Հասարակություն

Ի՞նչ պարտադիր է, թե անունն ինչ են դնում՝ վեթթինգ, մաքրում, զտում

Ի՞նչ պարտադիր է, թե անունն ինչ են դնում՝ վեթթինգ, մաքրում, զտում

Մարտի 1-ի գործով դատավարություններում ներգրավված փաստաբան Հովիկ Արսենյանը չի պատկերացնում, թե ինչ է վեթթինգը։ 
«Ինչպե՞ս են պատկերացնում վեթթինգը, ինչ եղանակով, ինչ ձեւերով, ինչ բովանդակությամբ՝ դրա մասին խոսք չկա։ Ամեն մեկն իր պատկերացումներն է արտահայտում ուղակի։ Միեւնույնն է, դա հղի է վտանգներով։ Դատավորները հայտարարագրել են իրենց ունեցվածքը, թող ստուգումներ կատարեն դրանց ճշմարտացիության մեջ համոզվելու համար։ Այնտեղ ինչ կհայտնաբերեն՝ ազգակցական կապեր եւ այլն, թող դրանով էլ առաջնորդվեն։

Բացի այդ, խնդիրն այն է, որ տեղի է ունեցել ժամանակի չարաշահում, անգործություն է եղել։ Մարտի 1-ի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն ունի կայացրած որոշումներ, որոնցում ուղղակիորեն սեւով սպիտակի վրա գրված է, որ մարդկանց դատապարտումը եղել է քաղաքական հետապնդում, այն չի եղել իրավական հարթությունում։ Դա նշանակում է, որ այն քննիչները, դատավորները, դատախազները, ովքեր առնչություն են ունեցել եւ կայացրել մեղադրող դատավճիռներ, վաղուց պետք է հեռացված լինեին իրենց աշխատանքից։ Դժբախտաբար, նրանք այսօր շարունակում են աշխատել։

Ի՞նչ պարտադիր է, թե անունն  ինչ են դնում՝ վեթթինգ, մաքրում, զտում։ Հայտնի է, որ այդ մարդիկ ցուցաբերել են քաղաքական հնազանդություն եւ կատարել են քաղաքական հրահանգ։ Ինչո՞ւ նրանցից չենք ձերբազատվում, որպեսզի կարողանանք երրորդ իշխանությունը ձեւավորել»,- ասաց Հովիկ Արսենյանը։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին հաջորդեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Դանիելյանի հրաժարականը, այսօր էլ հրաժարական տվեց ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը։ Արդյոք դա չի՞ վկայում դատական համակարգում առաջացած ճգնաժամի մասին։

Հովիկ Ասրենյանի կարծիքով՝ «ճգնաժամային վիճակ չի առաջացել, բայց այնտեղ պետք է լինեն իսկապես արժանավորները։ Նույն վիճակն է նաեւ Սահմանադրական դատարանում։ Եվ պատկերացրեք, որ մարդիկ հրաժարվում են առաջադրվել թափուր տեղերում, որովհետեւ առաջացել է հեղհեղուկ իրավիճակ։ Պետք չէր այս աստիճան դատական իշխանությանը վարկաբեկել։ Ընդհակառակը՝ ամենօրյա մշտական աշխատանքով պետք է ավելի քան արդարադատությունը դնել այն հիմքերի վրա, որ ժողովրդի շահերն արտահայտի»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image