Գյումրեցի ընդդիմադիր հայացքներով հայտնի քաղակտիվիստ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին թեև դատարանով արգելված է ԶԼՄ-ներով հարցազրույց տալ, սոցցանցերում գրառումներ անել, նա մտքերն արտահայտելու այլ մեթոդ է գտել, գիրք է գրել, որն արդեն պատրաստ է, եւ հաջորդ շաբաթ Գյումրիում կկայանա գրքի շնորհանդեսը։ Կարապետ Պողոսյանի «Բանտախուց N 6, կամ ճանապարհ դեպի Արցախ» գիրքը բանտային մենախոսություն է, որը Կարապետը գրել է բերդում:
Հիշեցնենք, որ գյումրեցի իրավապաշտպանին ձերբակալեցին հունիսի 5-ին, երբ նա գնացել էր Վարդենիս` մասնակցելու Բագրատ սրբազանի հանրահավաքին։ Բերդից հետո որոշ ժամանակով նրան տնային կալանքի ենթարկեցին, հետո էլ կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ։
«Բանտախուց համար 6 կամ ճանապարհ դեպի Արցախ» գիրքը սկսել էր գրել հենց ձերբակալման օրերին։ Կարապետը որոշել է գիրք գրել, երբ հասկացել է, որ ամեն ինչ անում են, որ լռեցնեն իրեն։ Գրքում նա խոսում է Արցախի վերազատագրման կարևորության մասին, նշում է նաև իր պատկերացրած այն բոլոր ճանապարհները՝ սկսած դիվանագիտականից, վերջացրած ներքին քաղաքական, բանակաշինական ոլորտներից։ Կարապետի համար Արցախը Հայաստանի ապագայի համար կարևոր օրակարգային հարց է, հիմնավորում է, որ առանց Արցախ մենք ոչ մի կերպ ապագա չունենք, անգամ երեխա չենք կարող դաստիարակել»,- hraparak.am-ին ասաց Կարապետի կինը՝ Անգին Պողոսյանը՝ նշելով, որ գիրքը սահմանափակ քանակությամբ է հրատարակվել, այն դեռևս վաճառքի համար նախատեսված չէ։ Սկզբնական շրջանում հասանելի կլինի քաղաքական, հասարակական գործիչներին, որից հետո չի բացառվում ազատ վաճառքը։
Մանրամասները՝ տեսանյութում։