Արցախցիների բռնի տեղահանության առաջին իսկ օրից Տավուշի մարզի Չինարի վարչական շրջանի ղեկավարն իր աշխատակիցների, ընտանիքի անդամների ու ընկերների հետ անցավ գործի՝ գյուղում պայմաններ ստեղծելու՝ արցախցիներին ընդունելու համար: Սամվել Սաղոյանն անձամբ դիմել է դրսում՝ ՌԴ-ում, Հոլանդիայում եւ տարբեր երկրներում ապրող չինարեցիներին, որոնց տներում ապրող չկա, դռները փակ են, եւ ստացել է նրանց համաձայնությունը՝ տներն առանց վարձավճարի արցախցիներին հատկացնելու համար:
Բոլորը մեծ սիրով համաձայնել են: Գյուղացիներն էլ համատեղ ուժերով մաքրել, կարգի են բերել տները, իրենց եղածից լրացրել կենցաղային անհրաժեշտ պարագաներով, թարմ անկողիններով: Մի խոսքով՝ տները կազմ ու պատրաստ սպասում են իրենց նոր բնակիչներին: Սամվել Սաղոյանն ասում է, որ անգամ էլեկտրաէներգիայի եւ գազի հարցերն է կարգավորել համապատասխան կառույցների հետ, որպեսզի մարդիկ առանց հոսանքի ու գազի չմնան: Նույնիսկ ձմեռվա վառելիք ցախի մասին է հոգացել, որ մարդիկ ձմռանը չմրսեն: Իսկ Մոսկվայում ապրող չինարեցիների համայնքը երաշխավորել է, որ իրենք էլ կօգնեն նման ընտանիքներին, միայն թե նրանք գան իրենց գյուղում ապրեն: Չինարիում լուծված է նաեւ աշխատատեղերի խնդիրը՝ հարեւան Այգեձոր գյուղում կա պահածոների գործարան, ձեռնոցի գործարան: Կանայք ու տղամարդիկ առանց աշխատանքի չեն մնա: Անվարձահատույց կտրվեն նաեւ հողատարածքներ, անասնագոմեր:
Արցախում զինվորական կյանքին սովոր տղամարդիկ էլ կարող են դառնալ պայմանագրային զինծառայողներ: «Եւ իրենք կապահովվեն ամեն ինչով, տան վարձ չեն տա, ապրելը հեշտ կլինի, եւ սահմանամերձ գյուղը Հայաստանի թիկունքն ավելի ամուր կպահի».- ասում է Սամվել Սաղոյանը: Բայց նեղսրտում է, որ շատերն իրենց չքնաղ Չինարիում չեն ուզում ապրել, այլ գերադասում են դաշտային Մասիսը՝ իր գյուղերով: Արցախցիներն ասում են, որ չեն ուզում նորից սահմանի բերանին ապրել, հոգնել են պատերազմներից, ուզում են, որ իրենց երեխաներն այլեւս վախի մեջ չապրեն: Եւ այս իրավիճակում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը Չինարին չի հայտնվելու Արցախի վիճակում եւ հաշված ժամերի ընթացքում չինարեցիները չեն տեղահանվելու` տեղափոխվելով դեպի Հայաստանի խորք: Այնպես որ մարդկանց չի կարելի մեղադրել, որ ուզում են Մասիսում հիմնվորվել, չնայած Չինարիում այս պահին ավելի լավ պայմաններ են առաջարկում:




