Ընդդիմության հանրահավաքների, քաղաքական մեծ հնչեղություն ունեցող դատավարությունների ժամանակ ծառայություն են իրականացնում ոստիկանության գվարդիայի մեծ թվով աշխատողներ։ Ներքին գործերի նախարարության կազմում ոստիկանության գվարդիան ստեղծվել է 2025 թ. նոյեմբերի 1-ին։ Գվարդիայի ստեղծումն իշխանությունը ներկայացրեց որպես ոստիկանության գործառույթների համապարփակ բարեփոխում: Գվարդիան փոխարինեց նախկինում գործող ոստիկանական զորքերին։
Ոստիկանության գվարդիայի խնդիրները, ըստ բարեփոխիչների, պետական եւ հասարակական կարեւորության օբյեկտների պահպանությունն է, հասարակական կարգի ապահովումն ու անվտանգության պահպանումը։ Գվարդիան իրականացնում է հատուկ պահպանության, ուղեկցման եւ օպերատիվ աջակցության գործողություններ՝ աջակցելով ոստիկանության մյուս ստորաբաժանումներին անվտանգության ապահովման գործում։ Ներքին գործերի նախարարությունը ոստիկանության գվարդիայի կրտսեր խմբում ընդունելության հայտարարության մեջ դիմորդներին ընդամենը մի քանի պահանջ է ներկայացրել՝ միջնակարգ կրթություն, պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների եւ օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի), տիրապետել հայերենին, իրենց անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, ֆիզիկական պատրաստականությամբ եւ առողջական վիճակով կարողանալ կատարել ոստիկանության գործառույթները։ Այսինքն, նվազագույն որակավորում եւ գիտելիքներ են պահանջվում՝ ոստիկանության գվարդիայում աշխատելու եւ բավականին բարձր աշխատավարձ ստանալու համար:
Այդ հայտարարության մեջ դիմորդների համար հրապուրիչը, բնականաբար, այն կետն է, որտեղ նշված է. գվարդիայի ծառայողները կունենան սոցիալական երաշխիքներ, մրցունակ եւ կայուն աշխատավարձ։ Որքա՞ն է այդ մրցունակ աշխատավարձը։ Ապրիլի 23-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Ներկայում որքա՞ն է ոստիկանության գվարդիայի աշխատողների ընդհանուր թիվը, որքա՞ն է նրանց միջին աշխատավարձը»։ ՆԳՆ-ից ստացված պատասխանում նշված է․
«1) Համաձայն ՀՀ ՆԳ նախարարի` 2024 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տնօրինվող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» թիվ 55-Լ հրամանով հաստատված հավելվածի 103-րդ կետի՝ ոստիկանության գվարդիայի աշխատողների թվի վերաբերյալ հայցվող տեղեկությունը դասվում է գաղտնի տեղեկատվության շարքին, ուստի այն տրամադրել հնարավոր չէ:
2) ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողների (ատեստավորված եւ չատեստավորված) միջին աշխատավարձի հաշվարկը՝ ըստ պաշտոնների խմբերի․
• գլխավոր խումբ՝ 453․788 դրամ, ատեստավորման լավ գնահատականի դեպքում՝ 733․788 դրամ
• ավագ խումբ՝ 414․759 դրամ, ատեստավորման լավ գնահատականի դեպքում՝ 694․759 դրամ
• միջին խումբ՝ 348․963 դրամ, ատեստավորման լավ գնահատականի դեպքում՝ 611․963 դրամ
• կրտսեր խումբ՝ 198․153 դրամ, ատեստավորման լավ գնահատականի դեպքում՝ 341․153 դրամ։
Հարկ է նշել, որ հաշվարկները կատարվել են յուրաքանչյուր խմբում ընդգրկված մեկ պաշտոնի համար՝ 10-15 տարվա ծառայության ստաժի դեպքում»։
Ինչո՞ւ է ոստիկանության գվարդիայի աշխատողների թիվը համարվում գաղտնի տեղեկատվություն։ Գուցե ոստիկանության գվարդիայի աշխատողների թիվն այնքան մեծ է, որ ՆԳ նախարարությունը հարկ չի՞ համարել այն հրապարակել։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա արձանագրենք, որ այսքան վարձատրություն մեր երկրում նույնիսկ մի քանի բարձրագույն կրթություն ունեցող գիտնականները չեն ստանում: Պարզ է, որ երկիրը վերածել են ոստիկանապետության, եւ իշխանությանը պաշտպանող ու հանրահավաքների եւ ընդդիմության դեմ մարտնչող գվարդիայի ծառայողները մեր երկրում ավելի կարեւոր դերակատարում ունեն, քան բժիշկները, ուսուցիչները կամ գիտնականները: