Թեեւ Արեւմտյան Գերմանիայի մայրաքաղաքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ մինչեւ Արեւմտյան եւ Արեւելյան Գերմանիաների միավորումը, 1991-ին եղել է Բոննը, Բոննից ընդամենը 20 կմ հեռավորության վրա գտնվող Քյոլնը անհամեմատ մեծ քաղաք է՝ 1 մլն 100 հազարից ավելի բնակչությամբ: Այն ունի զարգացած արդյունաբերություն՝ մեքենաշինությունից մինչեւ աերոդինամիկ հետազոտություններ, եւ խոշոր տրանսպորտային հանգույց է։ Բոննից եւ շրջակայքից ուր էլ գնալիս լինես, նախ գնացքով հասնում ես Քյոլն, Քյոլնից արդեն երկաթուղով, օդանավով, հեռավոր երթուղիների ավտոբուսներով՝ ուր ասես։
Քյոլնը առանձնահատուկ է ոչ միայն իր աշխարհահռչակ տաճարով, որը համեմատելի է երեւի միայն Միլանի տաճարի՝ Duomo di Milano-ի հետ: Ի դեպ, Քյոլնի տաճարը կառուցվել է Միլանի տաճարից Քյոլն տեղափոխված Երեք մոգերի (կամ Երեք արքաների, Երեք իմաստունների) մասունքները պատսպարելու համար, որոնց աստղերը առաջնորդել էին Բեթղեհեմ՝ նորածին Հիսուսին երկրպագելու (համաձայն ավանդության՝ Մոգերի մասունքներն իբրեւ թե գտել էր Կոնստանտինոս Մեծի մայրը, որ Երուսաղեմ էր այցելել Հիսուսի ծննդից 3 հարյուր տարի հետո. նա մասունքները տարել էր Կոստանդնուպոլիս, որտեղից էլ Խաչակրաց պատերազմների ժամանակ դրանք հասել էին Միլան):
Քյոլնը առանձնահատուկ է նախ նրանով, որ գերմանական ամենահին քաղաքներից է, որը հիմնադրվել է Հռոմեական կայսրության կողմից՝ որպես կայսրության զորակայան, այդտեղից էլ Colonia՝ գաղութ անվանումը, որ հնչունափոխվելով դարձել է Cologne, իսկ գերմաներենում՝ Քյոլն: Ինչը պատմականորեն ավելի ուշագրավ է եւ հայերի համար առանձնակի հետաքրքիր, Քյոլնի տարածքում է ապրել Arminius-ը կամ Armenius-ը, որի տարած հաղթանակը հռոմեական 20-անոց զորագնդի դեմ Տեւտոբուրգի անտառի ճակատամարտում մեր թվարկության 9 թվականին, ըստ էության, վերջակետ դրեց Հռոմեական կայսրության նվաճումներին Հռենոս գետից դեպի արեւելք, որտեղ գերմանական էթնիկ խմբերով բնակեցված տարածքներ էին, եւ նշանավորեց միասնական գերմանական էթնոսի ծնունդը (համարյա՝ ինչպես Հայկ նահապետի հաղթանակը հայ ժողովրդի ծննդյան պարագայում):
Իհարկե, եղել են եւ կան հիմար մեկնաբանություններ, թե իրեն Armenius կոչած անձը կարող էր հայերի հետ կապ չունենալ, բայց ավելի խելամիտ պատմաբաններն ընդունել են՝ Armenius-ը եթե հայկական ծագում էլ չունենա, գոնե Հայաստանում պետք է եղած կամ ռազմական արշավի, ծառայության մասնակցած լինի, որ Armenia հիմքն ունեցող ինքնանվանումով աշխարհին ներկայանա: Ավելին, Քյոլնի ամբողջական լատինական անվանումների մեջ կա եւս երկու անվիճելիորեն հայկական անձնանուն՝ Արա եւ Արամ ՝ Colonia Claudia Ara Agrippinensium, ընդ որում՝ բնակավայրը կամ դրա գլխավոր սրբավայրը Ara Ubiorum, կրճատ՝ Ara, կոչվել է հռոմեական զորաբանակի տեղակայումից եւ Colonia անվանումը ստանալուց էլ առաջ: Դժվար է հայկական Արամ անձնանունը չտեսնել նաեւ Apud Aram Ubiorum անվան մեջ: Հուսանք՝ ապագայի հետազոտողներն ավելին կպարզեն թե՛ Armenius-ի, թե՛ Քյոլնի տարածքում գտնված Ara եւ Aram անուններով վայրերի մասին:
Վերադառնալով իմ ճանապարհորդությանը՝ Deutsche Welle-ի Global Media Forum-ից հետո ես ծրագրել էի գնալ Հաննովեր, ինչի համար ինքնաբերաբար պետք է Բոննից (իրականում՝ Բոննին մերձակա Տրոյզդորֆից, որտեղ իջեւանել էի) գնացքով մեկնեի Քյոլն, Քյոլնից արդեն այլ գնացքով՝ Հաննովեր։ Քյոլն ժամանելու եւ մեկնելու միջեւ ցանկության դեպքում կարող էի մի քանի ժամվա տարբերություն՝ պատուհան ստեղծել։ Այդպես էլ վարվեցի, որովհետեւ, ինչպես բոլոր մարդիկ, այնպես էլ ես լուսանկարներից գիտեի, որ Քյոլնի աշխարհահռչակ տաճարը, որի կառուցումը սկսվել է 13-րդ դարում ու երբեք չի ավարտվում, գտնվում է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի հարեւանությամբ։ Քյոլնի երկաթուղային կայարանից բառացիորեն դուրս ես գալիս տաճարի հրապարակ։ Այդքան մոտ գտնվող ու այդքան հռչակավոր տաճար չայցելելն ո՞վ իրեն կների...
Անշուշտ, ես հասկանում եմ, որ ներկայիս Հայաստանը մի վարչապետ ունի, որը Կոստանդնուպոլիս էր հասել ու Hagia Sofia չէր այցելել։ Hagia Sofia չգնալուց հետո էլ առանց անհարմար զգալու մզկիթ էր գնացել՝ մի ավելորդ անգամ հաստատելով, որ ինքը ոչ միայն քրիստոնեության հետ որեւէ մտավոր-հոգեւոր առնչություն չունի (դատելով քայլերից` մահմեդականության հետ գուցեեւ ունի), այլեւ քրիստոնեության պատմությունից էլ նվազագույն տեղեկություն կամ գրագիտություն չունի։ Այլապես, քրիստոնյա չլինելով հանդերձ, գոնե համամարդկային, քաղաքակրթական հարթությունում Hagia Sofia-ի արժեքը գիտակցեր եւ այցելեր։ Այդքա՜ն տգետ, այդքա՜ն հակաքրիստոնյա ու այդքա՜ն վայրենի... Եվ Կ․ Պոլիս հասնող ու Hagia Sofia չայցելող հակաքրիստոնյան ու մարմնացյալ տգետը դեռ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունն է հոլովում ու Վեհափառի դեմ է զազրախոսում... Փարիսեցիներին ու թզենուն ուղղված Հիսուսի անեծքները Նոր Կտակարանում, թվում է, հենց ամեն ազգության ու ժամանակի փաշինյանների համար են։ Մնում է տեսնել, թե կոնկրետ Նիկոլ Փաշինյանի պարագայում դրանք երբ եւ ինչ կերպ ի կատար կածվեն։
Սակայն վերադառնալով Քյոլնի տաճարին, որքան էլ հաջողված սրամտում են, թե դրա կառուցումն ավարտվելու է «աշխարհի վերջից» հետո, իրականում 19-րդ դարավերջին մի պահի տաճարի կառուցումն ավարտվել է, բայց դրանից հետո էլ վերակառուցումներն են սկսվել ու շարունակվում։ Այնպես որ՝ դժվար է ասել, թե 800 տարվա ընթացքում քանի մարդու է վիճակվել Քյոլնի տաճար այցելել մի այնպիսի պահի, որ այնտեղ կառուցում կամ վերակառուցում չընթանա։ Ներկա պահին էլ տաճարի արտաքին պատերը մի քանի կողմից, մի քանի հատվածում վերանորոգվում են։ Տաճարի ներսում էլ նորոգման աշխատանքներ են, բայց կրոնական արարողությունները զուգահեռ ընթանում են՝ պատարագների մատուցումից մինչեւ խոստովանություններ, մոմավառություններ, նույնիսկ՝ համերգներ։ Ի դեպ, համերգները գերմանական տաճարներում շատ տարածված են մեր ժամանակներում։
Քյոլնի տաճարի անվերջ նորոգման ու վերանորոգման պատճառը, անշուշտ, հսկայական չափերն են, շատ մեծ բարձրությունը եւ գոթական գմբեթների ու դեկորների անհաշվելի քանակը։ Սակայն մի քանի դար շարունակ մարդկային չվերջացող միջամտությունը տաճարի շինությանը, ի վերջո, իմ տպավորությամբ, այն դարձրել է գերազանցապես ճարտարապետական կոթող եւ մշակութային վայր, որտեղ, վստահաբար, չկա կրոնական մագնետիզմ, ինչպես, դիցուք, Երուսաղեմի Սբ Հարության տաճարում կամ Կ․ Պոլսի Hagia Sofia-ում։ Քյոլնի տաճարում կրոնական աուրա էլ առանձնապես չի զգացվում, չնայած արժեքավոր մասունքների առկայությանը։ Տաճարն ավելի աշխարհահռչակ ճարտարապետական կոթող է, քան խոկման կամ բարեպաշտության մղող սրբավայր։
Տաճարից հետո Քյոլնի երկրորդ այցեքարտը, անխոս, Eau de Cologne-ն է։ Այն, ինչ խորհրդային ժամանակներում կոչվել է եւ ռուսերենում հնչում է одеколон։ Անշուշտ, բառը ռուսերենում ճիշտ է հնչում, այնպես, ինչպես ֆրանսերենում, սակայն դրա իմաստը դժվար թե ամենքն իմանան։ Eau-ն ֆրանսերեն «ջուր» բառն է, եւ օծանելիքի երեք հայտնի խմբերը՝ Eau de Perfum, Eau de Toilette, Eau de Cologne, եթե իմաստային թարգմանության ենթարկենք, մոտավորապես կնշանակեն օծանելիք-ջուր (Eau de Parfum), հարդարման ջուր (Eau de Toilette), Քյոլնի ջուր (Eau de Cologne)։ Խմբերը տարբերվում են ջրի, սպիրտի, եթերային յուղերի հարաբերակցության տարբերությամբ։
Անշուշտ, հազարամյակներ շարունակ, հիմնականում վանքերում վանականների կազմած բաղադրատոմսերով արքայական ընտանիքների, պալատականների համար բուրավետ ջրեր ստեղծվել եւ օգտագործվել են (դիցուք՝ Ֆլորենցիայի հանրահայտ Officina Profumo-Farmaceutica Santa Maria Novella-ն գոյություն ունի նույն վանքի շինությունում արդեն 800 տարի՝ 1221-ից, եւ Մեդիչի իշխանուհիներին ու Ֆրանսիայի թագուհիներին շփացրած իր Acqua della Regina-ն՝ հարյուրամյակների ընթացքում չփոփոխվող ու չբացահայտվող բաղադրատոմսով, արտադրում եւ վաճառում են նաեւ այսօր)։
Սակայն մարդկանց ավելի լայն շրջանակի համար, արտադրական ծավալներով եւ ավելի դյուրին բաղադրատոմսերով օծանելիքների արտադրությունը սկսվել է 1700-ականներին՝ Քյոլնում, այդտեղից էլ օծանելիքի Eau de Cologne, թարգմանաբար՝ «Քյոլնի ջուր» անվանումը (Քյոլնի անունը լատիներենում, ֆրանսերենում, անգլերենում եւ այլն, գրվում եւ հնչում է Cologne)։ 1780-90-ականներին դարձյալ Քյոլնում մեկ այլ պարֆյումերի կողմից ստեղծվում է «Eau de Cologne 4711» կամ պարզապես «4711»-ը, որն էլ արագորեն դառնում է տղամարդկանց ամենահայտնի օծանելիքն աշխարհում եւ երեւի թե այդպիսին էլ մնում է մինչ օրս։ Քյոլնում ինձ հավատացրին, թե հիմա «4711»-ն արտադրվում է որպես unisex օծանելիք` թե՛ կանանց համար, թե՛ տղամարդկանց, սակայն շատ չհավատացի։ Պարզ է, որ Muhler օծանելիքի տունը վաղուց կանանց համար էլ է օծանելիքներ արտադրում, սակայն չհավատացի, թե հատկապես «4711» տեսակը նաեւ կանանց համար լինի։
Ամեն պարագայում էականը, որ «4711»-ն իր բնօրինակ սրվակով եւ բաղադրությամբ Քյոլնում հնարավոր է գնել։ Նույնիսկ 1700-ականներին ստեղծված առաջին Farina Eau de Cologne-ից է հնարավոր գնել, դարձյալ օրիգինալ բաղադրությամբ եւ սրվակով։ Իսկ 4711 համարը Քյոլնում այն շինության հասցեն է, որտեղ 18-րդ դարավերջին սկսվել է այդ օծանելիքի արտադրությունը եւ, ինչպես պարզվեց՝ մինչ օրս էլ շարունակվում է։ Ճիշտն ասած, «Hօuse of 4711» անվանումը Քյոլնի տաճարից ոչ հեռու մի ընդարձակ, բարձրահարկ շինության վրա ես տեսա, բայց ենթադրեցի՝ երեւի հյուրանոց է, որ օգտագործում է Քյոլնի այցեքարտ դարձած համարը։ Պարզվում է՝ ոչ, սխալվել էի։ Դա հենց այն 4711 համարի շինությունն է, որտեղ սկսվել է հայտնի օծանելիքի արտադրությունը, հիմա այնտեղ նաեւ օծանելիքի թանգարան կա, վաճառասրահ։ Հետո շատ ափսոսեցի, որ այդ պահին այդքանը չգիտեի, այլապես թեկուզ կարճ, 10-15 րոպեով անպատճառ House of 4711 կգնայի...
Ես տարիներ առաջ Ֆրանսիայի Լազուրե ափին եղել եմ Գրասսեում, որտեղ 19-րդ դարի կեսերին հիմնվել են Eau de Parfum օծանելիքի առաջին արտադրությունները, այսպես ասած՝ առաջին Օծանելիքի տներն աշխարհում՝ Molinard, Fragonard, Galimard (երեւի միայն Guerlain օծանելիքի տունն է, որի պատմությունը սկսվել է 19-րդ դարում, բայց ոչ Գրասսեում)։ Գրասսեում էլ շատ ժամանակ չունեի, բայց գոնե Molinard-ի թանգարան ու բուտիկ այցելեցի։ Իսկ այժմ լեգենդար 4711 տան առջեւ եմ եղել Քյոլնում եւ ներս չեմ մտել... Աններելի բացթողում։ Քյոլնում նաեւ շոկոլադի թանգարան կա, որ պետք է գնայի, չհասցրի... ու, բնականաբար, էլի վայրեր, որոնց մասին ասել են, կամ գիտեմ, բայց ժամանակ չգտնվեց գնալու։ Արդյունքում ինքս ինձ խոստացա, որ հաջորդ անգամ Գերմանիա կամ Բելգիա մեկնելիս մի քանի օր Քյոլնում կմնամ եւ կայցելեմ բոլոր տեսարժան վայրերը, որ ցանկանում եմ տեսնել։ Իսկ առայժմ՝ Հաննովեր։