկչական խմբավորումների հետ, սիրական զարգացումները կարող են ազդել ռուս-թուրքական եւ թուրք-իրանական հարաբերությունների վրա։ Ըստ մեր զրուցակցի, Սիրիայում հնարավոր է նոր բալանս առաջանա, որի պայմաններում Իդլիբի մարզը, այսինքն՝ թուրքական ազդեցության գոտին, կարող է ընդլայնվել։ «Սիրիայում տեղի ունեցողը նշանակում է, որ Թուրքիան ցանկացած պահի կարող է համաձայնագիր խախտել։ Հայաստանյան քաղաքական դաշտում բոլորը խոսում են, թե Ռուսաստանը «գցեց» Ասադին, նման բան ասողներն անմեղսունակներ են, որովհետեւ հայ հասարակության համար տեղի ունեցածը պետք է ուսանելի լինի՝ Թուրքիան, օգտվելով պահից, խախտեց համաձայնագիրը։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ ցանկացած համաձայնություն պայմանական բնույթ է կրելու»,- ասում է Բոզոյանը։ 

Ինչ վերաբերում վրացական սցենարին, ըստ Բոզոյանի, ընդդիմության հնարավոր հաղթանակը ծայրաստիճան կբարդացնի իրավիճակը Հայաստանում։ «Այդ ընդդիմության պարագլուխներն Արեւմուտքում նպատակ ունեն Վրաստանը դարձնել երկրորդ Ուկրաինա, այսինքն՝ խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ անուղղակի պատերազմական գործողությունների մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանի ապրանքաշրջանառության 70 տոկոսը Վրաստանով է իրականացվում, այդ սցենարը Հայաստանի համար լրջագույն հարված կարող է լինել, եւ Հայաստանը լրջագույն լոգիստիկ խնդիրներ կունենա։ Արեւմուտքի իրական նպատակը ոչ թե Վրաստանին ԵՄ անդամ դարձնելն է, այլ ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելը, Վրաստանը մանրադրամ սարքելը, իսկ նպատակը Ռուսաստանը թուլացնելն է, որպեսզի ապագա  բանակցություններում դիրքային առավելություն ունենան»,-բացատրում է քաղաքագետը։

Ի՞նչ սցենար կարող է լինել Սյունիքում, արդյո՞ք Ադրբեջանն ու Թուրքիան կօգտվեն աշխարհում երկու նոր թեժ կետերի առկայությունից ու կգնան սադրանքի։ Ըստ Բոզոյանի՝ դա կարող է տեղի ունենալ, եթե Իրանում եւս կենտրոնական իշխանության կազմալուծման պրոցեսներ սկսվեն, բայց քանի դեռ Իրանն ուժեղ է, Ադրբեջանն այդ քայլին չի գնա։ Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակելու է ճնշումը Փաշինյանի վրա՝ խաղաղ ճանապարհով նոր զիջումներ կորզելու համար։

«Իրենք սպասում են ֆորսմաժորի, երբ այն լինի, Արցախի նման մեծ պատառ կգրավեն»,- նշում է Բոզոյանը՝ հավելելով. «Սիրիայի կործանումը, մեծ հաշվով, շահավետ չէ որեւէ մեկին, բացի Թուրքիայից, բայց Թուրքիան ռիսկ չի անի միանձնյա այդ առաքելությունն իր վրա վերցնել, որովհետեւ դա կնշանակի խզել հարաբերություններն Իրանի ու Ռուսաստանի հետ, կոնֆլիկտի մեջ մտնել քրդերի հետ, որոնց աջակցում է ԱՄՆ-ն։ Այսինքն՝ սա բարդ կոմբինացիա է, որտեղ Թուրքիան չունի լայն աջակցություն, եւ նրա ազդեցությունը լոկալ բնույթ է կրում: Ահաբեկիչներին Թուրքիան օգտագործել է, որպեսզի Ասադի հետ քաղաքական առեւտրում դիրքային առավելություն ունենա»,- ասում է Երվանդ Բոզոյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image