Քաղաքականություն

Շառլ Միշելը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ոչ մի անգամ չի արտաբերել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը

Շառլ Միշելը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ոչ մի անգամ չի արտաբերել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բաքվում ոչ մի անգամ չի արտաբերել «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը։ Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը։ Ավելին՝ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ կարող է ասել հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման վերաբերյալ, Եվրոպական խորհրդի ղեկավարը «ցուցադրաբար» չի օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը։ 

Ադրբեջանական լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ալիեւը Շեհիդների ընտանիքներին ու պատերազմի հաշմանդամներին բնակարանների ու մեքենաների նվիրաբերության ժամանակ հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անունով միավոր գոյություն չունի, և, հետևաբար, այս բառակապակցությունն այլևս չի կարող օգտագործվել»։

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում Ժան Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել  էր․ «Ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այս համատեքստում կարևոր եմ համարում հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կոչ են անում կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` համանախագահների հովանու ներքո»։

Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսից հետո Իլհամ Ալիևը Շառլ Միշելին նվիրել է «Ղարաբաղ․ օկուպացիայից առաջ և հետո» վերնագրով գիրքը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image