Բավականին երկար տատանվում էի՝ տարեմուտի՞ն, թե՞ Ամանորի եւ սուրբծննդյան տոներից հետո ամփոփել 2024-ը եւ 2025-ի կանխատեսումների մասին նյութ գրել, որտեղ, կամա թե ակամա, Փաշինյանի անունն է հոլովվելու։ Ես, իհարկե, սնոտիապաշտ չեմ եւ Գաբրիել, Միքայել հրեշտակապետերի կամ Սադայել սատանայապետի գոյությանը չեմ հավատում, սակայն ամեն պարագայում Ամանորի լուսեղ տոնի նախաշեմին չարժե մի համարյա չարքի ու հերձվածողի անուն հոլովել, ինչպիսին Փաշինյանն է։ Դրա համար էլ այս հոդվածում կասեմ միայն այնքանը, որ համարյա համոզված եմ՝ 2024-ը ՀՀ վարչապետի պաշտոնում Փաշինյանի պաշտոնավարության վերջին տարին էր։ 2025-ին ինչ-որ պահի, հուսանք` տարվա առաջին կեսին, Փաշինյանը եւ ՔՊ-ն կհեռանան կամ կհեռացվեն իշխանությունից։
Հայաստանի լրատվական-քաղաքական դաշտում արդեն քանի ամիս խոսվում է, թե Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների է պատրաստվում, դրա համար է անդադրում ներքաղաքական ու ներքպական շոուներ բեմադրում։ Ինքս այդ կարծիքին չեմ, թե Փաշինյանը մե՛կ մոնոներկայացումներով, մե՛կ ընտանեկան բեմադրություններով հասարակությանն է ներկայանում ընտրությունների նախապատրաստության ծիրում։ Կարծում եմ՝ նա եթե չգիտակցի էլ, ենթագիտակցության մակարդակում զգում է, որ ինքը՝ իր ՔՊ-ով հանդերձ, քաղաքական դիակ է թե´ Հայաստանի հասարակության համար, թե´ արտաքին աշխարհի եւ այդ պաշտոնին մնում է միայն այն պատճառով, որ դեռ տեսանելի չէ, թե ով է գալու իր փոխարեն։ Սակայն իշխանության հավակնորդի փնտրտուքը երկար չի տեւի, քանի որ դրանով ամենքն են զբաղված՝ երկրի ներսում եւ դրսում։
Օրերս մտավոր ունակություններով առանձնակի օժտված ՔՊ-ականներից մեկը խորհրդարանում լրագրողներին ասել էր, թե ՀՀ նախկին նախագահները երբեք ժողովրդի քվեն չեն ստացել, մինչդեռ Փաշինյանը ստացել է։ Հավանաբար, դրանով բացատրելով, թե ինչու է ՔՊ-ն դեռ իշխանության։ Այո, նախկին նախագահներն ընտրություններ են կեղծել: Ռոբերտ Քոչարյանը՝ երկու անգամ, եւ դա էլ պատճառներից մեկն է, թե ինչու են Հայաստանի ժողովրդի մերժումը եւ ատելությունն իր հանդեպ դեռ բոցկլտում։ Սերժ Սարգսյանը՝ նույնպես․ ե՛ւ 2008-ին, ե՛ւ 2013-ին, դրա համար էլ անփառունակ կերպով հեռացավ թե´ իշխանությունից, թե´ Կոնդի կառավարական дача-ներից, որտեղ հասել էր առանձնատուն սեփականաշնորհելու ամենաթողության։ Նախագահ Տեր-Պետրոսյանի՝ 1996-ի նախագահական ընտրությունում հաղթելը եւս վիճարկվել է եւ մնում է վիճելի ցայսօր, սական Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին նախագահական ընտրությանը` 1991-ին, թե´ մասնակիցների թվի առումով, թե´ Տեր-Պետրոսյանի ստացած կողմ ձայների, այնպիսի ցուցանիշներ են գրանցվել (74% մասնակցություն եւ 83% կողմ ձայն), որոնց մասին ՔՊ-ական խառնակույտը 2018-ին անգամ չէր կարող երազել։
Այնուհետ էական է փաստը, որ ՔՊ-ի մասնակցությամբ ոչ մի համապետական ընտրության ընտրողների մասնակցությունը նույնիսկ 50% չի կազմել։ Դա ապացույց է, որ ՔՊ-ն հասարակության մեծամասնության կողմից մերժված է եղել 2018-ի ապրիլյան-մայիսյան իշխանազավթումից սկսած։ Ընտրողների 50%-ից ցածր մասնակցության պայմաններում ՔՊ-ն ինչ ձայներ էլ ստացել է, 2018-ի ընտրություններում ստացել է հանուն ՀՀԿ-ին հեռացնելու, 2021-ին` հանուն Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալը կանխելու։ Չլինեին Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գործոնները, ՔՊ-ն 2018-ին եւ 2021-ին էլ այնքան ձայն կստանար, որքան անցյալ ամսվա՝ Գյումրու քաղաքապետի ընտրության primeries-ում կամ 2023-ի Երեւանի ավագանու ընտրություններում։
Երբ ՔՊ-ն որպես սրան-նրան հեռացնելու գործիք չի դիտարկվում, այլ գնահատվում է բացարձակ առումով, սեփական ծառայությունների ու արժանիքների համար, ապա Երեւանի եւ Գյումրու արդյունքներն են լինում։ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի անմնացորդ մերժման մի հավելյալ ցուցիչ էր 2024-ի մայիսին Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման գեներացրած զանգվածը։ Այդ շարժումը չուներ քաղաքական տեսլական, լոկ «Մերժենք Նիկոլին» կարգախոսն ու մոտիվացիան, եւ դրանով նույնքան զանգվածներ տարավ Հանրապետության հրապարակ, որքան 2018-ին «Մերժենք Սերժին» կարգախոսը։
Մինչդեռ պատկերացրեք՝ շարժումն առաջնորդեր ոչ թե Սրբազանի նման ապաքաղաքական անձ, այլ քաղաքական խարիզմա, մտածողություն, ծրագիր ունեցող մի գործիչ... Փաշինյանը վերջացած կլիներ դեռ մայիսին եւ, քաղաքական դիակի վիճակում, հետագա ամիսները չէր գլորի հեծանիվ վարելով, պատուհանների գոգերին կիսամերկ նստելով եւ բերանին եկած տխմարությունները շաղ տալով՝ արդեն Հայաստանյայց առաքելական եկեղեցու, Հայկական բարձրավանդակի, Արեւմտյան Հայաստանի մասին․․․ Ընդհանրապես, COVID-ի թեստեր հանձնելուն զուգահեռ, օգտակար կլինի եթե Փաշինյանը (ի դեպ՝ կինն էլ) օրգանիզմում թմրանյութերի առկայության թեստ էլ հանձնի։ Երկուսն էլ երեւի այնքան են հոգեմետ դեղեր ընդունել, որ օրգանիզմում դա թմրանյութի չափաբաժնի է հասել, քանի որ դրանց՝ երկուսի շարժումներում, խոսքերում, գործողություններում էլ գիտակցության նշույլ չի երեւում։ Թե այդ անգիտակից ու անմեղսունակ վիճակով դեռ որքան են հասարակության համար լինելու որպես վիրավորանքի, հայհոյախոսության, ծաղրանքի առարկա, կտեսնենք։
Սակայն Փաշինյանը որքան էլ անգիտակից վիճակում լինի, մնացյալ աշխարհն է գիտակից, եւ այն գործընթացները, որ ծավալվում են թե՛ Արեւելյան Եվրոպայում, թե՛ Ասադի ռեժիմի տապալումից հետո արդեն նաեւ Մերձավոր Արեւելքում, հրամայական անհրաժեշտություն են դարձրել գիտակից անձի առկայությունը ՀՀ վարչապետի պաշտոնում։ Ո՞վ կլինի այդ անձը, ինչպե՞ս եւ ե՞րբ իշխանության գալու իր հավակնության մասին կհայտարարի․ դա է հարցը։ Հասկանալի է, որ այդ անձը չի կարող լինել ներկայիս իշխանությունից կամ ասպարեզում եղած ընդդիմությունից, քանի որ դրանք հեղինակազրկված եւ որեւէ հեռանկար չունեցող ուժեր եւ գործիչներ են։ Մյուս կողմից էլ՝ ժամանակը սուղ է, հետեւաբար, իշխանության հավակնորդը հանրածանոթ մի ֆիգուր պետք է լինի, որպեսզի վերջինիս ասպարեզ գալն ու իշխանության հավակնությունն ինքնին հասարակության մոտ որպես Փաշինյանի վերջաբան ընկալվի։ Ո՛չ ներքին հարկադրանքը, ո՛չ արտաքին իրողությունները ժամանակ եւ այլընտրանք չեն թողնում․ Հայաստանում իշխանափոխությունը պետք է որ ամիսների հարց լինի։ Փաշինյանին մնում է՝ այն կարճ պահերին, երբ գիտակցությունը պայծառանում է, հրաժարականի ու հրաժեշտի տեքստ գրի, որպեսզի SMS-ներով պաշտոնանկ արված իր նախարարների ու Քննչական կոմիտեի նախագահի վիճակում չհայտնվի, նրանց նմանությամբ չասի, թե ինչ «ահռելի», «աննախադեպ», «անասելի» ծավալի ու խորության աշխատանք է կատարել, չհասնի գերադրական ածականներով սեփական ոչնչությունը հակակշռելու խեղկատակության։
Լեւոն Տեր-Պետրոսյանը 98-ին սահմանել է նշաձողը․ «Եթե արել եմ ինչ-որ լավ բան, դրա համար չեմ ակնկալում որեւէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ Ձեր ներողամտությունը»։ Իհարկե, Փաշինյանը Տեր-Պետրոսյանից երկինք-երկիր հեռավորության վրա է, բայց տարեմուտին Փաշինյանին մաղթենք, որ տերպետրոսյանական նշաձողն աչքի առջեւ դրված՝ հրաժեշտի տեքստ գրի, որպեսզի Սանոսյան, Քյարամյան, Ղազարյանի նման՝ վերջին քայլն էլ խայտառակություն չլինի։