Հասարակություն

«Հրապարակ». 5 զոհ, բազում վիրավորներ. իրանցին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման

«Հրապարակ». 5 զոհ, բազում վիրավորներ. իրանցին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման

1970 թ․ ծնված, հնգամյա կրթությամբ, ամուսնացած, խնամքին երեք անչափահաս երեխա ունեցող, նախկինում չդատված, Իրանի Թեհրան քաղաքում հաշվառված, Երեւանի Կոմիտասի փողոցում բնակվող Հաֆեզ Ղահրեմանի Հաբիբը, 2024 թ. ապրիլի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, սթափ վիճակում, Կապան համայնքի Վերին Խոտանան գյուղի հարակից ճանապարհահատվածում վարելով «Սկանյա» մակնիշի ավտոմեքենան, խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնների 66-րդ կետով, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով եւ 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջները․ վայրէջքային ճանապարհահատվածներն անցնելու ընթացքում ընտրել է շարժման այնպիսի ռեժիմ` ավտոբուսի ընթացքի արագության կարգավորումն իրականացնելով այնպես (ընթացքի արագության կարգավորումն իրականացնելով բանվորական (ոտքի) արգելակային համակարգի միջոցով, որը չի բխել ավտոբուսի տեխնիկական շահագործման հրահանգների պահանջներից), այն է՝ կատարելով անընդմեջ արգելակումներ եւ դրա արդյունքում տրանսպորտային միջոցի անվային արգելակային մեխանիզմները հասցնելով գերտաքացման ու, դրանով իսկ, հանգեցնելով դրա արգելակային համակարգերի անարդյունավետության լրիվ անկման, այն է՝ դրանց անաշխատունակության առաջացմանը, ինչը վտանգավոր է եղել երթեւեկության, մասնավորապես՝ իր իսկ երթեւեկության համար: Դրանով իսկ պայմանավորված՝ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, քանի որ ինքն իրեն զրկել է վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից։ 

Դրա հետեւանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց ու գլորվել հարակից ձորը, ինչն առաջացրել է ուղեւորներ Մեհրուդ Յուսիեֆի, Ամջադի Սեյեդ Մանսուր Աբբասի, Արաշ Նադեհի, Մեհրան Հուշիյարի, Կատայուն Մահբուբ Սանսարայի մահը, Սամա Բազմարայի, Էդմոն Բաբաջանյանի, Մահրուդ Չոչարիի, Շահանդուխտ Յուսուֆի, Այդար Անվել Անուրո Ալբո Միքայելի առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, Փեիման Ակբարիի, Հեյդար Քահրեմանիի առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթեւ վնաս, իսկ Մեհդի Զախարիի, Ալի Նուրիի, Ֆահիմե Էսմայիլի, Ազիմի Դիզիդաջի առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Հաֆեզ Հաբիբի Ղահրեմանիին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Նախնական դատալսումների ժամանակ Հաֆեզ Հաբիբի Ղահրեմանին եւ նրա  պաշտպանը ներկայացրել են արագացված վարույթ կիրառելու միջնորդություն։ Դատարանը բավարարել է   միջնորդությունը եւ նշանակել լրացուցիչ դատալսումներ: 

2025թ․ հունիսի 17-ին Գորիս քաղաքում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչ Դաջունցը Հաֆեզ Հաբիբի Ղահրեմանիին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 4  տարի 6  ամիս ժամկետով, Քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցել է նրա՝ փաստացի անազատության մեջ գտնվելու 3 օրը եւ պատիժ սահմանել ազատազրկում՝ 4 տարի 5 ամիս 27 օր ժամկետով։ Մեղադրող Հայկանուշ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել եւ պատժի մասով փոփոխել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: 

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ հոկտեմբերի 1-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը մերժել, Հաֆեզ Հաբիբի Ղահրեմանիի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ: Սույն որոշումը դատախազությունն արդեն չի բողոքարկել վճռաբեկ դատարան, եւ այն մտել է օրինական ուժի մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image