«Հայաստանը գտնվում է յուրահատուկ վիճակում, ԵԱՏՄ անդամ է, խորացնում է հարաբերությունները նաեւ ԵՄ-ի հետ, առաջնորդվում է եւ՛, եւ՛-ի սկզբունքով, ոչ թե կա՛մ, կա՛մ-ի։ Հայաստանն իրականացնում է խելամիտ արտաքին քաղաքականություն։ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ Գերմանիայում եւ Եվրոպայում մենք մատնանշում ենք Հայաստանի յուրահատուկ վիճակը, նրա աշխարհաքաղաքական դիրքը»,- Հայաստանում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի 10-ամյակի առթիվ հրավիրված «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» թեմայով քննարկման ժամանակ երեկ հայտարարեց հիմնադրամի «Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի» ղեկավար Թոմաս Շրապելը։
Բունդեսթագի պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերն էլ պատմական որակեց 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, քանի որ ժողովուրդն իր կամքն արտահայտեց՝ ձեւավորելով նոր կառավարություն։ Նա նշեց, որ Գերմանիայի համար կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։
Ալբերտ Վայլերը հիշեցրեց, թե ինչպես 2013թ․ Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանը հրաժարվեց ԵՄ ասոցացման համաձայնագրից։
«Բոլոր պետությունների իրավունքն է՝ ինքնուրույն որոշել, թե երբ են ասոցացվում Եվրոպային»,- հայտարարեց նա։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հավաստեց, որ ՀՀ-ԵՄ երկխոսությունը թեւակոխել է որակական նոր փուլ, եւ ակնկալվում է, որ ԵՄ համաձայնագիրը առաջիկայում կվավերացնեն նաեւ Գերմանիայի եւ Շվեդիայի խորհրդարաններում։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն էլ հիշեց, որ Արեւելյան գործընկերության այն երկրները, որոնք աշխարհաքաղաքական հարցերում գնացել են կոնֆրոտացիոն ճանապարհով, չեն լուծել իրենց մարտահրավերները։ Իսկ այսօրվա Հայաստանի պատմությունը նա համարեց հաջողության պատմություն, քանի որ եւ՛, եւ՛-ի քաղաականությունը ոչ թե պատրանք է, այլ՝ իրականություն։ Ըստ նրա՝ կարեւոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ԵՄ համաձայնագրի փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող դրույթները լինեն համադրելի կամ նույնը։ Արմեն Աշոտյանը, որպես արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ, կարծիք հայտնեց, որ ցանկալի է, որպեսզի Հայաստանում իշխանությունը փոխանցվի ոչ թե ձեռքից ձեռք, այլ՝ գլխից գլուխ։