Քաղաքականություն

Հեշտ չէ Ստեփանակերտին ու Բաքվին նույն սեղանի շուրջ նստեցնելը

Հեշտ չէ Ստեփանակերտին ու Բաքվին նույն սեղանի շուրջ նստեցնելը

Ապրիլյան հեղափոխությունից ամիսներ անց Արցախի թեման վերադարձել է արտաքին քաղաքական օրակարգ։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների փարիզյան հանդիպմանը հաջորդեց Դավոսում երկու երկրների ղեկավարների ոչ պաշտոնական  հանդիպումը։ Նախկին իշխանությունները՝ ի դեմս ՀՀԿ-ի, անցած ժամանակահատվածում առիթը բաց չեն թողել վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու Արցախի հարցում անընդունելի զիջումների գնալու մտադրությունների համար։

Նույնիսկ ՖԲ-ում հնչում են հարցադրումներ, թե կլինի՞ ԱԺ գեթ մեկ պատգամավոր, որը դեմ կլինի Արցախի հարցում զիջումների գնալուն։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն, դեռ երկրի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնելու առաջին օրից է հայտարարել, որ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցային կողմ։ Իսկ Մոսկվայում օրերս ԵԱՏՄ հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ ինքը չի կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից, եւ որ ինքը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։
Արցախի Հանրապետության «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է Արցախը պատրաստ դառնալու բանակցային կողմ։

Հայկ Խանումյանը նշում է․  «Արցախի Հանրապետությունը միշտ էլ պատրաստ է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Ես այս պահին հակասություն չեմ տեսնում Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ, սակայն հակասության առկայությունը նույնիսկ չի խանգարում այդ գործընթացին։ Ստեփանակերտին ու Բաքվին նույն սեղանի շուրջ նստեցնելը դեռեւս մնում է որպես հայտարարված նպատակ, դրան հասնելը դեռեւս հեշտ չէ»։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո տարածված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին պաշտոնական հայտարարությանը, ապա Հայկ Խանումյանը հիշեցնում է, որ նախկինում եւս խոսվել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։ 

«Նույնիսկ եղել է ժողովրդական դիվանագիտության ակտիվ փուլ։ Այդ ընթացքում, օրինակ, ադրբեջանական կողմը սկսել է ակտիվորեն զինվել, հատկապես 2010 թվականից հետո, հայկական կողմն այդ սպառազինությունների գնմանը մեծ ուշադրություն չի դարձրել։ Այնպես որ՝ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը»  միշտ չէ, որ ունի  խաղաղ նպատակներ, կողմերն այն սովորաբար օգտագործում են հակառակորդի նկատմամբ առավելություն ձեռք բերելու համար։ Այս փուլում մենք ամեն ինչ պետք է անենք սպառազինությունների ոլորտում հավասարակշռության հասնելու, քանզի Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, իրոք դավաճանական քաղաքականություն է իրականացվել այս ուղղությամբ»,- նշեց Հայկ Խանումյանը։

Իսկ մեր այն հարցին, թե Հայաստանի եւ Արցախի ռազմական էլիտաները որքանով կարող են ազդել քաղաքական իշխանության կայացրած որոշումների վրա, Հայկ Խանումյանն  արձագանքեց․ «Նայած թե ռազմական էլիտա ասելով ինչ եք հասկանում։ Եթե նկատի ունեք գործող զինվորականներին, ապա իրենք էլ գլխավոր շտաբի եւ պաշտպանության նախարարության միջոցով որոշում ընդունողների մեջ են, եւ հիմնական որոշում ընդունողները նրանց կարծիքի հետ հաշվի են նստում։ Ինչ մնում է նախկին զինվորականներին, ապա չգիտեմ, թե որքանով նրանք հանդես կգան կազմակերպված՝ իրենց կարծիքը տեղ հասցնելու համար։ Ես կարծում եմ, որ առաջիկայում հակամարտության հիմնական հարցերի վերաբերյալ համաձայնություններ չեն լինելու, եւ մենք պետք է լավագույնս օգտագործենք ժամանակը՝ կարեւորագույն խնդիրներ լուծելու համար, այնպիսին, ինչպիսին սպառազինությունների ձեռք բերումն է եւ վերաբնակեցումը»։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image