Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքն ու Աղավնո, Սուս գյուղերը մի քանի օրից կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բերձորում այս պահին տիրող իրավիճակի մասին զրուցել ենք Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ։
-Պարոն Ալեքսանյան, մի քանի օր է մնացել, որ Բերձորը հանձնվի թշնամուն։ Քանի՞ ընտանիք է լքել քաղաքը մինչ այս պահը։
- Վիճակը ընդհանուր առմամբ նորմալ է։ Բնակիչների հիմնական մասն արդեն իսկ դուրս է եկել Բերձորից։ Այս պահին երևի թե մի քսան հոգի մարդ կա՝ մեր հետ միասին, որպես այդպիսին՝ 3-4 ընտանիք։
- Իսկ այդ ընտանիքները ե՞րբ են դուրս գալու։
- Մի մասն այսօր դուրս կգա, մյուս մասը՝ վաղը։
- Գյուղում հոսանք կա՞։
- Հոսանք մասամբ կա։
- Սննդի խնդիր ունե՞ն Բերձորում մնացած բնակիչները։
- Այդ ընտանիքներից մեկ- երկուսը խանութի տերեր են, որոնց խանութներն այս պահին գործում են։ Քիչ ապրանքաքանակով, բայց ընդհանուր առմամբ սննդի խնդիր չունենք։
-Մարդիկ կարողացե՞լ են իրենց ունեցվածքը դուրս բերել։
-Հիմնականում, այո։
-Իսկ բեռնափոխադրումները, վերջ ի վերջո, ո՞վ իրականացրեց՝ կառավարությո՞ւնը, թե՞ մարդիկ իրենց ֆինանսներով ու միջոցներով գտան բեռնափոխադրողներ։
- Բեռնափոխադրումները, որպես այդպիսին, տարբեր կազմակերպություններ, կառույցներ, պետության հովանավորությամբ նաև՝ տրանսպորտային միջոցներ տրամադրվեցին։ Ընդհանուր առմամբ տարհանման հետ կապված պետական, կառավարության անմիջական աջակցությունն է եղել՝ գումարի և վառելիքի տեսքով։
- Բերձորից դուրս եկած քաղաքացիները որտե՞ղ են այս պահին գտնվում։
- 10 անձ՝ երեք ընտանիք Ստեփանակերտում և Արցախի այլ վայրերում, մնացածը Հայաստանում։
- Վարձակալման հիմունքներո՞վ են բնակիչները գտնվում Արցախում և Հայաստանում։
-Արցախում հյուրանոցում են տեղավորված՝ մինչև բնակարանները պատրաստ կլինի։ Իսկ Հայաստանում՝ վարձակալությամբ։
- Արցախում վարձակալությամբ գտնվողներին բնակարանները հենց Արցախո՞ւմ են տրամադրվելու։
- Այո։
-Իսկ Հայաստան տեղափոխված բերձորցիները որտեղ են տեղավորվել՝ Հայաստանի ո՞ր մարզերում։
-Տարբեր՝ Սյունիքից մինչև Շիրակի մարզ։
-Իսկ Հայաստանում վարձակալման խնդիրները իրենք՝ բնակիչնե՞րն են հոգալու։
-Այո, իրենց միջոցներով են վարձակալել բնակարաններ։ Մենք ունենք հուլիսի 1-ից ուժի մեջ մտած կառավարության որոշում, ըստ որի՝ ընտանիքի յուրաքանչյուր անձ ստանալու է 40 հազարական դրամ։
- Իսկ բնակարանները ե՞րբ պատրաստ կլինեն։
- Բնակարանային աջակցության այս ծրագիրը, որը լինելու է սերտիֆիկատի տեսքով, այս պահին մեր կողմից բոլոր պահանջվող փաստաթղթավորումներն արված են։ Մնում է Հայաստանի սոցապնախարարությունից սերտիֆիկատների տրամադրումը լինի։ Դա կոնկրետ չեմ կարող ասել՝ երբ կլինի։ Դա վերաբերում է ոչ միայն այս ընթացքում տարհանված, տեղահանված բնակիչներին, այլ՝ ամբողջ Քաշաթաղի շրջանին՝ սկսած դեկտեմբերի 1-ից տարհանվածներին։